Օրեր առաջ Հայաստան էին այցելել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամները եւ բազմաթիվ հանդիպումներ ունեցել: Իհարկե, ռուսական պատվիրակության այցը Հայաստան նորություն չէ, քանի որ նախկինում խորհրդարանական համագործակցությունը երկու երկրների միջեւ միշտ էլ ակտիվ է եղել: Ընդ որում, այդ ակտիվությունը չէր դադարել նաեւ թավշյա հեղափոխությունից հետո` անցումային շրջանում, երբ խորհրդարանում իշխող ուժը այլ էր, գործադիրում` այլ:
Հետաքրքիր է, որ, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ ռուսական պատվիրակությունը Հայաստան էր եկել հայկական կողմի, մասնավորապես` Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հրավերով: Հետաքրքիր է, որ նախորդ դեպքերում պատվիրակությունները Հայաստան էին ժամանում հիմնականում իշխող ուժի հրավերով. թերեւս այս մեկը բացառություններից է:
Ընդ որում, Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակությունը, այստեղ գտնվելով, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, նաեւ հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Ընդգծենք, որ ռուսական կողմը շատ է կարեւորել նորաստեղծ հանձնաժողովը, որի նախագահի հրավերով էլ Հայաստան են եկել: Խոսքը ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մասին է, որ, ռուսական կողմի խոսքով, կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ երկու երկրների համանման հանձնաժողովների արդյունավետ համագործակցության համար:
Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության առումով մշտապես ակտիվ է եղել նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեն` ի դեմս նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի: Օրինակ` դեռեւս հոկտեմբերին, երբ տեղի էր ունեցել խորհրդարանի շենքի «գրավումը», Զատուլինի պատվիրակությունը շտապել էր Հայաստան, հանդիպել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների: Սակայն նրան չէր հաջողվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ նրա թիմի այլ անդամների հետ: Իսկ հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, եւ ռուսական պատվիրակությանն ընդունել է անձամբ Արարատ Միրզոյանը:
Ռուսական պատվիրակության այցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ` ամփոփելով այցի արդյունքները: Նախ ընդգծենք, որ Կալաշնիկովը մեզ հետ զրույցում կարեւորեց այդպիսի անվամբ հանձնաժողովի առկայությունը` ընդգծելով, որ նախորդ գումարումների խորհրդարանում գործում էր միայն եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողով, ինչը սխալ էր: Միեւնույն ժամանակ, Կալաշնիկովը չթաքցրեց, որ Ռուսաստանում տարբեր տրամադրություններ են առկա Հայաստանում տիրող իրավիճակի մասին, եւ իրենք եկել էին այդ ամենը հասկանալու համար:
«Ես դրական եմ համարում առաջին հերթին այն առումով, որ ՌԴ-ում, չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, սկսում են հետեւություններ անել, խոսել լավ ու վատ սպասելիքների մասին: Մենք չենք կարող չիմանալ մեր գործընկերներին, նրանց պատկերացումները եւ այդ պատճառով էլ եկել էինք», – նշեց նա:
Նրա խոսքով` խորհրդարանական մեծամասնությունն ու իշխանությունն այժմ փնտրում են ուղիներ` Հայաստանի հետագա զարգացման համար: «Դա բազմաթիվ փաստերով է պայմանավորված, օրինակ` նոր թիմով, նոր կառավարությամբ: Եկել են նոր մարդիկ, նրանցից ոմանք ընդհանրապես չեն հասկանում խորհրդարանական աշխատանքը, մյուսները գիտեն եւ սերտել են», – հավելեց նա:
Հետաքրքիր է, որ Լեոնիդ Կալաշնիկովը բացի խորհրդարանականների հետ հանդիպումներից հանդիպել է նաեւ արտախորհրդարանական երկու ուժի` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: «Չնայած նրանք տարբեր են իրենց ուղղվածությամբ, սակայն, ամեն դեպքում, ազդեցիկ ուժեր են Հայաստանում, այդ պատճառով ցանկանում էի նաեւ նրանց հետ զրույցներ ունենալ: Իհարկե, իրենց տեսակետները երկրի զարգացման առումով տարբեր էին, եւ այդ պատճառով էլ նրանք տարբերվում են: Սակայն ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր ուժերին, եթե նրանք ցանկանում են միայն լավը Հայաստանի համար: Ես նրանց հետ շփվել եմ նաեւ նախկինում եւ իմ պարտքն եմ համարում շփվել նաեւ այժմ», -ընդգծեց նա:
Դիտարկմանը` այդ կուսակցությունները շա՞տ են բողոքել ներկայիս իշխանություններից, Կալաշնիկովը նկատեց. «Ես չեմ ցանկանում Ձեզ փոխանցել մեր զրույցի մանրամասնությունները, քանի որ ինձ դա ոչ ոք չի երաշխավորել, եւ դա կոռեկտչի լինի»:
Ամեն դեպքում, հետաքրքիր պատկեր է ստացվում. հայկական կողմի, ավելի շուտ` կոնկրետ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հրավերով նրանք գալիս են Հայաստան, սակայն հանդիպում են նաեւ այժմ արդեն ընդդիմադիր ուժերին` իհարկե չշրջանցելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւս:
Նաիրա Հովհաննիսյան