ՀԱՐՑ. Ես աշխատում եմ եւ ունեմ սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն: 3-4 տարի չեմ օգտվել այդ գումարից եւ այս տարիների ընթացքում իմ հաշվին կուտակված գումար ունեմ: Խնդրում եմ ասել` հիմա ես կարող եմ կանխիկացնել իմ գումարը, թե պարտադիր է աշխատանքից ազատվել, ապա նոր միայն կանխիկացնել գումարը:
Յուրիկ Մարտիրոսյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթի հատկացման կարգը սահմանված է Կառավարության 2012թ. դեկտեմբեր 27-ի N1691-Ն որշմամբ, որի N1 հավելվածի 19-րդ մասի ե՛ւ 1-ին, ե՛ւ 3-րդ կետերի համաձայն` սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել միայն հետեւյալ դեպքերում.
1. աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ու սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվում),
2. սոցիալական փաթեթի հաշվին առկա ազատ դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից եւ ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը:
Ելնելով որոշման կարգավորումներից` նշենք, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները կանխիկացնել հնարավոր է վերոնշյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, մնում է քաղաքացին համապատասխանի հիմքերից որեւէ մեկին, ապա նոր հնարավորություն ունենա կանխիկացնել սոցփաթեթում առկա դրամական իր հաշիվները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: