ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ ԱՅՆՊԻՍԻ ՍԵՐ, ՈՐԸ ՎԵՐՋԱՆԱԼՈՒ Է ՕՂՈՒ ՎՐԱ ՄԵՐ ՆԿԱՐՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

-Պարո՛ն Աշոտյան, օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի առաջին նիստը: Այս անգամ արդեն որպես արտախորհրդարանական ուժ եք նիստ անցկացրել: Սերժ Սարգսյանի կողմից ի՞նչ մեսիջներ փոխանցվեցին կուսակիցներին:
-ԳՄ նիստերը միակ ձեւաչափը չէ, որտեղ քննարկվում են կուսակցության աշխատանքները, ապա ծրագրերը: Աշխատանք տեղի է ունենում ամեն օր: Ես ամեն օր աշխատանքի եմ, կուսակցության նախագահը ամեն օր աշխատանքի է: Գրասենյակում նորից աշխուժություն է: Մեր քաղաքական գործունեությունը շատ տեսանելի է, չենք էլ թաքցնում, եւ այնպես չէ, որ նախագահն է մեզ ասում, ընդհանուր քննարկումների շրջանակում են կայացվում որոշումներ: Այո, նախագահը իր խոսքն ասում է` որոշումների հետ կապված: 3 հիմնական ուղղություններ կան` ներկուսակցական բարեփոխումներ, արդիականացում, երկրորդը ներքաղաքական օրակարգն է: Ինչ-որ մութ պատմությունների արդյունքում 4000 ձայն չհերիքեց, որ ՀՀԿ-ն մտնի խորհրդարան, բայց անգամ ընտրություններից հետո, ստանալով մեր 60.000 քաղաքացիների վստահության քվեն, վերանվաճելով իրենց սրտերը, եւ լինելով ՀՀ չորրորդ քաղաքական ուժը, շարունակում ենք քաղաքական օրակարգ ձեւավորել եւ թելադրել, օրինակ, ԵՄ-ՀՀ համաձայնագրի հետ կապված խնդիրները կիրառման, վավերականության մենք ենք գրել, օրինակ՝ Բաքվի ջարդերի՝ ԱԺ-ում հիշատակման եւ դատապարտման գաղափարը հուշել ենք մենք, Սիրիայում հայկական զորախումբ ապօրինի կերպով ուղարկելու Նիկոլ Փաշինյանի որոշման մասին մենք ենք բարձրաձայնել: Ցավոք սրտի, այսօրվա ԱԺ-ն ամենաապաքաղաքականն է Հայաստանի նորագույն պատմության մեջ: Ցավում եմ, որ քաղաքական միտքը ԱԺ-ում գոյություն չունի այս պահի դրությամբ:
-Խոսեցիք մութ պատմությունների մասին, բայց, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն չբողոքարկեց ընտրության արդյունքները: Ինչո՞ւ:
-Մենք չենք բողոքարկել ընտրության արդյունքները, որովհետեւ չէինք ուզում ցեխ շպրտել ՀՀ ժողովրդավարական իմիջի վրա, եւ սահմանադրական դատարան դիմելը ինքնանպատակ չէինք համարում: Բայց վստահեցնում եմ Ձեզ` ՀՀ-ում հերթական իշխանափոխությունից հետո կբացվեն այնպիսի տասնյակ պատմություններ, թե ինչպես, ում հանձնարարությամբ եւ ինչ մեխանիզմներով կանխվեց ՀՀԿ-ի մուտքը խորհրդարան, որ այս ընտրությունների ժողովրդավարական փուչիկը շատ արագ կպայթի: Հասարակության ճնշող մեծամասնությունը վստահ է, որ ՀՀԿ-ին չեն թողել անցնել խորհրդարան:
-Որպես արտախորհրդարանական ուժ` ինչպիսի՞ միջոցներով եք պայքարելու ներկայիս իշխանությունների դեմ:
-Ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը մեզ համար քննադատության թիրախում է, եւ այդ քննադատությունը ինքնանպատակ չէ: Այնտեղ, որտեղ մենք կտեսնենք ճիշտ քայլեր, այդտեղ կլինի դրական արձագանք: Այնտեղ, որտեղ ակնհայտ սուտ է, կեղծիք է, անգրագիտություն է, մենք պարտավոր ենք դրա մասին բարձրաձայնել: Բոլոր միջոցները օգտագործելու ենք, այդ թվում` ՀՀԿ-ի միջազգային գործընկերի աջակցումն ենք հայցելու, որպեսզի խորհրդարանական ձեւաչափից դուրս մնալով` կարողանանք արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունենալ, եւ սա մեզ համար կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այս կառավարությունը մարդկանց խոստացել է աշխատել, խոստացել է աշխատատեղեր, աշխատավարձի բարձրացում, ինչը չի արել եւ դժվար էլ անի: Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր երբեմնի հեղափոխական չակերտավոր իմունիտետը: Հիասթափությունը ամեն օր մեծանում է: ՀՀԿ-ն Փաշինյանին քննադատելու հիմքում դնում է բացառապես փաստեր: Մենք ընդամենը մեկ բանից ենք զրկվել` կառավարության նկատմամբ սահմանադրական վերահսկողություն իրականացնելու խորհրդարանական հնարավորություններից, բայց այդ խնդիրը հարթելու ձեւեր կան, եւ դա նույնպես կյանքի կկոչվի: Այսինքն` Նիկոլ Փաշինյանը հաշվետու է լինելու ՀՀ քաղաքացուն ամեն կատարած քայլի եւ չկատարած որոշման համար:
-Ձեզ պատկերացնո՞ւմ եք փողոցային պայքարի մեջ:
-Ինչո՞ւ չեմ պատկերացնում: Ես սկսել եմ որպես ՀՀԿ շարքային անդամ 2001 թվականին հենց միտինգներից` դրոշ բռնելով, ակցիաներ անելով: Եթե դուք Նիկոլ Փաշինյանին փողոցային քաղաքական գործչի կերպարից վարչապետ պատկերացնում եք, ուրեմն ՀՀԿ-ին էլ պատկերացրեք փողոցային քաղաքական գործունեության մեջ:
-Միքայել Մինասյանը, խոսելով խորհրդարանական ընդդիմության մասին, ասաց, որ ընդդիմությունը դատապարտված է ձեւավորվել խորհրդարանից դուրս: Ինչո՞ւ ձեւավորվել: Ուրեմն խորհրդարանում չկա՞ն հակազդող ուժեր:
-ՀՀԿ-ն այդ ընդդիմությունն է, որը այս պահի դրությամբ հակազդում է: Կան այլ ուժեր, օրինակ, ՀՅԴ-ն, որ այդքան մեծ պատմություն ունի: Կան նոր ուժեր, որոնք ստեղծվում են: Այսինքն` քաղաքական դաշտը այսօր խառնվել է, բայց չի բյուրեղացել իր կառուցվածքի մեջ: Միքայել Մինասյանը ինձ ընկեր է, բայց ես իր փոխարեն իր քաղաքական ծրագրերի մասին խոսելու իրավասություն չունեմ:
-Հեղափոխությունից հետո ուսումնասիրելով ձեր անցած գործունեությունը` հասկացա՞ք, թե ժողովուրդը ինչու չի սիրում ՀՀԿ-ին:
-Ի՞նչ է նշանակում` չի սիրում: Եթե չի սիրում, բա ո՞նց Արմեն Աշոտյանը ստացավ ամենապատկառելի ձայներից մեկը բոլոր ուժերի մեջ` «Իմ քայլը» հանած: Ո՛չ շտաբ եմ ունեցել, ո՛չ քարոզչական գործունեություն եմ ծավալել, ո՛չ փողեր եմ ծախսել: Ատելության մթնոլորտը այսօր շատ արագ փոխվում է: Ես չեմ ասում, որ սկսում են մեզ սիրել: Մեզ պետք չէ այնպիսի սեր, որը վերջանալու է օղու վրա մեր նկարներով կամ մոմի վրա մեր պատկերով: Դա սեր չէ: Սա ֆանատիզմ է, կռապաշտություն, դա քաղաքական կապիտալ չէ: Մենք` որպես պետականամետ ուժ, հակված ենք, որ ֆորսմաժոր չլինի: Եթե այսօրվա իշխանավորները մի քիչ խելոք լինեն, մի քիչ պակաս մեծամիտ, մի քիչ պակաս լոպազ, ապա ականջ կդնեին այն քննադատությանը, որի նպատակն է ցույց տալ սխալներ, կանխել սխալ որոշումներ, չեզոքացնել վտանգներ: Ես գիտեմ` իրենց անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից նոր հանձնարարական է իջեցվել չարձագանքել ՀՀԿ-ականների քննադատությանը, որպեսզի մոռացության մատնեն կամ անտեսեն: Սա ջայլամային քաղաքականություն է: Ասենք թե չեք տեսնում այն քննադատությունը, որը մենք անում ենք, դրանից ինչ-որ բա՞ն է փոխվում, դրանից փոխվո՞ւմ են Արցախյան հակամարտության համար մեր անհանգստությունները, թե՞ ինվեստորներն են Դավոսում շարվել Նիկոլ Փաշինյանի ստորագրությանը ներկայացնելու ներդրումային ծրագրեր: «Դըմբ-Դըմբ հու»-ով