Զորախո՞ւմբ, թե՞ առաքելություն. Սիրիա առաքված հումանիտար առաքելության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիա առաքված հումանիտար առաքելության շուրջ զրուցեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ:

-Պարո՛ն Զոլյան, վարչապետ Փաշինյանը անցյալ տարի` հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում ասաց, որ «Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, տեղակայվում է հումանիտար ականազերծման եւ բժշկական առաքելություն»: Այս խումբը, սակայն, ներկայացնում է ՀՀ զինված ուժերը, քանի որ խումբն ուղարկել է ՀՀ ՊՆ-ն: Ի վերջո, սա զորախո՞ւմբ է, թե՞ առաքելություն:

-Այս հարցին վերջերս պատասխանեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հստակ նկարագրեց այդ խմբի առաքելությունը: Մասնավորապես, նա ասաց, որ խումբը կազմված է բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից եւ այն անձնակազմից, որը նրանց անվտանգությունն է ապահովում: Այսինքն` դա հումանիտար առաքելություն է, եւ այս առումով նա նշեց, որ դա տարբերվում է այն խաղաղապահ առաքելություններից, որոնք մենք իրականացնում ենք, քանի որ զուտ հումանիտար նպատակներ է հետապնդում, եւ ես հիմքեր չեմ տեսնում չվստահելու թե՛ վարչապետին, թե՛ պաշտպանության նախարարին: Նաեւ ՊՆ խոսնակը անդրադարձավ իրավական հիմքերին, եւ ես պատճառ չեմ տեսնում չվստահելու: Բոլոր հիմքերը ներկայացվում են` իրավական, քաղաքական, ուրիշ հարց է, որ որոշ քաղաքական ուժերի ձեռնտու է այստեղ ինչ-որ թերություններ գտնել եւ քննադատել:

-Ասում եք` այդ մակարդակով արված հայտարարություններին չվստահելու հիմք չկա: Այսպես, ՊՆ խոսնակ Ա. Հովհաննիսյանը նշում է. «Օժանդակելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով սիրիական կողմի գրավոր խնդրանքները», եւ մի քանի ժամվա տարբերությամբ վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարում է, որ. «դա բանավոր մակարդակում է եղել»: Այս մակարդակով արված հայտարարությունների հակասությունը արդյոք ոչ թափանցիկությա՞մբ է պայմանավորված:

-Դե, գիտեք, այդ հարցերը երեւի կոնկրետ խոսնակներին պետք է տալ, բայց, ընդհանուր առմամբ, մենք որեւէ բան չենք անում, որը հակասում է ՀՀ շահերին, եւ կարծում եմ նաեւ, որ ոչ թափանցիկություն կլիներ, եթե գաղտնագողի կմեկնեին այդ մարդիկ:

-Գաղտնագողի հնարավոր չէր երեւի, որովհետեւ դրոշ ներկայացնելու խնդիր է դրված, կարծես թե:

-Կարծում եմ, որոշում անողները հաշվի են առել ՀՀ շահերը, հաշվի են առել թե՛ իրավիճակը Սիրիայում, թե՛ հայկական համայնքում, թե՛ տարբեր աշխարհաքաղաքական ուժերի դիրքորոշումները, եւ այդ որոշումը կայացվել է այս ամենը հաշվի առնելու արդյունքում: Ես կասկած չունեմ, որ հանուն Հայաստանի շահերի է այդ որոշումը կայացվել:

-Ասում եք` սա հումանիտար խումբ է. ՊՆ խոսնակ Ա. Հովհաննիսյանը նշեց, որ նախաձեռնությունը «իրականացվում է ռուսաստանյան կողմի աջակցությամբ», այնինչ ՊՆ փոխնախարարը նշել է, որ «միջազգային որեւէ կոալիցիայի կազմում չի լինելու, դա բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկվող աջակցություն է»: Ի վերջո, քաղաքական ի՞նչ կոնտեքստում է խումբը հումանիտար առաքելություն իրականացնելու:

-Կա շահերի համընկնում ե՛ւ Սիրիայի կողմից, ե՛ւ մեր կողմից, ե՛ւ տվյալ դեպքում Ռուսաստանի կողմից: Կա նաեւ Արեւմուտքի վերաբերմունքը այդ հարցով, որ նրանք ըմբռնումով են մոտենում: Արեւմուտքի կողմից հատարարություն եղավ դեկտեմբերին եւ դեսպանատան կողմից ԱՄՆ-ի, այնտեղ շատ հստակ ասվում էր, որ նրանք հասկանում են ՀՀ կառավարության ցանկությունը աջակցել Սիրիայի հայկական համայնքին: Այնտեղ նաեւ նշվում էր Արեւմուտքի վերաբերմունքը Իդլիբ նահանգում Ռուսաստանի եւ Իրանի գործողությունների հետ կապված: Կարծում եմ, հիմա որեւէ ուժ, որն այսօր Սիրիայի խնդիրներին մասնակցում է, խնդիր չունի նրա հետ, որ մեր առաքելությունը աշխատի Հալեպում, ուր կա հայկական համայնք: Այս իմաստով, կարծում եմ, թափանցիկության ու ոչ թափանցիկության խնդիր չկա: Ընդհանուր առմամբ, դիվանագիտության մեջ թափանցիկության աստիճանը մի փոքր պակաս է լինում: Ես համոզված եմ, որ մեր դիվանագիտությունը հստակ բացատրում է մեր բոլոր գործընկերներին` լինեն դրանք թե՛ հյուսիսում, թե՛ արեւելքում, թե՛ հարավում, թե՛ արեւմուտում, թե մեր քայլերը ինչ նպատակներ են հետապնդում, եւ ինչ նպատակներ չեն հետապնդում: Մենք թյուրըմբռնումներ չենք ունենա: Այն մեկնաբանությունը, որ մենք սա արել ենք, որ իբր ռուսներին դուր գալու համար, լուրջ չի, որովհետեւ նման քայլերը արվում են շատ ավելի լուրջ հիմնավորումներով:

-Անհանգստությունն, ի վերջո, ոչ այնքան այն է, թե ինչպես կարձագանքեն ԱՄՆ-ն կամ եվրոպական պետությունները, այլ այն, թե հումանիտար առաքելություն իրականացնողները ինչ անվտանգային երաշխիքներ ունեն. կա՞ որդյոք այդ երաշխիքների իրավական ամրագրումը:

-Ես համոզված եմ, որ գործադիր իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի ապահովի մեր հումանիտար առաքելության անդամների անվտանգությունը: Ինձ թվում է` ՊՆ-ի փոխարեն ես այս հարցին ճիշտ չի լինի, որ պատասխանեմ: Համոզված եմ, որ խորհրդարանը այդ գործընթացները պահելու է իր ուշադրության ներքո, եւ եթե որեւէ խնդիր լինի, վստա՛հ եղեք, որ այն կբարձրաձայնվի:

Զրուցեց Մարիամ Դանիելյանը




Լրահոս