Հայաստանից արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, երկրում չկա տնտեսական մենաշնորհ. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ամիսների ընթացքում գրանցված կարևորագույն նվաճումներից է համարում այն, որ Հայաստանն այժմ ժողովրդավարական երկիր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

«Ամենակարևոր նվաճումն այն է, որ հիմա Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Հայաստանից արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, երկրում չկա տնտեսական մենաշնորհ: Բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ: Իսկապես քաղաքացիներն են որոշում իշխանության ճակատագիրը»,- ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ իշխանություններն այժմ պետք է անեն ամեն բան, որպեսզի կոռուպցիան նոր արմատներ չունենա:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով դատավարությանը, որտեղ որպես մեղադրյալ է ներգրավված Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետը նշել է, որ քննությունն ընթացքի մեջ է: «Քրեական գործի քննությունը շարունակվում է: Թե ինչի այն կհանգեցնի, չեմ կարող ասել»,- ասել է վարչապետ Փաշինյանը:




Լրահոս