Հարց քաղաքացիներից` ինչ փաստաթղթերի հիման վրա է հաշվարկվում աշխատանքային ստաժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ինչ փաստաթղթերի հիման վրա է հաշվարկվում աշխատանքային ստաժը: Կոնկրետ ի՞նչ է հարկավոր ներկայացնել:

Իռեն Հարությունյան (65 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթը, իսկ 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների, ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ եւ ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են տեղեկանքներ, հրամանների քաղվածքներ, աշխատավարձի անձնական քարտեր, աշխատավարձի հաշվացուցակներ, ինչպես նաեւ համապատասխան իրավահարաբերությունների ծագման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր եւ համաձայնագրեր:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս