«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքաղաքական վիճակի, ընդհանուր տպավորությունների մասին զրուցել է մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցի հետ:
-Պարո՛ն Սահակյանց, պարբերաբար արտահայտել եք Ձեր կարծիքը ներկայիս իշխանության մասին եւ նշել, որ վերջինիս գործելաոճը Ձեզ չի գոհացնում: Ինչու՞:
-Չեմ կարող գոհ լինել, եթե չեմ տեսնում ռեալ արդյունքներ:
-Օրինակ՝ Առողջապահության նախարարությունը մի շարք հուսադրող նախաձեռնություններով է հանդես գալիս, դա տեսանելի չէ՞:
-Բայց որքանո՞վ է ռեալ դրանց իրականացումը: Հուսով եմ՝ կկարողանան կյանքի կոչել բոլոր այդ նախագծերը: Բայց մյուս ոլորտներին նայեք, օրինակ՝ դեմ եմ Մշակույթի նախարարության լուծարմանն ու այն ուրիշ նախարարության միացնելուն: Եթե այն լավ չէր աշխատում, հարկավոր էր այնպես անել, որ լավ աշխատեր, ոչ թե փակել: Ցավոք, այս իշխանությանը գովելու քիչ առիթ կա:
-Մի քիչ շուտ չէ՞ նման դատողություններ անելու համար:
-Չէի ասի: Խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում, մնում են չլուծված: Խոսքն այն հարցերի մասին է, որոնք ժամանակին բարձրացնում էր ապագա իշխանությունը: Հետեւելով ժողովրդի շրջանում իշխող տրամադրություններին՝ արդեն նկատելի է, որ նրանք, ովքեր մեծ հույսեր ունեին, հիասթափվել են: Կան մարդիկ, որոնք դեռ էյֆորիայի մեջ են, բայց նրանց դրսեւորումներն արդեն հիվանդագին են: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է պահպանի իր քննադատական մտածողությունը, երբեք չի կարելի որեւէ բանի կուրորեն հավատալ: Իսկ հանրության այն հատվածը, որն ունակ է վերլուծելու, հասկանում է, որ ժամանակին տրված խոստումներն ու ներկայիս արդյունքները չեն համընկնում:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե հեղափոխությունից հետո բան չի փոխվել, նշել էր. «Չի փոխվել այն մարդու համար, որը մտնում է խանութ ու ՀԴՄ չի վերցնում, չի փոխվել այն մարդկանց համար, որոնք շարունակում են միլիոնատերերին «Փարոսի» մեջ ընդգրկել ու վճարել: Բան չի փոխվել այն մարդկանց համար, որոնք բազմոցին պառկած սպասում էին փոփոխությունների ու հիմա էլ շարունակում են մնալ բազմոցին պառկած: Այս պրոբլեմները հնարավոր է լուծել միայն աշխատանքով»: Այսինքն՝ նախ պետք է մարդկանց գիտակցությունը փոխվի, ի՞նչ կասեք:
-Գիտակցությունն առաջին հերթին փոխվում է կրթության եւ մշակույթի միջոցով, ոչ թե իշխանափոխությամբ: Իսկ վաղը մենք փաստացի Մշակույթի նախարարություն չենք ունենա, իսկ Կրթության եւ գիտության նախարարության աշխատանքն էլ չի հուսադրում:
-Դուք մշակույթն ասոցացնում եք Մշակույթի նախարարությա՞ն հետ:
-Ոչ, իհարկե, բայց պետք է լինի պետական մոտեցում, աջակցություն մշակույթին: Ես այս ընթացքում մշակութային մի շարք խնդիրներ եմ տեսել, դրանք ինչպե՞ս պետք է լուծվեն: Խնդիրներն անտեսվելու են, եւ չեն տրվելու անհրաժեշտ լուծումներ: Այսօր մշակութային շատ գործիչներ, որոնք արժանի են բարձր գնահատանքի, կարող են իրենց լքված զգալ պետության կողմից:
-Մարտի մեկի գործով քննության ընթացքից ի՞նչ տպավորություններ ունեք:
-Չեմ հասկանում Քոչարյանին կալանքի տակ պահելու իմաստը, իսկ պատճառաբանությունները համոզիչ չեն: Նա այն մարդը չէ, որը կարող է, ասենք, փախչել: Բացի այդ՝ պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել եւ պատասխանատվության ենթարկել Մարտի մեկի գործով մյուս դերակատարներին եւս: Մարդիկ, որոնք հրահրել են ժողովրդին, այսօր պաշտոններ են ստանում: Այնինչ եթե կան մեղավորներ, ուրեմն՝ երկու կողմից էլ:
-Եթե նկատի ունեք Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա նա էլ է հարցաքննվել Մարտի մեկի գործով:
-Ես թերահավատորեն եմ մոտենում դրան եւ չեմ կարծում, թե լուրջ հարցաքննություն է եղել, կամ դրանից ավել ինչ-որ բան կկատարվի:
-Եվ վերջում, ընդհանուր առմամբ, ի՞նչ խնդիրներ եք ուզում լուծված տեսնել, որ չեք տեսնում:
-Կրկին պետք է խոսեմ կրթության եւ մշակույթի գործոնների մասին: Մեր բոլոր իշխանությունները թերացել են այս ոլորտների զարգացման հարցում: Հիմա էլ եթե չկարողանանք այդ ուղղությամբ զգալի դրական տեղաշարժեր գրանցել, վտանգի տակ կդնենք մեր գոյությունը:
Աննա Բաբաջանյան