Չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցադրմանը, որ վերջերս սկսել է շրջանառվել այսպես կոչված «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը, ՀՀ վարչապետը պատասխանեց.

«Մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»:

Փաշինյանը նկատեց, որ ներկայիս կառավարությունը ԼՂ կարգավորման հարցում վարում է քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել:

«Որևէ զուգահեռ տանելը և նախկինում վարած քաղաքականության հետ ընդհանրություն գտնելու փորձերը կատարյալ մոլորություն են»,-վստահեցրեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից բանակցությունները վերսկսելու ու նոր թափ հաղորդելու նախաձեռնություն կա, Փաշինյանն ասաց. «Այս հարցը գտնվում է արտգործնախարարների քննարկման օրակարգում»:




Լրահոս