Գագիկ Հարությունյանը հակադրվում է վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հակասությունները գնալով ավելի բացահայտ բնույթ են ստանում:

Երեկ Հարությունյանը, ՀՀ-ում անցումային արդարադատությանը վերաբերող հարցին ի պատասխան, նշել է – «Անցումային արդարադատության վերաբերյալ դուք՝ լրագրողներդ, մեղք չունեք, որ պատկերացում չունեք այդ երեւույթի մասին: Նույնիսկ իրավաբանները պատկերացում չունեն: Ես հիմա չգիտեմ, թե այն, ինչի մասին խոսում են, դա ինչ է: Ես ուսումնասիրել եմ ամբողջ աշխարհի փորձը, գիտեմ դրա հազար տարբեր դրսեւորումներ, բայց թե ինչ է մեզ մոտ նախատեսվում կամ ծրագրվում, կամ այդ ինչ խմբեր են աշխատում, ես տեղեկություն չունեմ»:

Փոխանցելով, որ ԲԴԽ-ն այդ խմբերի աշխատանքին չի մասնակցում` Հարությունյանն ասաց. «Մենք նման մասնակցություն չունենք, բայց ամբողջ արդարադատության լուրջ, հիմնավոր բարեփոխումների վերաբերյալ մենք մշակեցինք արդյունավետ արդարադատության մի հայեցակարգ, մեր կայքում տեղադրված է: Հիմա, դրանից ելնելով, ռազմավարական զարգացման ուղղություններն ենք մշակում: Թե որքան կհամընկնի հնարավոր այդ տարբեր մշակումների հետ, ես դժվարանում եմ ասել»:
Այս խոսքերով Գագիկ Հարությունյանը, ըստ էության, հակադրվում է գործող իշխանություններին` մասնավորապես վարչապետ Փաշինյանին: Նախ՝ անցումային արդարադատության թեզի մասին թավշյա հեղափոխությունից հետո հայտարարեց ե՛ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ «Հայ ազգային կոնգրեսն» իր հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին` Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց կարեւոր համարեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտությունը։
Հիմա ԲԴԽ նախագահը ակնարկում է, որ ներկայիս իշխանությունները չեն հասկանում անցումային արդարադատություն ասվածի էությունը։ Գագիկ Հարությունյանի խոսքից նաեւ ակնհայտ է, որ եթե նույնիսկ ներկայիս իշխանությունները անցումային արդարադատության հետ կապված ինչ-որ քննարկումներ են ծավալում, ապա դա տեղի է ունենում այնպիսի խմբում, որում ԲԴԽ նախագահը չկա։ Կարելի է ենթադրել, որ սա նեղացվածության դրսեւորում է Գագիկ Հարությունյանի կողմից:

Լուսինե Մինասյան




Լրահոս