Հայաստանի ամեն քամի, միջադեպ անպայման իմ ներսով անցնում է, այդ առումով ես խոցելի եմ. Էմմա Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանն է: Մենք խոսել ենք նրա նախասիրությունների, էությանը բնորոշ կողմերի, յուրահատկությունների մասին: Երգչուհին անդրադարձել է կին-տղամարդ հարաբերություններին, 21-րդ դարի չարիքին եւ իր կյանքի դժվարին փուլին: Նա խոստովանել է, որ անկախ Հայաստանի կյանքի ամեն շրջադարձ, քամի, միջադեպ անպայման իր ներսով անցնում է, այդ առումով ինքը խոցելի է. չի կարող աչքերը փակել եւ ասել, որ դա իր գործը չէ:

-Էմմա՛, ո՞ր դեպքում է Ձեր օրը տոն դառնում: Դա հե՞շտ է իրականացնել:

-Երբ դրական լիցքեր եմ ստանում կլինի դա աշխատանքային, թե այլ մթնոլորտում, որտեղ պարզապես կա փոխադարձ ջերմություն:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է օրվա լավագույն պահը:

-Մի օր՝ երեկոն, մի օր՝ առավոտը: Բայց շատերի համար գուցե երեկոն է, որովհետեւ այդ ժամանակահատվածում նրանք ազատ են եւ անկաշկանդ:

-Ձեզ հնարավո՞ր է մանրուքներով ուրախացնել:

-Իհարկե:

-Այս երեքից ո՞ր հատկությունն այնքան էլ բնորոշ չէ Ձեզ՝ պարտաճանաչ, բծախնդիր, պունկտուալ:

-Երեքն էլ բնորոշ է ինձ:

-Ո՞րն է 21-րդ դարի չարիքը եւ որը՝ բարիքը:

-Չարիքն էլ, բարիքն էլ համացանցն է: Մինչ օրս գրանցված չեմ «Ֆեյսբուքում», քանի որ չեմ ուզում ապրել մի իրականության մեջ, որն իրական չէ, որը թելադրում է իր կանոնները, ռեժիմը: Ինչպե՞ս կարելի է ամեն բանի մասին պատմել եւ դրա համար ստանալ «լայքեր»: Դա աբսուրդ է: Բայց որպես գյուտ, արագության, հասանելիության ապահովման միջոց` գնահատում եմ համացանցի դերը:

-Եթե սիրել, ապա…

-Ինքնամոռաց եւ անձնվեր, ապրել այդ զգացմունքի համար քո մարմնից դուրս, տիեզերական ձեւով:

-Ձեզ հիասթափեցնում են մարդիկ, որոնք…

-Շատախոս են, եսասեր, ինքնահաստատման կարիք ունեն, միջակ են, բայց բարձր բղավող: Սիրում եմ համեստ, պրպտող մարդկանց: Իսկ, ընդհանուր առմամբ, ամեն մարդու փորձում եմ ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա: Կար ինչ-որ շրջան, երբ ըմբոստանում էի, հետո հասկացա, որ պետք է ընդունել իրականությունն ու անցնել առաջ:

-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել` կլինի անձնական, թե անանձնական մի բան:

-Անկախ Հայաստանի կյանքի բոլոր շրջադարձային պահերի հետ: Ես ապրում եւ ստեղծագործում եմ այս երկրում, եւ ամեն քամի, միջադեպ անպայման իմ ներսով անցնում է, այդ առումով ես խոցելի եմ: Չեմ կարող աչքերս փակել եւ ասել, որ դա իմ գործը չէ:

-Շարունակե՛ք միտքը. «Կինը կարող է անգամ աշխարհը շուռ տալ, եթե…»

-Եթե գիտի՝ հանուն ինչի:

-Ո՞րն է տղամարդու սիրտը գերելու լավագույն ձեւը, կա՞ այդպիսի մի հնարք:

-Հատուկ մի բան չկա: Իմ դեպքում այսպես է. արտիստիկ կինը գտել է արտիստիկ ամուսնու, ում հետ պայքարում է, լինում է բեմում, կուլիսներում, եփվում է մի կաթսայի մեջ եւ այդ կաթսայից դուրս: Ամենակարեւորն այն է, որ ես որեւէ բան չեմ անում որեւէ բան ստանալու համար: Դա իմը չէ:

-Չեք դադարում հիանալ…

-Գեղեցիկով, ներդաշնակով, բնությամբ, զինվորով, լավ զավակով:

-Պահապան հրեշտակների գոյությանը հավատո՞ւմ եք:

-Եթե ասեմ, որ շնչում եւ արտաշնչում եմ նրանց մասին մտածելով, սուտ կլինի, բայց երեւի թե կա այդպիսի մի բան:

-Ձեզնից հազիվ թե դուրս գար բժի՞շկ, ուսուցի՞չ, թե՞ մոդել:

-Մոդել:

-Մի ուտելիք, որից անսահման օգտվելու հնարավորության դեպքում Ձեզ երջանիկ կզգայիք:

-Ելակ:

-Ձեզ երբեւէ թվացե՞լ է, որ Դուք ունեցել եք նախկին կյանք, դեժավյուներ հաճա՞խ եք ունենում:

-Այո, լինում են նման պահեր, ապրել եմ այդպիսի ակնթարթներ:

-Շո՞ւն, թե՞ կատու:

-Երկուսն էլ:

-Որտե՞ղ է թաքնված Ձեր ամենամեծ հմայքը:

-Ձայնիս մեջ:

-Եվ վերջում՝ իմ ո՞ր հարցը Ձեզ դուր եկավ:

-Կարելի է ասել՝ բոլորը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս