Հարց քաղաքացիներից` երեք անդամ ունեցող ընտանիքը կարո՞ղ է օգնություն ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տանն ապրում ենք երեք հոգով` ես, կինս եւ որդիս: Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, տղաս ծառայության ընթացքում վիրավորվել է, ապա վիրահատվել: Հիմա առողջական վիճակը թույլ չի տալիս աշխատել: Կինս էլ չի աշխատում, մեզ է խնամում։ Մեր տունը սարսափելի վիճակում է. տանիքից կաթում է, ապրելու պայմաններ չկան: Ուզում եմ որոշակի օգնություն, աջակցություն ստանալ պետության կողմից: Խնդրում եմ որեւէ կերպ օգնել: Հնարավո՞ր է ստանալ օգնություն:

Ռազմիկ Կատվալյան, ք. Գավառ

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պետական նպաստների մասին» օրենքի 13-րդ եւ 16-րդ հոդվածների` ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք տրվող սահմանային միավորից:

Կառավարության 2014թ. հունվարի 30-ի N 145-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու» կարգի համաձայն` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում իր բնակության վայրը սպասարկող աջակցության տարածքային գործակալություն` ներկայացենելով դիմում-հայտարարագիր եւ անհրաժեշտ փաստաթղթեր:

Ընտանքիների անապահովության գնահատման համակարգում հաշվառում չունեցող ընտանիքները չեն կարող օգտվել այդ համակարգով տրամադրվող որեւէ օգնությունից (սոցիալական նպաստ, եռամսյակային հրատապ օգնություն եւ այլն):

Անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն եռամսյակային հրատապ օգնության տրամադրման համար: Նման օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող, անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում: Քաղաքացուն խորհուրդ է տրվում դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, մանրամասն պարզաբանումներ եւ խորհրդատվություններ ստանալու համար։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա․ Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացուն խորհուրդ է տալիս դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն` չընդունելով, որ նույն քաղաքացիները, չբավարարվելով գործակալության սին պատասխանից, ահազանգում են «Ժողովուրդ» օրաթերթին: Դեպքերը բազմաթիվ են, երբ տարածքային գործակալություններում «ցրում են» շարքային քաղաքացիներին, որոնք իսկապես հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս