ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ` ԸՆԴԱՄԵՆԸ ԱՆՁԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում մեկնարկել է ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովը, այն կընթանա մինչեւ հունվարի 24-ը: Ընդ որում, այն անցկացվում է Արցախի խորհրդարանի դահլիճում: Երեկ նաեւ արցախցի պաշտոնյաները՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ողջույնի խոսք էին հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՅԴ ընդհանուր ժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ: Իսկ քննարկվելու են ՀՅ Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշվի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները:
Նշենք, որ ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի` ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը: Չնայած որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով` ՀՅԴ ժողովների ժամանակ շատ ավելի կարեւոր են ռազմավարական եւ ազգային հարցերը, սակայն, ըստ էության, ամենաուշագրավն ու հետաքրքիրը լինելու է Բյուրոյի նոր կազմի ընտրությունը: ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանի խոսքով` թեկնածուները որոշվում են հենց տեղում, եւ այս ընդհանուր ժողովի անցկացման մեջ նա խորհուրդ է տալիս տարօրինակ ոչինչ չտեսնել: Սակայն դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շատ է բարձրաձայնվում կուսակցությունների կազմի փոփոխության եւ այդ թվում` ՀՅԴ-ի նորացման մասին: Բանն այն է, որ 2000 թվականից ի վեր Հայաստանում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Հրանտ Մարգարյանն է: Բացի նրանից Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ` Արմեն Ռուստամյան` քաղաքական ներկայացուցիչ, Կիրո Մանոյան եւ Սպարտակ Սեյրանյան: ՀՅԴ Բյուրոն ունի նաեւ 2-ական ներկայացուցիչ Լիբանանից (Բենիամին Պչաքճյան, Հակոբ Խաչերյան), ԱՄՆ-ից (Վիգեն Յակուբյան, Խաչիկ Մուրադյան) եւ մեկական` Իրանից (Վիգեն Բաղումյան), Ֆրանսիայից (Մուրադ Փափազյան) եւ Կանադայից (Հակոբ Տեր-Խաչատուրյան):
ՈՒ հիմա 1999թ. ի վեր առաջին անգամ ՀՅԴ-ն ընդհանուր ժողով է անցկացնում ԱԺ ընտրություններում պարտություն կրելուց հետո` լինելով արտախորհրդարանական ուժ: Ի վերջո, 1999 թվականից առ այսօր 2018 թվականի ընտրությունները միակն էին, որոնց արդյունքում ՀՅԴ-ն չհայտնվեց խորհրդարանում, եւ կատարվածը կուսակցության ներսում լրջագույն քննարկումների եւ լուրջ հարցերի տեղիք պետք է տա, միաժամանակ՝ առիթ լինի քննարկելու կուսակցության վերջին տարիների աշխատաոճը: Նախորդ տարիների խորհրդարանական ընտրությունների արդյունքները տեսնելով` փաստ է, որ ՀՅԴ-ի վարկանիշը գնալով ընկել է: 2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում կոալիցիայի մաս կազմող «Դաշնակցության» քվեների թիվը կազմել է 177 հազար 907: Այս ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանում ՀՅԴ-ն ուներ 16 պատգամավոր` կրկին բոլորը համամասնական ընտրակարգով: Իսկ ահա 2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած վերջին ԱԺ ընտրությունների արդյունքում կուսակցության քվեներն արդեն կազմեցին 85 հազար 544: Այս ընտրություններից հետո ՀՅԴ-ն մի կերպ կարողացավ խորհրդարան անցնել: Իսկ արդեն 2017 թվականին ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 048 ձայն եւ 7 պատգամավորով էր ներկայացել խորհրդարան, որից երեքը պատգամավոր էին վարկանիշային ընտրակարգով: Սրանից կարելի է ենթադրել, որ կուսակցության առաջ ծառացել է սերնդափոխության հարցը:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ կուսակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ չի առաջադրի իր թեկնածությունը: Առաջին հայացքից տպավորություն է, թե ՀՅԴ-ում արվում է սերնդափոխության ճանապարհին առաջին քայլը: Մանավանդ որ կուսակցության ներսում նրանից դժգոհություններ ունեին: Ըստ մեր հավաստի աղբյուրների` այս պաշտոնի համար իր թեկնածությունը կառաջադրի Արմեն Ռուստամյանը: Աղբյուրների հավաստմամբ` պատահական չէր Մարգարյանի կողմից Ռուստամյանին Բյուրո բերելը, որպեսզի «դե յուրե» նրան փոխանցի կուսակցության ղեկը: Բայց եւ Մարգարյանը շարունակելու է իր ազդեցությունը պահպանել` մնալով կուսակցության ստվերային ղեկավարը:
Ըստ էության, այս մասով պատահական չէր նաեւ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը. «Իմ որոշումը ո՛չ նահանջ է, որովհետեւ չեմ հեռանում աշխատանքներից ու մեր ընդհանուր պայքարից, ո՛չ պարտություն է, որովհետեւ չեմ պարտվել, ո՛չ հոգնածություն է, որովհետեւ իրավունք չունենք հոգնելու, այլ պարզապես մարտավարական ճկունություն է ու վե՛րջ»,-մասնավորապես ասել է նա: Այսինքն` սա ոչ թե սերնդափոխություն է, այլ անձերի փոփոխություն, ինքն էլ ընդամենը «մարտավարական ճկունություն» է ցուցաբերում՝ ժամանակավորապես «դե յուրե» մի կողմ քաշվելով:
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ «Դաշնակցությունում» շատ դժվարությամբ են տեղի ունենում թեկուզ ամենաչնչին փոփոխությունները: Բայց որ նույնիսկ խորհրդարանում չհայտնվելը դաս չեղավ այս կուսակցության համար, առնվազն զարմանալի է: Մյուս կողմից էլ` պետք է նշել, որ ՀՅԴ-ում չեն կարողանում գտնել մեկին, որը, որպես այդպիսին, կարող է զբաղեցնել Հրանտ Մարգարյանի տեղը, դրա համար էլ փոփոխությունը կրելու է ձեւական բնույթ:
Մի ուշագրավ բան եւս. ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը չի ցանկացել մանրամասնել, թե ՀՅԴ-ի արտերկրի կառույցներն ինչպես են գնահատում ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց պարտությունը: Սրանից, թերեւս, կարելի է ենթադրել, որ ՀՅԴ արտերկրի կոմիտեները ինչ-որ առումով դժգոհեն տեղի ունեցածից: Ըստ մեր տեղեկությունների` որոշ ժամանակ առաջ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հավակնել են կուսակցության Արեւմտյան կոմիտեի ներկայացուցիչները: Բայց ՀՅԴ հայաստանյան թեւի համար, ըստ էության, սա անթույլատրելի է դիտվել, որովհետեւ ՀՅԴ-ն չի կարողանա հանդուրժել կուսակցություն ներխուժող պրոարեւմտյան տրամադրությունները: Ավելին` տեւական ժամանակ ՀՅԴ արեւմտյան կոմիտեների ներկայացուցիչները դժգոհ են եղել հայաստանյան կառույցի գործունեությունից, երբ Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակ նրանք կոալիցիա կնքեցին: Ըստ մեր տեղեկությունների` ՀՅԴ պարսկահայ թեւը, լիբանանյան թեւը, որը համարվում է ՀՅԴ-ի ողնաշարը, որոշել են բռնել Հրանտ Մարգարյանի հովանավորյալի` այսինքն այս պարագայում Արմեն Ռուստամյանի կողմը:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ԳՈՆԵ 100 ՕՐ ՍՊԱՍԵՆ
«Դաշնակցության» ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը փորձել է իրենց վերագրել թավշյա հեղափոխությունը` միաժամանակ նշելով. «Նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը»։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Հովիկ Աղազարյանին: «Նման հայտարարություն անելը տարբեր պատճառներ կարող է ունենալ։ Մի պատճառը կարող է լինել այն, որ իրենք իսկապես էդպես են մտածում, բայց այդ պարագայում շուտ էր նման կարծիք հրապարակելու համար, որովհետեւ ամբողջ աշխարհում ընդունված տարբերակ է, որ պետք է գոնե 100 օր սպասեն, նոր նման բան ասեն։ Մյուս տարբերակը կարող է լինել այն, որ այն արդյունքները, որոնք գրանցեց «Դաշնակցությունը» ընտրությունների ժամանակ, ինչի պատասխանատուն էր նաեւ «Դաշնակցության» ղեկավարությունը, փորձում են նման բաներ ասելով` մեղմացնել իրենց վիճակը»,-ասաց պատգամավորը։
Հետաքրքրվեցինք` «Դաշնակցությանը» տեսնո՞ւմ է արտախորհրդարանական ընդդիմության դերում, արդյոք նրանք կարո՞ղ են հակազդել ներկա իշխանություններին, քանի որ Մարգարյանը խոսել է հաջորդ ընտրություններին «իշխանությանը տուն ճամփելու» մասին: ««Դաշնակցությունը» կլինի ԱԺ-ում, թե չի լինի, դրանից որպես ընդդիմադիր որեւէ փոփոխություն չի լինի իրենց մոտ, որովհետեւ ՀՅԴ-ն միշտ կարող է ազդել քաղաքական դաշտի վրա։ ՀՅԴ-ն պատմություն ունեցող կուսակցություն է, եւ նույնիսկ արտախորհրդարանում կարող է օգտագործել իր հնարավորությունները եւ այս կամ այն խնդրի վրա որոշակի ազդեցություն ունենալ»,- նշեց պարոն Աղազարյանը: Հիշեցնենք, որ նախկինում՝ մինչեւ 1999թ., Աղազարյանը եղել է ՀՅԴ անդամ, առաջին գումարման ԳԽ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար:

 

 

 

ՀՐԱՀԱՆԳՎԱԾ Է ԼՈՒՌ ՄՆԱԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ պատգամավորներին հստակ հրահանգվել է ամեն գնով զերծ մնալ հրապարակային վիրավորանքներին արձագանքելուց։ Այլ կերպ ասած` նրանց հստակ ասվել է, որ որեւէ կերպ՝ լինի հարցազրույցի, հայտարարության, սոցիալական ցանցերում գրառման տեսքով, միեւնույն է, պետք է պահպանել սառնասրտություն ու չպետք է արձագանքել իրենց հասցեին հնչած վիրավորանքներին: Այս հրահանգն իջեցվել է իշխանության ներկայացուցիչներից մի քանիսի հետ կապված պատմություններից հետո։ Տեղեկությունը ճշտելու նպատակով զրուցեցինք ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանի հետ, սակայն նա փոխանցեց, թե նման հրահանգի մասին ինքը տեղյակ չէ։

 

 

ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է
Հունվարի 21-27-ը Ստրասբուրգում կմեկնարկեն Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Եվ քանի որ մի քանի օր անց արդեն պետք է Հայաստանից ներկայացուցիչներ մեկնեն, պատվիրակության կազմն ավելի վաղ է կազմվել։ Ըստ այդմ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար կլինի Ռուբեն Ռուբինյանը, ով նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածուն է, Հովհաննես Իգիթյանը, ով նախկինում այդ պատվիրակության ղեկավարն է եղել։ Իշխող ուժից պատվիրակության կազմում կլինեն նաեւ պատգամավորներ Սոս Ավետիսյանը եւ Տաթեւիկ Հայրապետյանը, ով ադրբեջանագետ է։ ԲՀԿ-ից հիմնական կազմում կլինի Նաիրա Զոհրաբյանը, փոխարինող անդամ` Միքայել Մելքումյանը։ Իսկ ԼՀԿ-ից ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում կընդգրկվի Էդմոն Մարուքյանը։

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հակակարկտային համակարգերի գործունեությանը, հակակարկտային ցանցերի տեղակայմանը, սերմացուի, պարարտանյութերի, ոռոգման ջրի ապահովմանը, բույսերի հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարին, մթերումների եւ արտահանումների կազմակերպմանը: Զեկույցներով հանդես են եկել պատկան գերատեսչությունների ղեկավարները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատասխանատուների խնդիրն է կառավարության, գյուղացու, մթերողի համար մաքսիմալ կանխատեսելի դարձնել գյուղատնտեսական տարին, որպեսզի յուրաքանչյուրն իր անելիքներն իմանա: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը ոռոգման սեզոնին լավագույնս պատրաստ լինելու եւ ջրամատակարարումը կանոնավոր կազմակերպելու նպատակով:

 

 

ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ
Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներին. այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. «Հիմա մեր հերթն է եռակողմ այդ գագաթնաժողովը հյուրընկալելու, մենք նախապատրաստվում ենք, եւ վստահեցնում եմ, որ հանդիպումը կկայանա»: Երեք երկրների նախագահները եռակողմ գագաթնաժողովների այս շարքը սկսել են 2016-ից համագործակցությունը խորացնելու, տարածաշրջանային հարցերը քննարկելու համար:




Լրահոս