Ձերբակալության հիմքեր ունեցել են, Արամ Դանիելյանը 680 մլն դրամի պարտք է թողել համայնքին. Կոտայքի մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, որը կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի աշխատակիցների հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։

-Պարո՛ն Պետրոսյան, Դանիելյանի ձերբակալումը կարո՞ղ ենք համարել թավշյա հեղափոխությունից հետո սկսված համատարած ստուգումների եւ քաղաքականության հետեւանք։

-Այո, իհարկե։ Նոր իշխանությունների եւ հետհեղափոխական նշանակումների, գործունեության արդյունք։ Որովհետեւ մենք հետամուտ ենք, որպեսզի հեղափոխությունը հասցնենք բոլոր համայնքներ, բոլոր մարզեր ու, առհասարակ, պետական եւ համայնքային միջոցների վրա լուրջ վերահսկողություն իրականացնենք։ Իսկ նախկինում բոլոր հանցավոր բացթողումները, յուրացումները պետք է ստանան իրենց արժանի իրավական գնահատականը։ Սա կարող ենք այդ համատեքստում դիտարկել։

– Հայտնի է, որ այլ վայրերում եւս ստուգումներ եղել են եւ առկա են։ Կարո՞ղ է այդ շղթան շարունակական լինել։

-Չեմ բացառում։ Մենք անցյալ տարի՝ իմ պատոնավարման սկզբից ի վեր, 7 համայնքներում պլանային եւ ոչ պլանային վարչական հսկողություններ ենք իրականացրել։ Մի մասում պարզապես փաստաթղթային ոչ էական խախտումներ են արձանագրվել, որոնք որ ընթացակարգերով շտկվել են, իսկ բոլոր այն տեղերում, որտեղ որ առերեւույթ յուրացումների կամ չարաշահումների փաստեր են ի հայտ եկել, մենք դրանք փոխանցել ենք իրավապահ մարմիններին, եւ քրգործեր են հարուցվել, ինչպես եւ Հրազդանի նախկին քաղաքապետի դեպքում էր։ Այս պահին էլ Աբովյան քաղաքում վարչական վերահսկողության գործառույթներ ենք իրականացնում։

-Ահազանգի հետքերո՞վ։

-Սա պլանային հսկողություն է եւ այս պահին ընթացքի մեջ է։ Տարածքային կառավարման մարմինը երեք տարին մեկ պետք է վարչական հսկողություն իրականացնի բոլոր այն ոլորտներում, որոնք համայնքի ենթակայության ներքո են։ Եվ Աբովյանինը պլանային են, այսինքն` որեւէ արտառոց բան չկա, եւ դիմում-բողոքների հետքերով չեն։ Իսկ Հրազդանինը կոնկրետ դիմում-բողոքների եւ ահազանգերի հետքերով են, եւ մենք միջնորդել էինք Տարածքային կառավարման նախարարությանը, որ ոչ պլանային ստուգումներ իրականացվեն, որից հետո էլ եղան այդ բացահայտումները։

-Սա, փաստորեն, Կոտայքի մարզում առաջին աղմկոտ ձերբակալությունն էր։

-Այո, կարող ենք ասել։ Նաեւ այս ձերբակալությունը տարբերվում է նրանով, որ նախաքննական մարմինը մի քանի անգամ կարճել է Արամ Դանիելյանին վերաբող քրեական գործը։ Սկզբից՝ հանցակազմի բացակայության պատճառով դա այլ դրվագներով էր։ Իսկ այս ձերբակալությունը մի այլ քրեական գործի շրջանակներում է, արտաքին աուդիտի արդյունքներով են վեր հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով։

-Եթե բազմաթիվ ահազանգեր են եղել, հնարավո՞ր համարում եք՝ մեղադրանքը լրացվի։

-Իրավական տեսակետից որեւէ մեկնաբանություն կոռեկտ չեմ համարում տալ, քանի որ չկա դատական ակտ, կա անմեղության կանխավարկած, բայց ունենք հանրային հնչեղություն ունեցող ձերբակալություն, եւ մեր իրավապահները, նշանակում է՝ բավարար հիմք են ունեցել նրան ձերբակալելու։

-Ամեն դեպքում, այլ բողոքներ եւս եղե՞լ են իր անձի հետ կապված։

-Առնվազն նրա պաշտոնավարման արդյունքում նա 680 մլն դրամի պարտք է թողել Հրազդան համայնքին եւ հեռացել։ Այսինքն` այդ պարտքերը տարբեր պատճառներով են եւ լրջագույն ֆինանսական բեռ, որը որ համայնքի նոր ղեկավարությունը մարզային ղեկավարության հետ համատեղ ջանում են շտկել։ Եվ փոխանակ մարզի ու համայնքի զարգացման ծրագրեր ներդնելու, մենք գլուխ ենք ջարդում՝ ինչպես, ինչ միջոցներով խնայողություն անենք, որ նախկին պարտքերը մարենք։

-Իսկ նման աղաղակող փաստեր` այլ համայնքապետերի հետ կապված, առկա՞ են։

-Համայնքներից մեկում կրկին ունենք կարճված գործ։ Խոսքը Քասաղ համայնքի մասին է, որտեղ իրավապահ մարմիններին փոխանցել ենք տվյալներ, սակայն հանցակազմի բացակայություն է եղել, գործ չի հարուցվել: Ունենք քրգործ հարուցված Պտղնի համայնքի ղեկավարի նկատմամբ։ Այնտեղ եւս վարչական վերահսկողություն ենք իրականացրել։

Մի քանի համայնքներում էլ յուրացումների փաստեր ի հայտ չեն եղել եւ ոչ էական խախտումներ են եղել եւ օրենքի սահմաններում շտկվել։ Իսկ մյուս դեպքերում, որ կա հանցակազմ եւ զանցանքներն ավելին են, քան թույլատրելի սահմանը, ապա գործում են իրավապահները։

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս