Հանդիպել ենք նույնիսկ օդիոզ դեմքերի. Սուրեն Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո շատ է խոսվել խորհրդարանում ընդդիմության բացակայության եւ այն մասին, որ իրական ընդդիմությունը ձեւավորվելու է ԱԺ պատերից դուրս: Եվ ահա` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ միավորողի դերը փորձում է ստանձնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որի անդամները հանդիպումներ են նախատեսել խորհրդարան չանցած մի քանի ուժերի հետ: Մասնավորապես մենք տեղեկացանք, որ նման մի հանդիպում արդեն եղել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հետ: Հանդիպում է եղել նաեւ ՀՅԴ ներկայացուցիչների հետ, թեեւ հանդիպումը կրել է ոչ պաշտոնական բնույթ:

Իսկ, ահա, ՔՈ-ի ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, սակայն ընդգծեց, որ ինքը միայնակ է հանդիպել, ոչ կուսակցության անունից, եւ այդ հանդիպմանը ՔՈ կուսակցությունը չի ներկայացրել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը մեզ հետ զրույցում մանրամասներ չներկայացրեց հանդիպումներից` նշելով, որ ինքը չէ նախաձեռնողը, եւ, ըստ էության, հանդիպումները այս փուլում ավելի շատ կատարվում են անհատների կողմից, ոչ թե կուսակցության:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, Դուք հանդիպել եք ԼՀԿ-ի հետ: Ի՞նչ է քննարկվել: Մի փոքր մանրամասնեք:

-Մենք հեղափոխական գործընթացներից առաջ պրոցես էինք սկսել, որ, ի վերջո, վերածվեց «Վերջ օլիգարխիայի» նախաձեռնության: Դրա հիմքում դրված է եղել այն համոզմունքը, որ երկարաժամկետ դրական արդյունքի հասնելու համար մեր երկրում սեփականության հարցը պետք է կարգավորվի: Դա հեղափոխության օրերին արձանագրվեց որպես պետական համակարգի դեկապիտալիզացիայի մասին օրենք, եւ մենք պլանավորում էինք, չկապելով որեւէ կուսակցության օրակարգի հետ, մինչեւ արտահերթ ընտրությունները այդ հարցը քննարկենք: Ցավոք, ընտրությունները տեղի ունեցան ավելի շուտ՝ առանց հեղափոխական օրակարգի այդ կետերի լուծման։ Մինչեւ արտահերթ ընտրություններն ընկած շրջանում հանդիպել ենք խորհրդարանական ուժերից «Ելք» ու «Ծառուկյան դաշինք» խնբակցությունների հետ։

Դաշնակցության եւ ՀՀԿ հետ հանդիպել չստացվեց, որովհետեւ խորհրդարանը լուծարվեց: Հիմա քանի որ «Լուսավոր Հայաստանի» անդամների հետ չէր հաջողվել քննարկել այս հարցը, ոչ կուսակցության անունից, այլ «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամներից մի քանի հոգով հանդիպել ենք ԼՀԿ-ի հետ եւ քննարկել միայն այդ հարցը: Սա, ըստ էության, արվում է հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու դեպքում հայեցակարգում հնարավորինս շատ կարծիքներ ու մոտեցումներ ներառելու նպատակով: Ենթադրում եմ, որ հանդիպում կլինի նաեւ «Իմ քայլը» խմբակցության հետ, կփորձենք այդ հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումների ու, ի վերջո, լուծման հանգեցնել։

-Կուսակցության մակարդակով հանդիպում չի՞ լինելու:

-Կարող է լինել, սակայն դեռ նման օրակարգ չկա: Հնարավոր է, եթե առաջարկ լինի:

-Կա՞ն հարցեր, որոնց շուրջ հանդիպումներ եք ունենում մյուս արտախորհրդարանկան ուժերի հետ, եւ ընդհանուր հայտատարի գալով` ուղիներ փնտրում դրանք խորհրդարան հասցնելու:

-Նման ֆորմատով հանդիպումներ չեն եղել:

-«Լուսավոր Հայաստանի» հետ միայն ա՞յդ հարցով եք համագործակցում: Կա՞ն օրակարգում ուրիշ հարցեր:

-Դա դեռ միակ հարցն է: Բայց ես ուզում եմ ասել, որ սա այն հարցն է, որ հանրային սուբյեկտներին մեր սյուբեկտիվ վերաբերմունքը կարեւոր չէ: Մենք հանդիպել ենք նույնիսկ շատ օդիոզ կերպարների հետ: Եղել են անձինք, ում մենք վաղուց մերժել ենք, բայց սա այն հարցն է, որ պետք է լայն, ամենալայն կոնսենսուսի պայմաններում ընդունվի, դրա համար էլ լավ ու վատ չկա:

Մեր դիրքորշումը այլոց հանդեպ դրանից չի փոխվում` ոչ լավանում է, ոչ վատանում, բայց մենք համագործակցելու հնարավորություն ենք տեսնում բոլորի հետ` մեր սիրած մարդկանց հետ, մեզ համար ոչ սիրելի մարդկանց հետ, հանրության կողմից ինչ-որ առումով չընդունված մարդկանց հետ: Հայեցակարգում նույնիսկ առաջարկել ենք, որ այդ հարցը հանրաքվեով լուծվի, ոչ թե խորհրդարանական մեծամասնությունը կնոպկա սեղմի, օրենք ընդունի, այլ դա պետք է հանրային պայմանագիր լինի` հանրության բոլոր ներկայացուցիչների, խավերի միջեւ:

-«Լուսավոր Հայաստանի» հետ ի՞նչ հայտարարի եկաք:

-Ի վերջո, բոլոր հանդիպումներում մենք փորձում ենք նվազագույն մի բանի շուրջ համաձայնության գալ։ Այն շատ պարզ բանաձեւ է՝ սեփականության օրինականության ճանաչում փոխհատուցման դիմաց եւ համաձայնության քաղաքական բաղադրիչը՝ քաղաքականությունից հեռացում՝ տնտեսական հանցանքների ներման դիմաց:

Լուսինե Մինասյան




Լրահոս