Վազաշենից Բերդ տանող ավտոճանապարհը` քանդման վտանգի տակ. սողանքը կարող է զոհերի պատճառ դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի տարածքում դեպի Բերդ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը քանդման վտանգի տակ է: Ակտիվացած սողանքի պատճառով հողի զանգվածն աստիճանաբար ավելի է ճնշում ճանապարհը: Այդ հատվածում 4 տեղ ասֆալտի ծածկը ձեւախեղված է:

Ընթացիկ ձմեռը սակավաձյուն է, եւ, հավանաբար, դա էր պատճառը, որ ճանապարհի այդ հատվածը դեռ դիմանում է: Մի քանի օրից` գարնանը, երբ հորդ անձրեւներ կտեղան, ճանապարհի այդ հատվածը ավելի վտանգավոր կդառնա: Նման սողանք կա նաեւ նույն ավտոճանապարհի` սահմանամերձ Այգեհովիտ գյուղի տարածքում: 2011թ. հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում քաղաքի տարածքում` միջպետական ավտոճանապարհին, հողի սողանք եղավ, որին զոհ գնաց 5 անձ: Սողանքից 2 օր առաջ` սեպտեմբերի 30-ին, այդ գոտում հողի փոքր փլուզում էր եղել, մամուլն անդրադարձել էր այդ փաստին:

Ու պետք է արձանագրենք` եթե այդ ժամանակ համապատասխան հակասողանքային կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեին, սողանքի գոտում գտնվող միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես փակվեր, հնարավոր կլիներ խուսափել 5 զոհերից:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս