Արման Մկրտումյանին կանչել են ՀՔԾ. հասել է տեղ և ձեռնունայն հետ գնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իրավապահները Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ու իր տան վրա հարձակված անձանց հետ առերեսում են փորձել կազմակերպել, սակայն չի կայացել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Արման Մկրտումյանը գնացել է Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի առերեսվի այդ անձանց հետ, սակայն գործով մեղադրյալները հրաժարվել են առերեսումից: Թե ինչն է եղել պատճառը, այդպես էլ հայտնի չէ. նրանք չեն մեկնաբանել իրենց քայլը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, 3 անձինք զինված հարձակվել էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա, եւ նրա որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին. մյուս երկուսը փախուստի էին դիմել:

Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ վնասազերծված անձը Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել. նրան հայտնաբերել են Վրաստանում եւ ամիսներ անձ արտահանձնել:

Գրել էինք, որ իրավապահները, ուսումնասիրելով ավազակային հարձակման վարկածները, չեն բացառել, որ այս դեպքը կապ ունենա ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահի եւ ԱԺ նախկին պատգամավորի շուրջ տեւական ժամանակ հասունացած դատական թնջուկի հետ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը բանկերից մեկի հետ խնդիր է ունեցել եւ չի ցանկացել կատարել իր պայմանագրային պարտավորությունները:

Արդյունքում բանկի եւ նախկին պատգամավորի միջեւ դատական վեճը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախկին պատգամավորը փորձել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի միջոցով իր եւ բանկի միջեւ առաջացած անհաշտությունը իր օգտին լուծել, սակայն մերժում է ստացել: Դրանից հետո Կարո Կարապետյանը դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ինչեւէ, այս գործով նախաքննությունը ավարտին է մոտեցել, քանի որ Կարո Կարապետյանը մահացել է, իսկ, ահա, ավազակային հարձակման գործով անցնող անձինք չեն ցանկանում առերեսվել տուժողների հետ:

Քնար Մանուկյան




Լրահոս