Հարց քաղաքացիներից` ինչպես է հաշվարկվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ կոնկրետ տեղեկանալ, թե ինչպես է հաշվարկվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Իսկուհի Դանիելյան (29 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Դանիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի թվով` երկրորդ աշխատանքային օրվանից սկսած, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը: Ի դեպ, ժամանակավոր անաշխատունակության 1-ին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող 3 աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս