Կարիերայիս սկզբնական փուլը դժվար էր, պատասխանատու. Սոնե Սիլվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի Սոնե Սիլվերն է: Մենք նրան բացահայտել ենք նոր, հետաքրքիր ռակուրսից: Երգչուհին պատմել է իր նախասիրությունների, առավելությունների, թերությունների, կանացի գաղտնիքների մասին: Սոնեն անդրադարձել է նաեւ կարիերային, դրա հետ կապված դժվարին փուլերին: Նա խոստովանել է, որ սկզբնական շրջանում իր համար դժվար է եղել հունի մեջ ընկնելը, սակայն դրա հետ մեկտեղ երբեւէ չի մտածել ոլորտը լքելու մասին:

-Սոնե՛, Երեւանում սիրելի գողտրիկ վայր ունե՞ք:

-Իհարկե, Կասկադը: Բավական հաճախ եմ այնտեղ լինում:

-Սովորաբար ո՞ւմ հետ զրույցն է փարատում Ձեր հոգին, մխիթարում, բուժիչ հատկություն ունենում Ձեզ համար:

-Մայրիկիս հետ զրույցներն այդ առումով ունիկալ են: Նա ե՛ւ մայր է, ե՛ւ ընկեր, ե՛ւ… ամեն ինչ:

-Ձեր գնահատմամբ՝ ե՞րբ է եղել Ձեր կարիերայի պիկը:

-Դեռ չի եղել, բայց լինելու է:

-Իսկ կարիերայի ամենադժվարին փուլը ինչի՞ հետ էր կապված:

-Սկզբնական քայլերն էին դժվար, պատասխանատու: Որոշակի անորոշություն կար: Համագործակցությունների ընտրությունը, ճիշտ ներկայանալը իսկապես դժվար էր:

-Եղե՞լ են պահեր, երբ ցանկացել եք անվերադարձ հեռանալ այս ոլորտից:

-Երբեք չի եղել եւ չի էլ լինի: Ես ինձ համարում եմ բավականին ուժեղ մարդ:

-Կա՞ կենդանի, որին արտաքնապես նմանեցնում եք Ձեզ:

-Ես՝ ոչ, բայց ընկերներս շատ են ասում, որ նման եմ ընձառյուծի:

Ո՞րն է լավ ժամանակ անցկացնելու ամենաօպտիմալ տարբերակը Ձեզ համար:

-Հարազատ մթնոլորտում մտերիմների հետ հանդիպումը, ամենակարեւորը, աշխույժ, ակտիվ ժամանց լինի:

-Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է Ձեր բնավորության ամենաանտանելի կողմը:

-Ծայրահեղ մարդ եմ: Բայց, առհասարակ, ինձ հետ դժվար չէ շփվելը:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ առավելությունը:

-Բարի եմ, եթե անգամ գիտեմ, որ տուժելու եմ դրանից, միեւնույն է, դա վերեւում աննկատ չի մնա:

-Ամենաշատը ո՞ր հարցում եք ծուլանում:

-Զգեստապահարանս հավաքելիս: Ես երազում եմ, որ ներսում փոքրիկ մարդուկներ լինեն, որոնք իմ հետեւից կհավաքեն եւ կծալեն շորերս (ծիծաղում է):

-Ձեզ չեք ների, եթե…

-Չհասնեմ նպատակներիս:

-Մարդկային ո՞ր հատկությունն է զարմացնում Ձեզ:

-Հիմարությունը, անմտությունը: Երբեմն իրոք զարմանում եմ՝ այդ մարդիկ ոնց են այդ ուղեղով ապրում:

Այս երեքից ո՞րը Ձեր մասին չէ՝ համառ, բռնկուն, կպչուն:

-Կպչունը շատ հեռու է ինձնից: Անգամ շատ մտերիմ մարդկանց գրելու, զանգելու սովորություն չունեմ: Նրանք գիտեն այդ մասին, բայց նրանք, ովքեր լավ չեն ճանաչում ինձ, նեղանում են:

-Ձեր օրը չեք պատկերացնում, առանց…

-Առավոտյան սուրճի:

-Ձեզ իշխող բնավորությամբ մարդ համարո՞ւմ եք:

-Ես իմ տեսակով լիդեր եմ: Ընդհանրապես, կինը կարող է այնպես իշխել, որ ոչ ոք դա չնկատի: Կինն է աշխարհի շարժիչ ուժը:

-Ինչպիսի՞ն են քաղաքականության հետ Ձեր հարաբերությունները:

-Մի պահ շատ հետաքրքրված էի, բայց գալիս է մի պահ, երբ նախընտրելի է կողքից նայելը: Նախընտրում եմ նեյտրալ դիրքում լինել:

-Ո՞վ է Ձեր համակրելի քաղաքական գործիչը:

-Որպես քաղաքացի՝ համակրում եմ մեր նախագահ Արմեն Սարգսյանին:

-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:

-Ազնիվ, անկեղծ, կամեցող տեսակը:

-Ներողամի՞տ եք, թե՞ հիշաչար:

-Գիտե՞ք, ես ներում եմ բոլորին եւ շատ արագ եմ մոռանում այն ամենը, ինչ ինձ ժամանակին ցավ է պատճառել: Գուցե դա նաեւ էգոիզմի դրսեւորում է, քանի որ չեմ ուզում ներսս թունավորել եւ փորձում եմ դրական լիցքերով ապրել: Հաճախ ինձ ուրիշներն են հիշեցնում ինչ-ինչ բաների մասին, որոնք ինձ ցավ են պատճառել:

-Ո՞րն է Ձեր հոգու գույնը:

-Սպիտակը, դա ասոցացնում եմ պարզության եւ մաքրության հետ: Թող անհամեստ չհնչի, բայց շատերն են ինձ այդպիսին համարում:

-Կինը գեղեցիկ է, երբ…

-Սիրված է ու խնամված: Մեկը ներքին, մյուսը արտաքին որակ է:

-Եվ վերջում՝ իմ ավանդական հարցը. հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Ծուլության մասին հարցը, քանի որ պատասխանը մեզ զվարճացրեց…

Աննա Բաբաջանյան




Լրահոս