ՔԿ ծառայության պետի հրաժարականը խորը արմատներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն` ՔԿ ծառայության նախկին պետ Արտյոմ Մխոյանի հրաժարականը բավականին խորը արմատներ ունի: Դեռ 2018 թվականի նոյեմբերի 15-ին հրապարակվել էր այն մասին, որ քրեակատարողական հիմնարկները կնորոգվեն ոչ թե դատապարտյալների, այլ պետական գումարներով: 270 մլն դրամ հատկացվել էր «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ների վերանորոգման աշխատանքների համար:

Եվ արդեն 2019 թվականի հունիսի 20-ին գործադիրի նիստի օրակարգում ընդգրկվել էր կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կրկին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ հատկացնելու մասին հարցը, սակայն հարցն օրակարգից հանվել էր: Եվ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ այստեղ չարաշահումներ են հայտնաբերվել: Ավելին, հենց նույն կառավարության նիստում ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նշել էր, որ քրեակատարողական ծառայությունում իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ ՔԿՀ-ներում նորոգումներն իրականացվել են խախտումներով, նաեւ խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների դրույթների կատարման մեջ, եւ ՊՎԾ կազմած տեղեկանքն ուղարկվել է գլխավոր դատախազություն:

Եվ, ահա, այս պատմության մեջ էլ թաքնված է «շան գլուխը». անցած տարի հատկացված 270 միլիոն դրամը նպատակին չի ծառայեցվել, որի հետեւանքով էլ նորանշանակ նախարարը թույլ չի տվել այս տարի քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ տալ: Իրավապահ մարմիններում տարածված լուրերի համաձայն` այս չարաշահման բացահայտման պատճառով են Մխոյանին ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրի:




Լրահոս