ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ծննդի գրանցման համար ինչ է պետք: Ի՞նչ ընթացակարգ է ենթադրում այն:
Սուսաննա Հարությունյան (29 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնենք, որ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը եւ մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ` նրանցից որեւէ մեկի դիմումի հիման վրա: Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հայրանունը գրառվում է հոր անվամբ: Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են`
ա) հայրության որոշման ակտի գրառման հիման վրա,
բ) երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Այս դեպքում երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը եւ նրա հայրանունը` մոր ցուցումով:
Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները: Երեխայի ծնունդը գրանցելու համար գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում։
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեկ տարեկան եւ ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձեւի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա: