Հարց քաղաքացիներից` միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ե՞րբ կարելի է դիմել սոցիալական բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասել` միանվագ հրատապ օգնություն ստանալու համար երբ կարելի է դիմել սոցիալական բաժին եւ երբ է անհրաժեշտ դիմել:

Նվարդ Մելքոնյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Ն․ Մելքոնյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

Երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի` հանրակրթական դպրոց կամ վարժարան տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք, եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Նշենք, որ պետության կողմից տրամադրվում է նաեւ եռամսյակային հրատապ օգնություն, որը նշանակվում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով եւ վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս