Չնայած ԱԺ մշտական հանձնաժողովների կազմը մեծամասամբ հայտնի է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռ կան պատգամավորներ, որոնք որեւէ հանձնաժողովում ներկայացված չեն։ Ավելին, հանձնաժողովների ամբողջական կազմերը դեռեւս տեղադրված չեն նաեւ Ազգային ժողովի պաշտոնական կայքում:
Պատճառը հանձնաժողովների ոչ ամբողջական կազմավորված լինելն է։ Բանն այն է, որ ի սկզբանե պատգամավորները նախապատվություն են տվել ընդգրկվելու մեկից ավելի հանձնաժողովներում: Վերջնական որոշումը կայացվել է հանձնաժողովներում պատգամավորների թվաքանակից ելնելով, որպեսզի պահպանվի ընդհանուր համամասնությունը։
Ի վերջո, յուրաքանչյուր հանձնաժողովի համար սահմանված է պատգամավորների թվաքանակի վերին եւ ստորին շեմ, եւ որոշվել է այնպես անել, որ գոնե նվազագույն շեմն ապահովված լինի։ Եվ չնայած հանձնաժողովների կազմերը պաշտոնապես չկան, սակայն, մեր տեղեկություններով, պատգամավորները հաճախ են հավաքվում, կարճատեւ նիստեր եւ քննարկումներ անցկացնում հնարավոր կազմով։