Մինասի «Գիշեր» որմնանկարը ոչնչացման եզրին է. մշակույթի նախարարությունը միջոցներ չունի, հույսը դրամահավաքն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը, որը գտնվում է Գյումրու կիսավեր, փլատակների վերածված «Օմեգա» գործարանում, վտանգված է. այն ամրակայման եւ վերականգնման կարիք ունի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ, նկարչի որդի Արման Ավետիսյանը: Նշենք, որ «Գիշեր» որմնանկարն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, 2010 թվականին այն ընդգրկվել է վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում, սակայն փաստացի այն այսօր գտնվում է ոչնչացման եզրին:

«Տարբեր ծրագրերի շրջանակներում Մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ վերականգնվել է Մինասի 8 եւ տեղափոխվել է 7 որմնանկար, իսկ «Գիշեր» որմնանկարին պարզապես հերթ չի հասել, այն որեւէ միջամտության չի ենթարկվել: Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել այն փրկելու համար, որովհետեւ մեկ տարի հետո արդեն փրկելու ոչինչ չի լինի: Շենքը, որտեղ գտնվում է որմնանկարը, կիսավեր է, որմնանկարն էլ չի կարողանում դիմակայել եղանակային տատանումներին»,- շեշտեց պարոն Ավետիսյանը:
Նա նախ դիմեց Մշակույթի նախարարություն, որպեսզի միջոցներ տրամադրվեն որմնանկարը գոնե մասնակի ամրակայելու համար. «Հարցը դրված չէ այսպես` պահպանել, թե ոչ, հարցը հետեւյալն է. ի՞նչ եղանակով է հնարավոր արագ լուծել այս խնդիրը: Օրինակ` Մինասի «Ցերեկ» որմնանկարի դեպքում պահպանելու բան այլեւս չկա, ուշ է, իմաստ չունի, բայց «Գիշերը» դեռ կարելի է վերականգնել»,-ասաց նկարչի ժառանգը:

Հարցին, թե վերջին շրջանում հանդիպում ունեցել է արդյոք Մշակույթի նախարարության որեւէ ներկայացուցչի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամռանը հանդիպել եմ այն ժամանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, 15-20 րոպե խոսել ենք, բայց դա կառուցողական զրույց չի եղել»:

Պարոն Ավետիսյանը բացի Մշակույթի նախարարությունից ֆինանսավորման համար դիմում է նաեւ բարերարներին, մասնավոր հատվածին: Նա որպես այլընտրանքային տարբերակ դիտարկում է նաեւ դրամահավաքը գոնե որմնանկարի ամրակայումն իրականացնելու համար, մինչեւ որ կհայթայթեն վերականգնման համար անհրաժեշտ ողջ գումարը:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցեց նաեւ ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի հետ: Նա հիշեցրեց, որ հուշարձանների վերականգնման համար նախարարությունը տարեկան 250 միլիոն դրամ ունի 25 հազար հուշարձանի համար: Ուստի հուշարձանի պահպանությունը բավական թանկ գործառույթ է, եւ ֆինանսները տրամադրվում են անհետաձգելի դեպքերի համար:

Մեր դիտարկմանը, թե «Գիշեր»-ի վերականգնումը եւս անհետաձգելի է, պարոն Գալստյանը պատասխանեց. «Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնման համար մինչ այժմ պետությունը բավական մեծ գումարներ է ծախսել, կարծում եմ` հիմա պետք է հիմնադրամը իր աջակցությունը ցույց տա, պետք է դրամահավաք կազմակերպվի: Ես ակնկալում էի նաեւ, որ Գյումրու օդանավակայանում շինարարական աշխատանքների շրջանակում հնարավոր կլիներ վերականգնել «Գիշերը», իհարկե, հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում»:

Իսկ, առհասարակ, փոխնախարարը նկատեց, որ հուշարձանների վերականգնման համար դրսից մասնագետներ հրավիրելու դեպքում ծախսերը բավական մեծ են, ուստի նպատակահարմար կլինի, որպեսզի մենք այդ գումարները տրամադրենք մեր մասնագետներին կրթելու համար. «Այդ թեմայով զրուցել եմ Կրթության եւ գիտության նախարարի հետ, հավանաբար այդ հարցով կզբաղվենք»,- նշեց պարոն Գալստյանը:
Նշենք, որ նախնական հաշվարկներով՝ որմնանկարը վերականգնելու համար պահանջվում է 25 հազար դոլար։ «Գիշեր» որմնանկարը ստանդարտ չափերի է եւ երբեւէ չի վերականգնվել։

Աննա Բաբաջանյան




Լրահոս