«Մեռելածին» կառույցի կենդանության նշանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերեւս հանրության փոքր մասն է միայն հիշում, որ գոյություն ունի Հանրային խորհուրդ, իսկ կառավարությունն էլ իր հերթին հազվադեպ է ականջալուր լինում նրանց «խորհուրդներին»: Նախ նշենք, որ դեռեւս 2018 թվականի փետրվարի 7-ին փոխվել է «Հանրային խորհրդի մասին օրենքը», եւ նույնիսկ օրենսդրությամբ ֆիքսվել է, որ այն կարող է որոշումներ ընդունել, սակայն ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ խորհրդատվական բնույթ ունեն: Եվ հետաքրքիր է, որ այդ ժամանակ այս մարմնի գործունեությունը խորհրդարանում բուռն քննարկման արժանացավ. այն անվանեցին մեռելածին կառույց, ասացին, որ այսքան տարի նրանց խորհուրդներն օրվա իշխանությունները չեն լսել, քանի որ նրանց խորհուրդ պետք չէ, հետեւաբար անիմաստ է ՀՀ պետական բյուջեից այդքան գումար տրամադրելն այդ կառույցին:

Սակայն նախորդ տարվա դեկտեմբերին վերջնականապես ձեւավորվել է Հանրային խորհրդի ամբողջական կազմը: «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց ուսումնասիրել, թե հետհեղափոխական իրավիճակում ինչ գործունեություն է ծավալել այս կառույցը, եւ արդյոք որեւէ արդյունք արձանագրվել է, թե ոչ:
Նախ՝ պաշտոնական հաղորդագրություններն ուսումնասիրելիս պարզեցինք՝ խորհուրդը բավական հաճախ է նիստեր գումարում, ինչ-որ հարցեր քննարկում: Անգամ փետրվարի 5-ին քննարկում են ունեցել Քարահունջի թեմայով եւ որոշում կայացրել առաջարկների փաստաթուղթ ստեղծել, որը պետք է ներկայացվի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այլ հարց է, թե որքանով վարչապետն ու նրա թիմը կընդունեն այդ առաջարկները:

Օրինակ` Հանրային խորհրդի հունվարի 11-ի անդրանիկ նիստում տեղի ունեցած քննարկումներից հետո տարածած հաղորդագրության մեջ հանդիպում ենք մի այսպիսի հատվածի. «Անցումային այս ժամանակաշրջանում, երբ ձեւավորվել է նոր կառավարություն, նոր խորհրդարան, տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ, ճիշտ կլինի զերծ մնալ կտրուկ փոփոխություններից, որոնք կարող են ցնցումներ առաջացնել կառավարման համակարգում»:

Ահա, ինչպես տեսնում եք, կառավարության կառուցվածքի մասին Հանրային խորհուրդն իր խորհուրդն է տվել, բայց կառավարությունը վարվել է իր ցանկացածի պես, եւ արդեն երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ ասել է, որ նախարարությունները կլինեն 12-ը: Նաեւ հրապարակվել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Փաստորեն, կառավարությունն ու իշխանությունները որդեգրել են օպտիմալացումների, տարատեսակ ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ները փակելու ռազմավարություն, եւ այս տեսանկյունից թերեւս պետք է քննարկման թեմա դառնա կա՛մ Հանրային խորհրդի կառույցի գործառույթների վերանայումը, որպեսզի այն միայն չդառնա զուտ խորհրդատվական մարմին, կա՛մ էլ այն պետք է արժանանա այդ նույն ԾԻԳ-երի կամ ՊՈԱԿ-ների ճակատագրին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս