Մարդիկ աշխատել են միանգամից մի քանի տեղերում. Հաշվեքննիչ պալատի բացահայտումները` դեղատներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հաշվեքննիչ պալատը սկսել է հրապարակել նախորդ տարվա ընթացքում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Պալատն անցած տարվա հուլիսի 6-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը ուսումնասիրել է ՀՀ առողջապահության նախարարության դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացը: Նշենք, որ դեղատնային գործունեության լիցենզիաները տրամադրվում են Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականին կասեցվել են 4 կազմակերպությունների լիցենզիաներ, որոնցից 3-ը` իրենց դիմումների համաձայն, 1-ը` վարչական վարույթի արդյունքում: Իսկ անցած տարի կասեցվել են 4 կազմակերպությունների լիցենզիաներ` կրկին իրենց դիմումների համաձայն:
Հաշվեքննիչ պալատը, ուսումնասիրելով լիցենզավորման գործերը, պարզել է, որ 410 լիցենզառուներից 159-ը չեն ներկայացրել աշխատակիցների մասին տվյալներ: Ասել է թե` այդ 159 լիցենզառուները դեղատնային գործունեություն չեն իրականացրել: Սակայն ՊԵԿ-ի համապատասխան տեղեկատվական համակարգի համադրումից պարզվել է, որ այդ ընկերությունները աշխատում են եւ իրականացնում դեղատնային գործունեություն: Ըստ հաշվեքննիչ պալատի` դրական եզրակացություն է տրվել եւ լիցենզիա տրամադրվել այն դեպքում, երբ ընկերությունը չի համապատասխանել լիցենզավորման պայմաններին եւ երկու անգամ էլ ստացել է բացասական եզրակացություն:

Պարզվում է՝ ամենամտահոգիչ եւ տարածված խախտումը դեղատներում աշխատող մասնագետներին է վերաբերում. փաթեթում ներկայացնում են այլ մասնագետի, ստուգման ժամանակ բացահայտվում է, որ աշխատում է ոչ մասնագետ մարդ:

Դեղատնային գործունեությամբ զբաղվելու լիցենզիա տալու համար կարող է իրականացվել ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 29.02.2002թ. թիվ 867-Ն որոշմամբ հաստատված Լիցենզավորման կարգի 5-րդ կետով սահմանվել է, որ «Դեղատնային գործունեության իրականացման դեպքում աշխատանքն իրականացնող համապատասխան մասնագետների գործունեության համար պահանջվում է մասնագիտական որակավորման ստուգում, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»:

Սակայն հաշվեքննիչ պալատը պարզել է, որ Առողջապահության նախարարությունը 15.01.2013-01.11.2018թթ. ընթացքում լիցենզավորման գործընթացներն իրականացրել է` անտեսելով եւ չկատարելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 2-րդ կետի (որակավորման պահանջի մասով), 13 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաեւ 14-րդ հոդվածի պահանջները: Ավելին` նշված ժամանակաշրջանում Առողջապահության նախարարության կողմից չի կատարվել նաեւ ՀՀ կառավարության 29.02.2002 թիվ 867-Ն որոշմամբ հաստատված Լիցենզավորման կարգի 5-րդ կետի պահանջը: Ասել է թե` Առողջապահության նախարարությունը 01.01.2017-01.11.2018թթ. ժամանակահատվածում դեղատնային գործունեության տեսակի լիցենզավորման գործընթացներն իրականացրել է ՀՀ օրենսդրության պահանջներին ոչ համապատասխան, որի հետեւանքով չի իրականացրել ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգումները:

Հաշվեքննությամբ պարզվել են նաեւ դեպքեր, երբ փաստաթղթերով որպես վարձու աշխատակից ներկայացրած անձինք միաժամանակ աշխատել են տարբեր կազմակերպություններում համապատասխան աշխատավարձերով եւ միեւնույն ժամային գրաֆիկներով: Սակայն ըստ ՊԵԿ տեղեկատվական համակարգի` տվյալ անձինք այդ աշխատանքային պայմանագրերով ընդհանրապես չեն աշխատել, աշխատել են բոլորովին այլ կազմակերպություններում: Անգամ եղել են դեպքեր, երբ միեւնույն անձանց վերաբերող աշխատանքային պայմանագրերում ստորագրություններն էապես տարբերվում են միմյանցից, իսկ նշված հեռախոսահամարները գոյություն չունեն:

Նաեւ պարզվել են դեպքեր, երբ որոշ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցներ կնքել են աշխատանքային պայմանագրեր անձանց հետ, սակայն ներկայացրել են այլ անձանց դիպլոմների տվյալներ: Եւ զարմանալի չէ, քանի որ հայաստանյան դեղատներում հաճախ աշխատում են ոչ մասնագետներ: Իսկ դա լուրջ խնդիր է, որովհետեւ մեր հասարակությունը սովոր է ինքնաբուժման, խորհրդատվություն է անցնում դեղատան ոչ մասնագետ աշխատողի մոտ:

Բացի այս, հաշվեքննիչ պալատը պարզել է դեպքեր, երբ որակավորում ունեցող անձը դուրս է եկել աշխատանքից, իսկ անհատ ձեռնարկատերը կամ կազմակերպության ղեկավարը այդ մասին չի տեղեկացրել լիցենզավորող մարմնին: Մինչդեռ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել այն դեպքում, եթե նման փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չեն հայտնում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս