Տրագեդիա իշխանական խմբակցությունում. սխալ հաշվարկների արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում կրքերը կրկին թեժացան այն բանից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի ներկայացրած օրենքի նախագիծը չընդունվեց, որով առաջարկվում էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ մասնակցի Անվտանգության խորհրդի նիստերին:

Քվեարկության արդյունքները կրկին կռիվ գցեցին իշխանական խմբակցությունում, ու կրկին իմքայլական Հակոբ Սիմիդյանը վրդովվեց, ԱԺ դահլիճից դուրս եկավ` բացակա պատգամավորների ցուցակը ձեռքին, որոնցից փորձում էր օրվա ընթացքում պարզել, թե ինչու չմասնակցեցին քվեարկությանը:

Զարմանալին այն էր, որ կառավարությունը, չնայած դրական եզրակացություն էր տվել նախագծին, բայց վերջում կարծիք էր հայտնել, որ ԱԽ-ն պետք է կազմված լինի գործադիրի անդամներից:

Հիշեցնենք, որ այժմ Անվտանգության խորհուրդը հետեւյալ կազմն ունի` ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, ՀՀ ՊՆախարար Դավիթ Տոնոյան, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյան:

Եւ խորհրդարանականները, համարելով, որ ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, փաստորեն, առաջարկում էին նաեւ ԱԺ նախագահին ընդգրկել խորհրդի կազմում: Բայց, կարծես թե, իշխանական խմբակցությունը լավ հաշվարկ չէր արել ընդդիմադիր խմբակցությունների քվեները հաշվարկելիս, եւ վերջին պահին հայտնվեցին անելանելի վիճակում: Իշխանական խմբակցությունը տապալեց քվերակությունը իր անհեռատես հաշվարկների պատճառով:

Նախագծի քվեարկության արդյունքներով պարզ դարձավ, որ 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չընդունվեց: Քվեարկվող նախագծերից մեկը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդի կողմ քվեարկություն` 81 ձայն: Իշխանական խմբակցության համար անակնկալ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ հայտարարեց, որ դեմ է քվեարկելու, ինչի արդյունքում էլ նախագիծը չընդունվեց:

Քվեարկությունից հետո Աժ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում հավաք էր տեղի ունեցել, որտեղ քննարկվել էր թե ինչն էր այս «տապալման» պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը հայտարարեցին, թե պատճառը իրենց խմբակցության պատգամավորների գործուղումներն են, ու պետք չի «տրագեդիա» սարքել այդ ամենից: Ակնհայտ էր, որ «տրագեդիան» տիրում էր իշխանական խմբակցությունում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս