Ընտրական խնդիրները հավաքագրվում են. ինչ քայլեր են իրականացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ  հանդիպման ժամանակ անդրադարձել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Միրզոյանը հայտարարել է, թե ընտրական օրենսդրության բարեփոխումները, ընտրական համակարգի կայացումն ու համապատասխան ինստիտուտների զարգացումը Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւոր մասն են:

Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Միջազգային զարգացման (ՄԶԳ) գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության անդամներ, որոնք ժամանել են ԱՄՆ ՄԶԳ գործակալության հրավերով «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: ԱԺ նախագահը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում առաջիկայում իրականացվելիք քայլերն ու անհրաժեշտ իրավական կարգավորումների շրջանակը:

Նկատենք, որ թեեւ ԱԺ նախագահը խոսել է ԸՕ փոփոխությունների մասին, սակայն այս պահին դեռ որեւէ նախագիծ ներկայացված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ հիմա ինչ քայլեր են իրականացվում ԸՕ փոփոխությունների հետ կապված:

«Հիմա, որպես էդպիսին, քննարկումներ չկան այդ մասով: Հիմա խնդիրներ են հավաքագրվում, որպեսզի հասկանանք՝ ներքին փաթեթի ինչ ծավալներ են լինելու, ինչ խնդիրներ պետք է ամողջությամբ լուծվեն: Եթե նախկինում հրատապ փոփոխությունների կարիք կար՝ արտահերթ ընտությունների հետ կապված, ապա հիմա պետք է շատ խորքային փոփոխություններ արվեն»,- ասաց Հովակիմյանը:
Հարցրինք՝ բոլոր դեպքերում փոփոխություններ իրականացնելիս շեշտը ինչի՞ վրա պետք է դվի:

«Հենց այդ եմ ասում, որ հիմա դեռ ընթացքի մեջ է խնդիրների հավաքագրումը: Շեշտը դրվելու է ընդհանուր համակարգի բարելավման վրա: Օրինակ, ես՝ որպես պատգամավոր, խնդիրներ եմ առանձնացնում, գույքագրում, դրսի փորձն ենք նայում: Ու մեր գործընկերներից շատերն են դա անում: Նույնիսկ գիտեմ, որ հասարակական կազմակերպություններ կան, որ այդ գործով են զբաղվում»,-մեզ հետ զրույցում նշեց պատգամավորը:

Հետաքրքրվեցինք՝ սահմանվա՞ծ է ինչ-որ ժամանակաշրջան, որից հետո պետք է արդեն ամբողջությամբ հավաքված լինեն խնդիրները:

«Դուք խոսում եք ճանապարային քարտեզի մասին: Նման խնդիր չկա դրված մեր առաջ: Հիմա ոչ թե պետք է շտապել՝ արագ անելու համար, այլ խնդիր կա դրված հիմնավոր եւ լավ անել: Մեկ ամիս առաջ, մեկ ամիս հետո` դա էական չէ: Էականը խորքային փոփոխությունների իրականացումն է՝ օրենսգրքով, կուսակցությունների մասին օրենքով եւ այլն»,- ասաց պարոն Հովակիմյանը:

Լուսինե Մինասյան




Լրահոս