Կարսում քանդվածը Չարենցի տունը չէ, ահազանգը կեղծ է. Հովիկ Չարխչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեւմտյան Հայաստան տուրեր կազմակերպող տուրիստական կազմակերպություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարս քաղաքում դեռեւս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը. այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Նաեւ նշվում է, որ ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում Կարսի բերդի ներքեւի հատվածում գտնվող այդ շինություն՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի հիշատակին։ «Տան քանդման հետ կապված այլ մանրամասները դեռեւս ճշտվում են»,-ասված է հայտարարության մեջ։ Պարզվում է, սակայն, որ ինտենսիվորեն տարածվող այս տեղեկատվությունը հավաստի չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գրականագետ, չարենցագետ Հովիկ Չարխչյանը հավաստիացրեց, որ քանդված տունը Չարենցինը երբեք չի եղել:

«Տարիներ շարունակ հատկապես հայկական տուրիստական գործակալությունները շահարկել են այդ փաստը այցելուներին հրապուրելու համար: Չարենցասերները գնացել, խնկարկել են այդ վայրում, մոմեր են վառել, բանաստեղծություններ են կարդացել՝ չիմանալով, որ այդ տունը երբեք Չարենցին կամ նրա ընտանիքին չի պատկանել: Իսկ թե որն է եղել Չարենցի տունը, հստակ նկարագրված է նրա «Երկիր Նաիրի» վեպում: Բավական է ուշադիր ընթերցել այդ մասը, եւ մարդիկ կհասկանան, որ Չարենցի տունը Կարսի բոլորովին այլ հատվածում է գտնվում: Գուցե այն այլեւս գոյություն չունի, գուցե քանդված է, համենայն դեպս դա այն տունը չէ, որի մասին ահազանգում են»,- մեկնաբանեց պարոն Չարխչյանը:

Նա նույնիսկ հիշեցրեց՝ տարիներ առաջ մշակույթի նախարարներից մեկը, չտիրապետելով ճշգրիտ փաստերին, ցանկություն էր հայտնել գնել այդ տունը եւ այնտեղ հյուրանոց կառուցել: «Մեր ահազանգերից հետո այդ գործարքը չեղարկեցին, այդ մտադրությունից հետ կանգնեցին»,- եզրափակեց գրականագետը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս