Դավիթ Անանյանը ժամանակի ընթացքում կգտնի ՊԵԿ-ը բռի մեջ հավաքելու ճիշտ «մոդելը». մաս 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ-ի շուրջ աղմուկների ու սկանդալների պակաս չի զգացվում ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա: Սոցցանցերում եւ մամուլում արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել Ֆինանսների նախարարության կողմից մշակված օրենսդրական փաթեթը: Այս օրենսդրական փաթեթի հեղինակը թեեւ ՊԵԿ-ը չէ, սակայն քննադատության թիրախում հենց այս մարմինն է հայտնվել:

Փաթեթով մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ, ի թիվս մի շարք այլ ոլորտների, միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել նաեւ խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական ծառայություններ մատուցողները։ Նշված առաջարկները հաշվապահների, խորհրդատվական ու իրավաբանական ծառայություններ մատուցողների շրջանում բողոքի ալիք են բարձրացրել: Նրանց հիմնական փաստարկն այն է, որ շրջանառության հարկից դուրս գալով՝ այս սուբյեկտները մտնում են ընդհանուր հարկային դաշտ եւ վճարելու են ավելացված արժեքի հարկ ու շահութահարկ, ինչը նրանց համար հարկային բեռի զգալի ավելացում կբերի։

ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքյան էջում, ի դեպ, օգտատերերից մեկը իր բողոքն էր հայտնել, ինչին Անանյանն այսպես է արձագանքել՝ սլաքը ուղղելով դեպի իր նախկին աշխատավայր՝ Ֆիննախ. «Վերջապես պիտի գիտակցվի, որ հարկային քաղաքականության պատասխանատուն Ֆինանսների նախարարությունն է։ ՊԵԿ-ը կամ ՊԵԿ-ի նախագահը կարող են ունենալ տեսակետներ, որոնք ներկայացնում եմ տարբեր ֆորմատներով քննարկումների ընթացքում։ Եթե Ձեզ հետաքրքրում է իմ անձնական տեսակետը, կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողները պիտի գտնվեն հարկման ընդհանուր դաշտում»։

Ինչպիսի՞ն է «Նոր Հայաստանի» ՊԵԿ նախագահը

Երեւանի Նոր Նորքի երկրորդ զանգվածում ծնված-մեծացած 48-ամյա ՊԵԿ նախագահը տնտեսագետ եւ մանկավարժ ծնողների զավակ է, երեք եղբայրերից կրտսերն ինքն է, ինքն էլ երեք երեխայի հայր է: Նա իր շրջապատում պարկեշտ, ինտելիգենտ, զգուշավոր, հաշվենկատ, «տրուդագոլիկ», հինգ մատի պես հարկային օրենսդրության ու վարչարարության նրբություններին տիրապետող պաշտոնյայի համբավ ունի: Նրա` Կարեն Կարապետյանի թիմին միանալու հրավերի հեղինակը նախկին Ֆիննախարար Վարդան Արամյանն էր: Նա մի առիթով արտահայտել է իր հիացական վերաբերմունքը Անանյանի մասին` նրան ներկայացնելով որպես «միսիոներ», որը թողնելով մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձով պաշտոնը՝ համաձայնել է օգտագործել շանսն ու ծառայել պետությանն ու գաղափարին: Անանյանն, ի դեպ, պաշտոններ զբաղեցնելով թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք, երբեք չի հարել որեւէ քաղաքական ուժի եւ աշխատել է հեռու մնալ քաղաքականությունից։ Իսկ ինչպիսի՞ քաղաքականություն է վարում իր ղեկավարած կառույցում:

Ըստ ներսի մարդկանց՝ որպես կառավարիչ, որի ուսերին դրված է այդ բավական բարդ ու բազմաշերտ կառույցն իր մարդկային ռեսուրսներով կառավարելու պատասխանատվությունը, Անանյանին դեռեւս չի հաջողվում նույնքան վիրտուոզ կերպով իրականացնել, ինչպես իր նախկինները․պատճառը, ըստ տարբեր գնահատականների, գուցե կառավարչական, անհատական որոշակի սպեցիֆիկ որակների բացակայությունն է։ «Չափից դուրս դեմոկրատ է, փափուկ երես, ձեռքը սեղանին խփող ու դեսպոտ չինովնիկ չէ»,-ասաց ՊԵԿ մեր աղբյուրը՝ հույս հայտնելով, որ Անանյանը ժամանակի ընթացքում կգտնի ՊԵԿ-ը բռի մեջ հավաքելու ճիշտ «մոդելը»: ՊԵԿ-ը, ըստ ներսի մարդկանց, որտեղ դեռեւս կենսունակ է նախկին ղեկավարների օրոք ձեւավորված եւ մետաստազներ տված աշխատակարգը, դրանց ադապտացված «հին գայլերն» էլ սովորույթի ուժով շարժվում են հին իներցիայով, հենց այդպիսի որակներ ունեցող բիրտ կառավարչի կարիք ունի։ Մամուլը գրում է սակայն, որ իրականում ՊԵԿ-ը կառավարում է համակարգի հնաբնակներից մեկը՝ Անանյանի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Վերջինս, ըստ մամուլի, համարվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղապահը ՊԵԿ-ում եւ «մարմնավորում է կոռումպացված ՀՀԿ-ական ժամանակաշրջանը»: Մամուլում վերջին օրերին հաճախակիացել են ՊԵԿ-ի կադրային կրճատումների վերաբերյալ հրապարակումները. ըստ այդմ՝ ՊԵԿ-ում կամայականորեն են մոտենում կրճատումներին՝ ձերբազատվելով մասնավորապես հին, փորձառու աշխատակիցներից: Փոխարենը, ըստ մեզ հասած լուրերի, աշխատանքի են անցնում ՊԵԿ նախագահի եւ կառույցում «պռախոդ ունեցող» պաշտոնյաների ծանոթ-բարեկամները։ Այս մասին ահազանգում են ՊԵԿ նախկին աշխատակիցները՝ մամուլ տեղեկատվական արտահոսքեր կազմակերպելով: «Առաջիկայում ուշադիր եղեք, կտեսնեք, որ աշխատանքի ընդունվածները կա՛մ Անանյան են, կա՛մ էլ Ներսիսյան՝ իր տեղակալի՝ Շուշանիկ Ներսիսյանի (Նակոլկա Շուշո) ազգանունով»,-հուշում են ՊԵԿ ղեկավարությունից դժգոհ որոշ աշխատակիցներ:

Հարկ է նշել, որ ՊԵԿ նախագահն օրերս 2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը ներկայացնելիս հավաստիացրեց, որ յուրաքանչյուր կրճատված աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին, կոլեգիալ որոշում։ Ավելի քան երկու ամսվա ընթացքում գնահատվել են ՊԵԿ 580 աշխատակցի մասնագիտական կարողությունները եւ շատ դեպքերում ընտրությունը կատարել են լավի եւ լավագույնի միջեւ։ Նշենք, որ կրճատման հետեւանքով շուրջ 200 հոգի հրաժեշտ է տվել աշխատանքին, առաջիկայում, ըստ լուրերի, կրճատման գործընթացը շարունակվելու է: Հույս ունենք, որ պետական եկամուտների ապահովման «սիրտանոթային համակարգի» օպտիմալացմանը միտված այս եւ այլ «միջամտությունները» կլինեն համակարգի աշխատանքը է՛լ ավելի դիմանիկ, արդյունավետ դարձնելուն եւ երիցս նզովյալ կոռուպցիայի չեզոքացմանը: ՊԵԿ-ականների բարձր պարգեւավճարներն ու հավելավճարները պետք է որ նպաստեն այդ կարեւոր խնդրի իրականացմանը:

Հեղինե Մանուկյան

Մաս 1-ը` այստեղ




Լրահոս