«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հետ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին:
-Պարո՛ն Մխոյան, հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել էր «Հայնյուզ» լրատվական կայքի ղեկավար Մհեր Եղիազարյանը: Դուք` որպես ՔԿ ծառայության պետ, Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում նրա մահվան մեջ:
-Ցանկանում եմ հետեւյալը նշեմ, որ տարբեր հարթակներում Մհեր Եղիազարյանի մահվանից հետո թե՛ Արդարադատության նախարարը, թե՛ արդարադատության նախարարի տեղակալը, թե՛ ՔԿ ծառայության պետի տեղակալը տվել ենք պարզաբանումներ կոնկրետ դեպքի եւ իրավիճակի մասով: Այսօր ես ձեռնպահ կմնամ որեւէ պարզաբանում կամ մենաբանություն տալուց, քանի որ առկա է քրեական գործ, եւ այն գտնվում է նախաքննության փուլում: Ինձ թվում է` նախաքննության ընթացքում եւ ավարտից հետո մենք բոլոր հարցերի պատասխանը կունենանք, թե ովքեր են մեղավոր, եւ ինչ պատասխանատվության կենթարկվեն մեղավորները:
-Լավ, քննություն է գնում, բայց համոզված լինե՞նք, որ կատարվածը դաս եղավ, եւ այսուհետ մարդկանց անտարբերության չեք մատնի, ավելի զգոն կլինեք:
-ՔԿՀ-ներում զգոնությունը միշտ բարձր է եղել` անկախ նրանից` Մհեր Եղիազարյանի դեպքը տեղի կունենար, թե ոչ, որովհետեւ ամենօրյա բուժանձնակազմի հսկողության ներքո են գտնվում բուժման կարիք ունեցող կալանավորված անձինք եւ դատապարտյալները: Իսկ այն անձինք, ովքեր ունեն պատժի հետ անհամատեղելի հիվանդություններ, ինչպես արդեն մենք հաշվետվությամբ ենք հրապարակել 2018 թվականին, 16 դատապարտյալ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, այսինքն` այդ ազդակը չէ, որ պետք էր մեզ, որ մենք զգոնությունը ապահովեինք. զգոնությունը մեր ամենօրյա աշխատանքն է:
-Կալանավորները, դատապարտյալները բարձրաձայնում են այլ բան, որ մինչ կալանավորը, դատապարտյալը, ծայրահեղ քայլի չի դիմում, նրան օգնություն ցույց չեն տալիս: Վերջիններս մեզ հայտնել են, որ դիմում են ՔԿՀ ղեկավար կազմին, դեղ են խնդրում, ասում են` չկա: Դա է պատճառը թերեւս, որ մարդիկ իրենց են վնասում արդյունքի հասնելու համար:
– Միանգամից ասեմ, որ այդ պատկերը չունենք, քանի որ քրեակատարողական հիմնարկներում բոլորը, ովքեր ունեն բուժօգնության կարիք թե՛ ստացիոնար պայմաններում, թե՛ հիմնարկում ամբուլատոր բուժօգնություն ստանալու, ստանում են առանց որեւէ խնդրի: Մենք չունենք այնպիսի մի օր, որ ՔԿՀ-ներից քաղաքացիական բուժհասատություն չտեղափոխվեն մի խումբ դատապարտյալներ կամ կալանավորներ:
Այսօր բոլոր դատապարտյալները բուժօգնությունը ստանում են պատշաճ, ինչ վերաբերում է նման ահազանգերին, մենք ունենք կոնտինգենտ, որոնք տարբեր պրովակացիաներ են ուզում անել, որոնք եւս գտնվում են բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում:
-Թվում է` թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ պետերը դաս կքաղեին նախկինում բացահայտված դեպքերից եւ որեւէ դատապարտյալի, ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով, «լավություն անելու» դրսեւորում չէինք ունենա:
Բայց օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակեց համաներման վերաբերյալ խախտումների մասին, եւ, ահա, մեկ դեպք կապված էր ՔԿՀ պետի գործունեության հետ:
Միայն մեկ դեպքում է, որ դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերացվել է քրեակատարողական հիմնարկի պետի որոշում, որը վերաբերել է դատապարտյալի պատժի չկրած մասը անհիմն կերպով 1/3-ով կրճատելուն: Հիմա կասե՞ք, թե որ ՔԿՀ պետն է եղել, որ կալանավորի պատժի չափ է կրճատել, «լավություն է արել»:
-Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ընդամենը մեկ դեպք էր գրված: Ձեզ ցանկանում եմ հավաստիացնել, որ համաներման գործընթացը շատ ծավալուն եւ շատ աշխատատար գործընթաց էր: Կարող եմ թվերով ասել, որ այսօրվա դրությամբ համաներում ՔԿ-ի կողմից կիրառվել է 908 դատապարտյալի նկատմամբ, որից 605 դատապարտյալները ազատ են արձակվել, իսկ 303-ի նկատմամբ պատժի կրճատում է եղել: Իսկ 908 որոշման մեջ մեկ դեպք հնարավոր է:
-Ի՞նչ դեպքի մասին է խոսքը, կմանրամասնե՞ք:
-Ուրեմն դեպքը վերաբերում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Մխիթար Մխիթարյանի նկատմամբ պատժաչափի կրճատմանը: Լոռու մարզի դատախազի կողմից մենք ստացել ենք համապատասխան միջնորդություն, մենք ՔԿՀ պետին հրավիրել ենք Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին, դատապարտյալի անձնական գործն ենք ուսումանասիրել եւ արձանագրել ենք, որ եղել է անձնական գործի նյութերի համեմատության պակաս, որի արդյունքում էլ կայացվել է նման որոշում: ՔԿՀ պետի միջնորդության հիման վրա ինքն իր որոշումը վերացրել է, անվավեր է ճանաչել:
-Այսինքն` ՔԿՀ պետը ընդամենը վրիպե՞լ է, այլ ոչ թե ինչ-ինչ շահագրգռվածության արդյունքում դատապարտյալին «լավությունը արել»:
-Այդ երեւույթը չի եղել, դա փաստում է այն հանգամանքը, որ եթե ՔԿՀ պետը որեւէ շահագրգռվածություն, մոտիվացիա ունենար, Դուք պատկերացնում էիք` դատապարտյալը բողոքի տեսակետ կունենար կամ կփորձեր ինչ-ինչ տարբերակներով հասներ իր նպատակին: Նորից կրկնեմ` 908 դեպքից մեկ բացթողումը, դա ինքնին…. :
-Հիմա վերջնարդյունքում ՔԿՀ պետը շարունակո՞ւմ է պաշտոնավարել, դատապարտյալը կրո՞ւմ է իր պատիժը:
-Իհարկե, տեխնիկական խնդիր է եղել: Մենք նաեւ հաշվի ենք առել խախտման բնույթն ու վտանգավորության աստիճանը, այդ իսկ պատճառով կարգապահական որեւէ քայլ չենք կիրառել պետի նկատմամբ, քանի որ մինչ պետին հասնելը բազմաթիվ աշխատակիցներ են դրա վրա աշխատում:
-Նոր Հայաստանում ասում են` այլեւս քրեական տարրեր չկան, արտոնյալներ չկան: ՔԿՀ-ներում «զոն նայողների» ինստիտուտը վերացնելու համար ի՞նչ եք անում:
-Նոր Հայաստանում մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ պայքար ենք տանում հանցավոր ենթամշակույթի դեմ: Ունենք նաեւ օրենսդրական նախաձեռնությունը, որը շրջանառության մեջ է, ու երբ կդառնա օրենք, այն կսկսի գործել, եւ պայքարն ավելի արդյունավետ կդառնա: Մենք պայքարում ենք, որ ՔԿՀ-ներում չունենանք արտոնյալ դատապարտյալներ` սկսած խուզարկություններից, տեսակցություններից:
-Բայց բոլորը ինտերնետում են, անցած տարի իրավապահները հազարավոր դեպքեր բացահայտեցին, որ ՔԿՀ-ի ներսից նոր հանցագործություններ են կատարում: Դա ինչպե՞ս եք կանխում: Այսինքն` նրանք, փաստորեն, ՔԿՀ-ում չեն ուղղվում, այլ ազատազրկման մեջ էլ դիմում են հանցագործության:
-Երեւույթի դեմ պայքարում ենք: Նախ` սկսում ենք արգելված իրերի ներթափանցման ուղիների հայտնաբերմամբ: 2018 թվականին, եթե չեմ սխալվում, 60 բջջային հեռախոս մենք ներթափանցման փուլում ենք հայտնաբերել: Նախատեսված եւ չնախատեսված խուզարկությունների միջոցով ենք պայքարում, որը դարձել է շատ հաճախակի: Հայտնաբերել ենք 2018 թվականին ռեժիմային տարածքից 2000-ից ավել բջջային հեռախոսներ: Եվ կան նաեւ տեխնիկական այլ տարբերականեր պայքարելու կամ վերահսկելու, որը այսօր ՔԿ ծառայությունը չունի, բայց բանակցում ենք:
– Ո՞րն է դա:
-Խլացուցիչների տեղադրումն է ՔԿՀ-ներում, ինտերնետի կապի արգելափակումը եւ այլն: Բանակցում ենք, քննարկումների փուլում ենք, որ կարողանանք ձեռք բերել նման տեխնիկական միջոցներ: Եթե խլացուցիչներ ունենանք, ՔԿՀ-ում ինտերնետ կապ չի լինի:
– Խնդիրը ո՞րն է, որ այդ միջոցները չկան:
– Դրա համար գումար է պետք:
-ՔԿՀ-ն գումար չունի՞:
-Այս պահի դրությամբ չունի:
-Իսկ հույս կա՞, որ գումար կունենաք:
– Այո:
-Կալանավորների հարազատները պնդում են, որ թղթախաղը քանդում է իրենց տները, որ իրենց հարազատներին փրկելու համար գումար են հասցնում:
-Այսօր կարող եմ ասել, որ թղթախաղի հետ կապված գրեթե ազդակներ չունենք, որ ՔԿՀ-ներում թղթախաղով են զբաղվում, քանի որ էլի խուզարկութունների միջոցով եւ այլ միջոցներով փորձում ենք արգելել: Իսկ մոլախաղերի հետ կապված ասեմ, որ այսօր գրեթե ամեն ինչ կարող են օգտագործել խաղալու համար, ընդհուպ մինչեւ քար պահել, խաչբառ լուծել: Այսինքն` թղթախաղ, զառ, այսօր հասել ենք մինիմումի, որ չունենք, բայց մոլախաղի դեպքում տեխնիկապես եւ ֆիզիկապես հնարավոր չէ հասնել դրան, իրենք կազմակերպում են, բայց երեւույթը նվազել է :
-Դուք երկար տարիներ աշխատել եք ՔԿՀ պետ, Ձեզ ո՞ր արժանիքի համար ՔԿ ծառայության պետ նշանակեցին:
-Հարցը պետք է ուղղել առաջարկողին կամ նշանակողին:
Քնար Մանուկյան