«ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՍՑՆԻ՞ ԳՈՆԵ ԸՆԹԵՐՑԵԼ ՆԱՄԱԿՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն է: Մենք անդրադարձել ենք թատրոնի շենքի չարչրկված խնդրին, նոր մշակվող «Թատրոնի մասին» օրենքին եւ ՀՀ մշակույթի նախարարության լուծարման թեմաներին: Պարոն Դադասյանը տեղեկացրել է, որ թատրոնի շենքի ընտրությունը կատարվել է, այն իր սրտով է: Ինչ վերաբերում է նախարարության լուծարմանը, գեղղեկավարը չի պատկերացնում, թե ինչպես պետք է գերատեսչությունների միավորման արդյունքում նոր ստեղծվելիք կառույցը հսկայական ծանրաբեռնվածությամբ աշխատի:

-Պարո՛ն Դադասյան, տարիներ շարունակ բարձրաձայնել եք Մնջախաղի թատրոնի շենքի խնդրի մասին, քանի որ զրկված եք եղել շենքային պայմաններից, վարձակալել եք Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը: Արմեն Ամիրյանի օրոք Ձեզ արդեն առաջարկվել էր տարածք, իսկ երբ թավշյա հեղափոխությունից հետո նախարարը փոխվեց, Ձեզ առաջարկվեցին այլ տարածքներ, որոնք Ձեր սրտով չէին: Բայց, որքանով տեղյակ եմ, այնուամենայնիվ, հնարավոր է եղել ընդհանուր հայտարարի գալ, այդպե՞ս է:
-Այո՛, առաջարկվել է Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքը, որը նախկինում եղել է զինկոմիսարիատ: Այս տարբերակն, անշուշտ, իմ սրտով է եւ մի քանի անգամ ավելի լավն է, քան առաջարկվող նախորդ տարբերակը: Բայց պետք է հասկանալ, որ եթե անգամ համապատասխան հրաման լինի, մենք միանգամից չենք հայտնվելու այդ շենքում: Այն դեռ պետք է վերանորոգվի, մի շարք խնդիրներ պետք է քայլ առ քայլ լուծվեն: Արդեն նախկին նախարար Լիլիթ Մակունցը փոխնախարարի հետ ներկայացել էին Մոսկովյան 5, ինձ հարցրին՝ արդյոք հարմա՞ր տարբերակ է, ես էլ տվել եմ իմ համաձայնությունը:
-Ինչպես գիտեք, «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը մշակման փուլում է: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հիմնական դրույթներ պետք է հաշվի առնել այս գործընթացում:
-Պետք է օրենք, որը կթեթեւացնի թատրոնի կառավարման գործընթացը: «Թատրոնի մասին» օրենքը քննարկելիս ավելի շատ խոսվում է նոր հնարավորությունների, ժամանակակից միտումների ներմուծման, թատրոնի կյանքում երիտասարդների ընդգրկման եւ այլ թեմաների մասին, բայց, հավատացե՛ք, օրինակ՝ Մնջախաղի թատրոնում նման խնդիրներ առկա չեն: Մեզ համար կարեւոր է, որ օրենքում անդրադարձ կատարվի ադմինիստրատիվ հարցերին, որոնք հնարավորինս քիչ կաշկանդեն ստեղծագործական պրոցեսը:
-Այս տարի Ձեր հանդիսատեսին ի՞նչ նորություններ կմատուցեք: Գիտենք, որ ունեք նոր ներկայացում, որի երաժշտությունը գրում է Արամոն:
-Այո՛, սպասում ենք դրա հաստատմանը, որ հետո ներկայացնենք հանդիսատեսի դատին: Մեր թատրոնում նոր նախագիծ ենք սկսում՝ «Թատրոն` ափի մեջ», որի շրջանակում մեր փորձասենյակում կցուցադրենք իմպրովիզացիոն ներկայացում փոքրաթիվ հանդիսատեսի՝ ընդամենը քսան հոգու համար:
-ՀՀ կառավարության կառուցվածքի վերաձեւավորման արդյունքում նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Նախատեսվում է, որ Մշակույթի, Սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն Կրթության եւ գիտության նախարարությանը։ Նշվում է, որ ՀՀ մշակույթի նախարարության վերակազմակերպումը նպաստելու է «պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը»: Ի՞նչ եք կարծում, եթե այս նախաձեռնությունը հաստատվի, այն կնպաստի՞ համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
-Մի պարզ բան ասեմ. Մշակույթի նախարարությունն իր ենթակայության ներքո ունի շուրջ 70 ՊՈԱԿ, պատկերացրեք՝ շաբաթը երկու անգամ այդ ՊՈԱԿ-ների տնօրենները նամակ գրեն նախարարին, մի այդքան նամակ էլ, օրինակ՝ դպրոցների տնօրենները գրեն: Նախարարը կհասցնի՞ դրանք ընթերցել եւ դրանց ընթացք տալ: Կարծում եմ՝ միավորման արդյունքում ստեղծվելիք կառույցը ծանրաբեռնվելու է: Արդյոք ֆիզիկապես հնարավո՞ր է լինելու կարգավորել աշխատանքները: Ես դեռ միայն թղթային մասով եմ դիտարկում հարցը: Չեմ պատկերացնում՝ ընդհանուր աշխատանքներն ինչպես են տարվելու. ամեն դեպքում, սպասենք, տեսնենք` ինչ կլինի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ԹԱՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱԺԻՈՏԱԺ

«Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողների դատին է ներկայացնում նոր շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմելու ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Մեր առաջին զրուցակիցը դերասան Ռաֆայել Երանոսյանն է:

Նա մեզ պատմեց շուրջ հինգ տարի առաջ Երեւանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցած մի դեպք: Վարդավառի օրը Ռաֆայելին մի կերպ հաջողվում է չջրվել եւ բարեհաջող հասնել թատրոն, որտեղ խաղալու էր «Կառավարական համերգ» ներկայացման մեջ: «Ես հատուկ չիջա մեքենայից, խնդրեցի, որ բեմական հագուստս բերեն, մեքենայի մեջ հագա ու շտապ մտա թատրոն, բարձրացա բեմ, ներքուստ հպարտ էի, որ հաջողվել էր խուսափել ջրվելուց, եւ երբ արդեն իմ հերթն էր, երգում էի, զգացի, որ դույլով ջուրը լցվում է գլխիս: Պարզվեց՝ ռեժիսոր, դերասան Արշալույս Հարությունյանն էր որոշել չար կատակ անել: Անկեղծ ասած՝ բոլորովին չէի սպասում, շոկի մեջ էի, բայց շարունակեցի երգել աչքերս փակ, արդեն թաց-թաց, հանդիսատեսը ծիծաղում էր, ես երգում էի, իսկ հետո որոշեցի ինքս էլ հետ չմնալ, այդ նույն դույլով ջուրը բերեցի ու լցրեցի Արշալույսի գլխին: Թե ինչ եղավ հետո, բառերով հնարավոր չէ փոխանցել: 150 հանդիսատես ու 10 դերասան սկսեցին ջրել իրար հենց ներկայացման ժամանակ»,-պատմեց Ռաֆայելը:
Նրա խոսքով՝ բոլորը մոռացել էին՝ ինչի համար են հավաքվել, ու ինքնամոռաց տրվել էին այդ թաց խաղին: Ով ինչ ուներ, լցնում էր ջրով ու մտնում խաղի մեջ, անգամ կուլիսներից էին ջուրը բերում, լցնում իրար վրա: Արդյունքում ամբողջ բեմն ու դահլիճը կորել էր ջրի մեջ: «Բանը հասավ նրան, որ ձայնային ռեժիսորն ահաբեկված եկավ բեմ ու հավաքեց տեխնիկան, որ հանկարծ չվնասվի: Արդյունքում 10-15 րոպե մենք երգել ենք առանց խոսափողի: Այդ ջրոտ ներկայացումը, ջերմ մթնոլորտն ու ստեղծված աժիոտաժը երբեք չեմ մոռանա»,- ծիծաղելով նշեց դերասանը:
Նա խոստովանեց, որ, առհասարակ, իր հետ նման դեպքեր շատ են տեղի ունենում: Օրինակ՝ վերջերս էլ հենց բեմի վրա ձայնը կտրվել է այն աստիճան, որ ինքն իրեն չի լսել, հետո հրաշքով վերադարձրել է այն:
«Առհասարակ, սիրում եմ վառ, հիշվող դրվագներ, զարմանալի չէ, որ դրանք իմ կյանքից անպակաս են, քանի որ ինձ շրջապատում եմ հումորով եւ գունավոր մարդկանցով»,-եզրափակեց Ռաֆայելը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԱՄԵՆ ԳՆՈՎ
Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ` արդեն գրեթե երկու տարի տեւող տրանսֆերային սագան մոտենում է ավարտին: Անգլիայում պնդում են, որ Էդեն Ազարը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն: Ըստ անգլիական մի շարք լրատվամիջոցների` տրանսֆերը կարող է արժենալ 112 մլն եվրո:
Ազարն Անգլիայի արաջնության 22-րդ տուրից հետո իր ակտիվում ունի 10-ը գոլ եւ նույնքան գոլային փոխանցում:

 

 

ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը արդեն հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին: Ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել «Չելսին» եւ թիմ վերադարձնել Պետր Չեխին: Ըստ sports.ru-ի` Չեխը կընդգրկվի «Ազնվականների» մարզչական շտաբում կամ կզբաղեցնի թիմի դեսպանի պաշտոնը: Հիշեցնենք, որ դարպասապահը «Կապույտների» կազմում անցկացրել է 11 մրցաշրջան եւ համարվում է թիմի խորհրդանիշներից մեկը:

 

 

ԽԱՂԱԼՈՒ Է ՉՈՐՍ ԱՄԻՍ
Բիզնես Օնլայնի փոխանցմամբ` կազանական թիմը խաղալու է նոր մարզադաշտում հունիսից մինչեւ հոկտեմբեր, քանի որ Կազան Արենան օգտագործվելու է Աշխարհի առաջնության World Skills աշխատանքային մասնագիտությունների համար, որն անցկացվելու է Կազանում օգոստոսի 21-27ը:
Անկնկալվում է, որ «Ռուբինը» խաղեր կանցկացնի Կենտրոնական մարզադաշտում, իսկ հոկտեմբերին կվերադառնա «Կազան Արենա»: Արենայում սարքավորումներ տեղադրելու պատճառով հնարավոր է խոտածածկույթը վնասվի: Դրա վերականգնման համար կարող է ծախսվել 40-100 միլիոն ռուբլի:

 

 

ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆԸ
Մելբուրնում մեկնարկել է Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանը: Մրցաշարի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը առանց մեծ դժվարության կարողացավ հաղթահարել այս շրջանի արգելքը` առավելության հասնելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանիել Էվանսի նկատմամբ: 2 ժամ 33 րոպե տեւած հանդիպումն ավարտվեց 7-6 (7-5), 7-6 (7-3), 6-3 հաշվով:
Ռոջերի հաջորդ մրցակիցը կլինի Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)-Թեյլոր Ֆրինտց(ԱՄՆ) զույգի հաղթողը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս