Ռեւանշի սպասումով. ինչպես Ջոկովիչը ջախջախեց Նադալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

27.01.2019 Ավստրալիա, Մելբուռն, «Ռոդ Լեյվեր Արենա». կայացավ Մեծ Սաղավարտի տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ էին դուրս եկել Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը:
«Ռոդ Լեյվեր Արենան» անշլագ էր, բոլորը եկել էին վայելելու աշխարհի լավագույն ռակետների պայքարը` հիշողության մեջ պահելով 2012-ի Ավստրալիայի Բաց առաջնության 6 ժամանոց եզրափակիչը, որտեղ չեմպիոն հռչակվեց սերբ հսկան՝ Նովակ Ջոկովիչը:
Այս խաղը թենիսի «Էվերեստում» կանգնածների 25-րդ բախումն էր եզրափակիչներում, որտեղ 2 ժամ 6 րոպե տեւած պայքարում 6-3,6-2,6-3 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Նովակ Ջոկովիչը՝ նվաճելով իր 7-րդ տիտղոսը Australian Open-ում:
Ռաֆա Նադալը, որը մինչ եզրափակիչ չէր պարտվել նույնիսկ մեկ սեթ, անվստահ տեսք ուներ. իսպանացին չկարողացավ հաղթել Ջոկովիչին ոչ մի սեթում եւ ընդհանուր 3-0 հաշվով խայտառակ պարտություն կրեց: Սա «Գրունտի» 15-րդ պարտությունն էր եզրափակիչներում Նովակ Ջոկովիչից:

Ռաֆան պարտվեց այս եզրափակչում` ցույց տալով անփառունակ խաղ, սակայն արդարության համար պետք է նշել, որ կապույտ կորտում Ջոկովիչը հազվադեպ է զիջում մրցակիցներին: Հարդը սերբի պաշտելի կորտն է, եւ նա չէր կարող բաց թողնել գլխավոր մրցակցին հերթական անգամ ցավ պատճառելու հնարավորությունը:
Ջոկովիչը Նադալի նկատմամբ տարավ 28-րդ հաղթանակը, սահմանեց մի շարք ռեկորդներ եւ ամրապնդվեց ATP-ի վարկանիշային առաջին հորիզոնականում:

Նովակի գրանցած ռեկորդները

Նովակը դարձավ Ավստրալիայի առաջնության առաջին 7-ակի չեմպիոնը: Մինչ այս Ջոկովիչը 6-ակի հաղթողի կոչումը կիսում էր Ռոջեր Ֆեդերերի եւ Ռոյ Էմերսոնի հետ:
Հարդի արքան, նվաճելով 15-րդ տիտղոսը GrandSlam-ի մրցաշարերում, գերազանցեց Պիտ Սամպրասի ցուցանիշը: Այժմ սերբ թենիսիստն ունի 15 տիտղոս: Նրանից առաջ գտնվում է Նադալը 17 տիտղոսով եւ բացարձակ ռեկորդակիր Ռոջեր Ֆեդերերը՝ 20 տիտղոսով:
Չնայած որ խաղը լուրջ պայքարում չանցավ, իսկ Նադալը չտպավորեց, միեւնույն է, իսպանացին չի ընկճվել եւ խոստանում է նոր ձեռքբերումներ ունենալ;

Հետխաղյա ասուլիսի ժամանակ Նադալը մի գլուխ գովել է Ջոկովիչին` ասելով, որ մրցակիցը փառահեղ հանդիպում անցկացրեց եւ արժանի հաղթանակ տոնեց:
«Նոր եմ ապաքինվել վնասվածքից եւ արդեն պատրաստ եմ նոր նվաճումների հասնելու, իսկ ինչ վերաբերում է Ջոկովիչին, ապա կասեմ, որ նա ֆանտաստիկ էր»…
Այսպիսով, Ջոկովիչը հաղթեց Նադալին, դարձավ չեմպիոն, բայց այս դիմակայությունը այսքանով իհարկե չի սահմանափակվի. Նադալը սպասում է եւս մեկ առճակատման Նովակի հետ, որը կարող է լինել Ֆրանսիայի առաջնության` «Ռոլան Գարոսի» շրջանակներում, որտեղ արդեն խաղի կանոններ թելադրողը Ռաֆա Նադալն է:

Էդմոն մարտիրոսյան




Լրահոս