ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախորդ շաբաթ տուգանային հրապարակ է տեղափոխվել 334 մեքենա․ ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանության` մայրաքաղաքն ու մարզերը սապասարկող ստորաբաժանումների, ուղեկցող հատուկ վաշտի և ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցները հունվարի 28-ից փետրվարի 3-ն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում, խոշոր քաղաքներում ու հանրապետության ավտոճանապարհներին։
Այդ ընթացքում Երևանը սպասարկող ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 229 տրանսպորտային միջոց։ 22 վարորդ մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, մյուս մեքենաների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։

Ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցները Հյուսիսային պողոտայում և հարակից տարածքում իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքում միայն փետրվարի 1-ին 10 մեքենա են հայտնաբերել, որոնցից 9-ի խլացուցիչները վերասարքավորված են եղել բարձր ձայնով երթևեկելու համար, 1-ը շահագործվել է փոխարինված համարանիշերով։ 10 մեքենան էլ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 82 տրանսպորտային միջոց։ 41-ի վարորդները հողմապակու թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին։

Հունվարի 28-ից փետրվարի 3-ը մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 105 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 79-ի վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ 12 վարորդ մեքենաները վարել են ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով, 1-ն՝ առանց համարանիշերի։ Մյուսները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։
Մարզերում հայտնաբերվել է առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող ընդհանուր 169 մեքենա, որոնցից միայն 15-ի վարորդներն են թաղանթապատումը տեղում վերացրել։ 8 վարորդ էլ վարչական տույժի է ենթարկվել երթևեկելիս տրանսպորտային միջոցներից տարբեր իրեր փողոց նետելու համար։
Ճանապարհային ոստիկանությունը նույն հետևողականությամբ շարունակելու է ուժեղացված ծառայությունը՝ անհանդուրժող լինելով կարգազանցների նկատմամբ։




Լրահոս