«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` իրավապահ համակարգը քննություն է իրականացնում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի պետ Մխիթար Հարությունյանի գործունեության մասով: Ավելին, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մխիթար Հարությունյանը հայտնեց, որ իրեն կանչել են հարցաքննության:
Բոլորին հայտնի է, թե ինչ իրադարձություններ են կատարվում այդ ՊՈԱԿ-ում, թե ինչպես են պաշտոնատար անձինք գործարքի գնում հայտնի ու անհայտ անձանց հետ եւ ապօրինի ծառահատումներ կատարում: Սակայն այս դեպքը այլ կինո է:
Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահներին է դիմել մի քաղաքացի եւ Մխիթար Հարությունյանի գործունեւթյան հետ կապված հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Ըստ մեզ հասած լուրերի` քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ ինքը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի պետ Մխիթար Հարությունյանին կլորիկ գումար է տվել, որ վերջինս իրեն տարածք հատկացնի: Ըստ էության, Մխիթար Հարությունյանը գումարը վերցրել է, սակայն քաղաքացուն տված խոստումը չի կատարել:
Հետո քաղաքացին պարբերաբար նրանից հետաքրքրվել է, թե ինչ ընթացք ստացավ հարցը, ինչու է ուշանում խոստացված հողատարածքի տրամադրումը, սակայն վերջինս մերժել է: Երբ քաղաքացին հասկացել է, որ անգամ գումարը տալուց հետո չի կարող խնդրի լուծման հասնել, դիմել է իրավապահներին:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ քննչական կոմիտեից հասկանալ, թե ինչ կաշառքի գործի մասին է խոսքը, եւ, առհասարակ, ինչ տարածք խոստացել պաշտոնյան քաղաքացուն: Ի պատասխան մեր հարցման` ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունը, որ իրավապահներին է դիմել Կարճաղբյուր համայնքի մի քաղաքացի եւ հայտնել է, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի պետ Մխիթար Հարությունյանին գումար է տվել, որ նա իրեն ՊՈԱԿ-ի տարածքում հողատարածք հատկացնի, որպեսզի ինքը հետագայում այդ տարածքում տուն կառուցի, սակայն վերջինս գումարը վերցրել է, խոստումը այդպես էլ չի կատարել: Կատարվում է քննություն:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իրավապահներին դիմած քաղաքացին իր դիմումում հայտնել է, որ մեկ անգամ Մխիթար Հարությունյանին տվել է 1950 դոլար, իսկ մեկ այլ անգամ էլ` 400 դոլար:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները Մխիթար Հարությունյանին հարցաքննության են հրավիրել, իսկ, ահա, երեկ ողջ օրը հարցաքննել են վերջինիս եղբորը` Հունան Հարությունյանին:
Ավելին, լուրեր կան այն մասին, որ Կարճաղբյուրի բնակչին խոստացված տարածքը վաճառվել է պաշտոնատար անձի:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի մասին զրուցեց Մխիթար Հարությունյանի հետ, որը վստահեցրեց, թե նման բան չի եղել:
-Պարո՛ն Հարությունյան, Ձեր գործողությունների հետ կապված իրավապահներին հաղորդում են տվել հանցագործության մասին, որ գումար եք վերցրել, ՊՈԱԿ-ի տարածքում հող եք խոստացել ու չեք արել:
-Ո՞նց կարող է նման բան լինել, տենց բան ո՞նց կարող է լինել, այդպիսի բան ոչ մի անգամ չի եղել:
-Այսինքն` Ձեզ գումար չե՞ն տվել, Դուք տարածք չե՞ք խոստացել քաղաքացուն:
-Այսինքն` եթե հիմա ամեն մարդու ասածին լսենք, ուր կգնա կհասնի, ասենք, խի՞ պիտի հիմա 10 տարվա պատմությունը նոր ասեին, եթե հանդիպեմ Ձեզ, ամեն ինչ պատմեմ, Դուք ողջ մանրամասները կիմանաք:
-Ձեր եղբորը երեկ ողջ օրը հարցաքննել են. ինչո՞ւ, նա ի՞նչ կապ ունի այս պատմության հետ:
– Ես չգիտեմ` իրեն ինչու են հարցաքննել, երեկվանից ճնշումս բարձր է եղել, հիմա էլ պառկած եմ, տեղեկություն չունեմ, որ քննել են, բայց ինչու են քննել, տեղյակ չեմ:
-Այսինքն` Ձեր գործի հետ կարո՞ղ է կապ չունենա, նրան ա՞յլ բանի համար են տարել:
-Չգիտեմ, որ Ձեզ կոնկրետ պատասխան տամ:
– Իսկ Ձեզ հարցաքննության կանչե՞լ են:
– Այո, կանչել են:
– Գնացե՞լ եք:
-Ախր Դուք հիմա զանգել եք, ասեցի, երբ հանդիպեմ, Ձեզ կպատմեմ, կհասկանաք:
– Համեցե՛ք «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, բայց մինչ այդ կարո՞ղ եք ասել` եթե նման բան չի եղել, ինչո՞ւ է Ձեր դեմ հաղորդում ներկայացրել, ի՞նչ խնդիր ունի Ձեր հետ:
-Գիտե՞ք, դա ոնց կարելի է մեկնաբանել. քաղաքացին ինչ-որ բանից դրդված է եղել, ակտեր եմ գրել իրա վրա…: Մեր տարածքում իր ապօրինի շինություններն են: Խնդիրը շատ երկար է, իր տղան մեզ մոտ աշխատել է, հետո գործից հանել ենք, բաներ կան, դրա համար եմ ասում` հեռախոսով չեմ կարող ասել, թե որը որից հետո է: Քննչական մարմինը տանում է իր քննությունը:
Քանի որ բողոք է եղել, իրենք իրենց քննությունն են անում, ես վատ բան չեմ տեսնում, մնացածը քննության ժամանակ պարզ կլինի: Ինքը բողոքում է, որ անտառ է կտրվել, եսիմ ինչ է, ինքը ինչ-որ գումար է հատկացրել ինձ, որ ես դակումենտացիա սարքեմ, այդտեղ կա 40 ավելի տներ, որը 80-ական թվականներին սարքված է եղել: Այդ ո՞նց կարելի էր 40-ից ավել ապօրինի սարքած ազգային պարկի շինությունների մեջ, ասենք, խոսքի մենակ մի մարդուց գնալ, գումար վերկալել ու հող տալ: Դրա համար եմ ասում` սա գլաբալ խնդիր է:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաեւ իրավապահներին հաղորդում ներկայացրած քաղաքացու հետ, սակայն փորձերը անցան ապարդյուն: Պատրաստ ենք հրապարակել նաեւ նրանց մեկնաբանությունը:
Քնար Մանուկյան