ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔԿ ծառայության պետը` կալանավորի մահվան և ինքնավնասումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հետ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին:

-Պարո՛ն Մխոյան, հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել էր «Հայնյուզ» լրատվական կայքի ղեկավար Մհեր Եղիազարյանը: Դուք` որպես ՔԿ ծառայության պետ, Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում նրա մահվան մեջ:

-Ցանկանում եմ հետեւյալը նշեմ, որ տարբեր հարթակներում Մհեր Եղիազարյանի մահվանից հետո թե՛ Արդարադատության նախարարը, թե՛ արդարադատության նախարարի տեղակալը, թե՛ ՔԿ ծառայության պետի տեղակալը տվել ենք պարզաբանումներ կոնկրետ դեպքի եւ իրավիճակի մասով: Այսօր ես ձեռնպահ կմնամ որեւէ պարզաբանում կամ մենաբանություն տալուց, քանի որ առկա է քրեական գործ, եւ այն գտնվում է նախաքննության փուլում: Ինձ թվում է` նախաքննության ընթացքում եւ ավարտից հետո մենք բոլոր հարցերի պատասխանը կունենանք, թե ովքեր են մեղավոր, եւ ինչ պատասխանատվության կենթարկվեն մեղավորները:

-Լավ, քննություն է գնում, բայց համոզված լինե՞նք, որ կատարվածը դաս եղավ, եւ այսուհետ մարդկանց անտարբերության չեք մատնի, ավելի զգոն կլինեք:

-ՔԿՀ-ներում զգոնությունը միշտ բարձր է եղել` անկախ նրանից` Մհեր Եղիազարյանի դեպքը տեղի կունենար, թե ոչ, որովհետեւ ամենօրյա բուժանձնակազմի հսկողության ներքո են գտնվում բուժման կարիք ունեցող կալանավորված անձինք եւ դատապարտյալները: Իսկ այն անձինք, ովքեր ունեն պատժի հետ անհամատեղելի հիվանդություններ, ինչպես արդեն մենք հաշվետվությամբ ենք հրապարակել 2018 թվականին, 16 դատապարտյալ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, այսինքն` այդ ազդակը չէ, որ պետք էր մեզ, որ մենք զգոնությունը ապահովեինք. զգոնությունը մեր ամենօրյա աշխատանքն է:

-Կալանավորները, դատապարտյալները բարձրաձայնում են այլ բան, որ մինչ կալանավորը, դատապարտյալը, ծայրահեղ քայլի չի դիմում, նրան օգնություն ցույց չեն տալիս: Վերջիններս մեզ հայտնել են, որ դիմում են ՔԿՀ ղեկավար կազմին, դեղ են խնդրում, ասում են` չկա: Դա է պատճառը թերեւս, որ մարդիկ իրենց են վնասում արդյունքի հասնելու համար:

– Միանգամից ասեմ, որ այդ պատկերը չունենք, քանի որ քրեակատարողական հիմնարկներում բոլորը, ովքեր ունեն բուժօգնության կարիք թե՛ ստացիոնար պայմաններում, թե՛ հիմնարկում ամբուլատոր բուժօգնություն ստանալու, ստանում են առանց որեւէ խնդրի: Մենք չունենք այնպիսի մի օր, որ ՔԿՀ-ներից քաղաքացիական բուժհասատություն չտեղափոխվեն մի խումբ դատապարտյալներ կամ կալանավորներ: Այսօր բոլոր դատապարտյալները բուժօգնությունը ստանում են պատշաճ, ինչ վերաբերում է նման ահազանգերին, մենք ունենք կոնտինգենտ, որոնք տարբեր պրովակացիաներ են ուզում անել, որոնք եւս գտնվում են բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում:

Մանրամասները` տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս