ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ ԱՆՏՈՒՆ Է ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո 60-ամյա Սիլվա Հովսեփյանն արդեն 22 տարի  անտուն է: Նա աղետից անմիջապես հետո տեղափոխվել է Երեւան, հայտնվել փողոցում` դառնալով մուրացիկ:Տիկին Սիլվան Երեւանի տարբեր թաղամասերում վարձով է ապրել եւ արդեն 4 տարի է՝ տարբեր փողոցներում  ժողովրդի ձեռքին է նայում: Նրան մենք հանդիպեցինք Երեւանի Տիգրան Մեծ փողոցում` Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի գետնանցումում: Բայց պարզվեց, որ դա նրա միակ «աշխատանքի վայրը չէ»: «Ես տարբեր տեղեր եմ նստում: Մենակ եմ ապրում` վարձով: Ամուսնուս կալանավորել են 2 տարով: Կռիվ եղավ, իրեն անիմաստ մեղադրեցին ինչ-որ աղջկա ծեծելու համար: Մի հատ էլ աղջիկ ունեմ, ամուսնացել ա, Ռուսաստանում ա արդեն 8 տարի: Ինձ որ տեսնի, երեւի չի էլ ճանաչի»,- պատմեց տիկին Սիլվան:   Երկրաշարժի հետեւանքով տնից զրկված 60-ամյա կնոջ խնդրանքը  Սերժ Սարգսյանը մերժել է: Նրա խոսքերով. «Հազար անգամ նամակ եմ գրել, որ էս թաղամասում եմ ապրում: Նամակները հազար անգամ տարել-տվել եմ թ՛ե իրեն, թ՛ե էն դռան մոտ նստող տղուն: Ինձ ասել են` էստեղից դավայ, նույնիսկ հայհոյել են, էլ ինչ անեմ, ստիպված հույսս դրել եմ իմ ժողովրդի վրա, որը քչից շատից ինձ օգնում է»: Այսպիսով՝ տիկինը որոշել է չերեւալ Սերժ Սարգսյանի աչքին եւ 25 հազար դրամ վարձավճարով բնակվում է 4-րդ գյուղում: Նա մուրացիկությամբ է զբաղվում, քանի որ ոչ մի օգնություն չի ստանում: Նույնիսկ թոշակ չի ստանում: «Որտեղի՞ց թոշակ ստանամ, որ անգամ գրանցում չունեմ: Երկրաշարժից հետո ամեն ինչից զրկվել եմ, այ բալա ջան, ինձ ով ա հիշում, ով ա մտածում իմ մասին: Մենակ իրանք են լափում, օրերից մի օր ըսենց քո նման չեն գալիս, ասում, այ տատի ջան, խի ես էս վիճակին հասել… էսքանից հետո մարդն անգամ հավատն ա կորցնում կյանքի հանդեպ»: Տիկինը վստահեցրեց, որ մեծ սիրով կաշխատեր ինչ-որ տեղ, բայց ոչ մեկն էլ այդ տարիքում նրան գործ չի վստահում. «Համ էլ ոտքերս նորմալ չեն աշխատում»: Փողոցում հայտնված եւ կյանքում այլեւս ոչ մեկին չհավատացող 60-ամյա կինը միայն մի ցանկություն ունի. «…որ էս պետությունը օրերից մի օր հիշի իր նմաններին, որոնք փողոցում են հայտնվել այդ տարիքում եւ սառը քարերին նստած՝ 10-20 դրամի համար առողջությունից վերջնականապես զրկվում են: Ուզում եմ մի ուգլ տան` ապրեմ, արդեն ծեր եմ, էլ ոչ մի բան չեմ կարողանում անել»: Տիկինը չցանկացավ, որ իրեն լուսանկարենք` ասելով, թե. «Գործ չունեմ, այ աղջիկ ջան, հիմա էլ կընգնեն հետեւիցս ու թույլ չեն տա գոնե էս ձեւով ապրեմ: Էդ մեկը չեմ ուզում, եթե ինձ ուզենան օգնել, կարան գան էստեղ, մեկ ա ամեն օր էլ էստեղ նստում եմ` Ռասիայի մետրոյի  անցումում»:Փաստորեն, մեր երկրում կենսաթոշակ ստանում են այն մարդիկ, որոնք կարողանում են իրենց հարցերը լուծել սոցիալական ծառայությունների հետ: Իսկ նրանք, ովքեր փաստաթղթային խնդիրներ ունեն, փաստացի զրկված են ապրելու իրավունքից: Ու այս ոգով էլ մեր երկրի իշխանիկներն  ազատվում են աղետի գոտուց եւ վերջ տալիս աղքատությանը: ՍՈՆԱ  ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս