Դավիթ Անանյան. «արժանապատիվ աշխատավարձով» ապրող չինովնիկը. Երբ ֆինանսները երգում են ռոմանսներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական պաշտոնյաների տարեվերջյան ճոխ պարգեւատրումների փաստին հանրության մեծամասնությունը խորը վրդովմունքով ու հիասթափությամբ արձագանքեց։ Այդ թեմայով վերջին օրերի լրատվական սկանդալի կիզակետում, ինչպես հայտնի է, հայտնվեցին ոչ միայն մարզպետներից մի քանիսը, այլեւ Պետեկամուտների կոմիտեն։
Ըստ տեղեկատվական արտահոսքի` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, փոխնախագահն ու աշխատակազմի մի քանի պաշտոնյա յոթանիշ թվերով պարգեւավճարներ ու հավելավճարներ են ստացել։

ՊԵԿ նախագահն ու նրա լրատվական ծառայությունը փորձեցին մեղմել բարձրացված աղմուկն ու հերքում տարածեցին՝ պնդելով, թե ՊԵԿ-ում այդպիսի աստղաբաշխական պարգեւավճարներ չկան, եւ ամենաբարձր պարգեւավճարը կազմել է 1,5 մլն դրամ։ Թե ստույգ որքան պարգեւավճար է ստացել Անանյանը անցած տարեվերջին, այդպես էլ պարզ չդարձավ նրա պարզաբանումից, փոխարենը ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացված նրա հայտարարագրից պարզ է դառնում եկամտի այն չափը, որը ՊԵԿ նախագահը հայտարարագրել է երկու աղբյուրից ստացված աշխատավարձի կամ դրան հավասարեցված վճարի տեսքով՝ ընդհանուր մոտ 23 մլն 291 հազար դրամ: Սոցցանցերը անցած մի քանի օրերին ուղղակի «խժռում» էին ՊԵԿ նախագահին, ընդհուպ «անեծք ու նալլաթ» տեղում նրա եւ մյուս ՊԵԿ-ականների հասցեին՝ եզրակացնելով` փաստորեն, մի երկրում, որտեղ մոտ 30 տոկոսանոց աղքատություն է, ցածր կենսաթոշակներ ու նպաստներ, շարքային քաղաքացիները ձգում են գոտիներն ու զրկանքներ կրում, ՊԵԿ-ում «մին զարկում, միլիոն են կտրում…»:

Ի դեպ, այս «դելիկատ» հարցով օրերս Անանյանը կանչվել էր ԱԺ եւ «Իմ քայլը» խմբակցության հետ «աշխատանքային քննարկման» ժամանակ բացատրել՝ ինչպես է գոյացել իր փայ միլիոնը. օրենքի տառին եւ ոգուն համապատասխան: Քննարկումից հետո լրագրողների հարցին՝ որքան է, ի վերջո, կազմել իր պագեւավճարը, Անանյանը այդպես էլ ստույգ թիվ չնշեց, սակայն շատերին շոկի ենթարկած պատասխան տվեց․«4.8 միլիոն Ֆիննախից եմ ստացել, 18.5 միլիոն՝ ՊԵԿ-ից: 4.8-ը ստացել եմ 4.5 ամսվա համար, 18.5-ը՝ 7.5 ամսվա համար: Իմ եկամուտները 2.3 միլիոնը չեն գերազանցել: ՊԵԿ-ից 8 ամսում իմ պարգեւատրումների գումարը 14 միլիոն է եղել»:

Ի դեպ, մի քանի ամիս առաջ՝ հոկտեմբերին, իր հարցազրույցներից մեկում ՊԵԿ նախագահը արծարծել էր պաշտոնյաների աշխատավարձերի թեման եւ անկեղծացել, թե նախկինում՝ 90-ականներին, պետական ծառայողը արժանապատիվ չէր վարձատրվում, որպեսզի հոգար իր ծախսերը, իսկ այժմ աշխատավարձը բավականացնում է բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Նա նշել էր, որ իր աշխատավարձն ու հավելավճարը, որը ստանում է արտաբյուջետային միջոցներից, քիչ չեն. «Իմ աշխատավարձը, բնականաբար, համեմատաբար ավելի բարձր է։ Եթե աշխատավարձիս գումարեմ այն հավելավճարը, որը հարկային մյուս ծառայողների հետ ես էլ եմ ստանում, ապա կարող եմ ասել, որ բավականին բարձր աշխատավարձ եմ ստանում, որն ինձ բավականացնում է»,-ասել էր նա։ ՊԵԿ նախագահը «արժանապատիվ աշխատավարձի» մասին մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ է արել.

«Պետական այլ կառույցների համեմատ` ՊԵԿ-ում հնարավորությունները մի փոքր ավելի բարձր են։ Ունենք արտաբյուջետային ֆոնդ, որից հնարավորություն ունենք մի քիչ ավելի վարձատրություն տալ մեր աշխատակիցներին։ Կառավարության կազմում կան մարդիկ, որոնք ինձ հետ համաձայն չեն եւ կարծում են, որ պետական բոլոր ծառայողներն էլ խոցելի են եւ կարող են կոռուպցիոն ռիսկերի ենթարկվել, ուստի պետք է համահավասար վարձատրվեն։ Բայց ես կարծում եմ, որ ՊԵԿ-ը եթե ոչ բացառիկ, ապա բացառիկ կառույցներից մեկն է, որտեղ վարձատրության առումով պետության ուշադրությունը պետք է տարբերվող լինի։ Ռիսկը փարատելու միակ արդյունավետ միջոցը մարդկանց արժանապատիվ աշխատավարձ տալն է։ Իհարկե, ռիսկ միշտ կա, սակայն բարձր վարձատրության դեպքում այն նվազում է»,- «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է Անանյանը։ ՊԵԿ նախագահի արժանապատիվ աշխատավարձը, նշենք, 793 680 ՀՀ դրամ է (ներառյալ հարկերը)։

Ո՞վ էր Անանյանը մինչեւ հեղափոխությունը

Դավիթ Անանյանը, ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունից հետհեղափոխական կառավարություն տեղափոխված պաշտոնյաներից է: Մինչեւ ՊԵԿ ոտք դնելը նա շուրջ երկու տարի՝ 2016-2018 թթ․, զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ շուրջ 16 տարի աշխատել է մասնավոր սեկտորում: Անանյանը Ֆիննախը համեմատում է բանակի թիկունքի հետ, ՊԵԿ-ը` առաջնագծի: «Պետական ինչքը» «դասակարգային թշնամիների» ոտնձգությունից պաշտպանելու պատասխանատվության մեծ բեռը, փաստորեն, հեղափոխությունը դրեց Անանյանի ուսերին, որոնք, լիահույս ենք, բավարար չափով ամուր են կոռուպցիային ու չարաշահումների գայթակղությանը դիմադրելու առումով:

«Չինովնիկական թուլություններ», որոնցից, ցավոք, ապահովագրված չեն եղել ՊԵԿ նախկին ղեկավարներից շատերը: Ժողինստիտուտն ավարտած, 2004-ից տնտեսագիտության թեկնածու Անանյանն իր մասնագիտական գործունեությունը սկսել է դեռեւս 1993-ից: Նա Երեւանի խորհրդային տարածքային հարկային տեսչությունում պետական հարկային տեսուչի պաշտոնում աշխատելու, ինչպես նաեւ հաշվապահական ու խորհրդատվական աշխատանքի հարուստ փորձ է կուտակել, իսկ 2000թ․-ից մինչ 2016-ը աշխատել է օտարահունչ անվանումներով ՓԲԸ-ներում (2000-2006 թթ.` «Քեյ-Փի-Էմ-ՋիԱրմենիա»ՓԲԸ, 2006-2016թթ.` «Փի-Էյջ-ՓիՓարթնըրզ» ՓԲԸ) եւ տարբեր պաշտոններ զբաղեցրել։ 2018թ. ապրիլյան իրադարձությունները բախտորոշ եղան Անանյանի համար՝ նպաստելով նրա պաշտոնեական առաջխաղացմանը. ֆիննախում «երկրորդ պլանի դերակատարից» դարձավ ՊԵԿ գլխավոր դեմք՝ այդ պաշտոնում փոխարինելով «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից 2016-ին կառավարություն գործուղված Վարդան Հարությունյանին։ Վերջինիս աշխատանքից, ըստ լուրերի, գոհ էին թե՛ «ամենաբողոքական» բիզնեսմենները, եւ թե՛ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որ մտադիր էր շարունակել նրա հետ աշխատանքը արդեն վարչապետի կարգավիճակում: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Կարեն Կարապետյանի հրաժարականից ժամանակ անց ՊԵԿ նախագահի աթոռին հրաժեշտ տվեց նաեւ Հարությունյանը:

Հեղինե Մանուկյան




Լրահոս