արտաքին, տնտեսական, անվտանգային քաղաքականություն իրականացնել չի ստացվի: Լավ, անցյալ տարին էլ միջազգային հանրության վրա վաճառեցին ժողովրդավար, թավշյա Հայաստանի իշխանությունների իմիջը, բա հետո՞: Սպառվեց այդ բրենդը: Լավ, մի 4-5 ամիս էլ կխոսեն դրա մասին: Իսկ ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացման ռադիֆիկացիայի մասին չե՞ն ուզում խոսել: Իսկ ՀԱՊԿ-ում Հայաստանի նոր իշխանությունների ապիկար քաղաքականության պատճառով թուլացած դիրքերի մասին չե՞ն ուզում խոսել:
-Ադրբեջանում սկսած ցույցերը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ղարաբաղյան հարցի կարգավորման վրա:
-Առնվազն մանկամտություն է, եթե չասեմ չարամտություն, մտածելը, որ Ադրբեջանում կա իքս ժողովրդավար ընդդիմություն, որը ավելի հայանպաստ է, քան Ալիեւը: Դա կարող է մտածել քաղաքական գործիչ, որը չի հասկանում քաղաքականությունից ու Ադրբեջանից, վտանգներից բան չի հասկանում: Ադրբեջանում չկա քաղաքական գործիչ, ով ավելի հայանպաստ կարող է լինել այս փուլում, քան Ալիեւը: Ալիեւը ակնհայտ հայատյաց է, իսկ ընդդիմախոսները է՛լ ավելի ագրեսիվ են: Իրենց նպատակն է գալ իշխանության Ադրբեջանում: Իրենք չեն կարող Ադրբեջանում գալ իշխանության, հատկապես եթե շեշտեն իրենց խաղաղասեր բնույթը: Որպեսզի իրենք իրենց հասարակության սիրտը շահեն, դավաճան չպիտակավորվեն, իրենք դիրքավորվելու են որպես ավելի ագրեսիվ քաղաքական ուժ Արցախի ու հայերի հանդեպ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱԿՏԻՎ ԵՆ
7-րդ գումարման խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը շարունակում են ակտիվորեն օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը: Պատգամավորը մասնավորապես արձանագրում է, որ կան վարկային միջնորդ կազմակերպություններ, որոնք քաղաքացիներից գումար են վերցնում բանկերով գործողություն կատարելու համար: Եվ Թանդիլյանը նախագծերում ամրագրել է, որ այս փաթեթի ընդունումը հնարավորություն կտա կարգավորել նման ծառայությունների մատուցումը բացառապես բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ գործակալական պայմանագրերի հիման վրա` բացառելով քաղաքացիներից միջնորդության համար որեւէ վճարի գանձումը: Նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ եւ ցանկանում են փոփոխություն կատարել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում: Ստացվում է` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն ունի 5 օրենսդրական նախաձեռնություն, ԲՀԿ-ն` 3, իսկ, ահա, «Իմ քայլը» խմբակցությունը ոչ մի նախագիծ չի ներկայացրել:

 

 

ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ
ԲԴԽ անդամի հարցը շարունակում է օդից կախված մնալ: Անցած տարվա նոյեմբերի 8-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում ԲԴԽ անդամ էր ընտրվել դատավոր Նախշուն Տավարացյանը: Գրել էինք, որ այդ ընտրությունները բավական թեժ են ընթացել, հաջորդել են «հետընտրական կրքեր», որոնց արդյունքում էլ Տավարացյանը հրաժարական է ներկայացրել: Եվ, ահա, երկար ժամանակ է, ինչ դատական համակարգում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ եւ, ի վերջո, ԲԴԽ անդամ ընտրել, եւ նոյեմբերի իրադարձություններից մինչ օրս ԲԴԽ անդամ ընտրված չէ, եւ հայտնի չէ, թե ինչ կլինի: Ի դեպ, դատական համակարգում այն կարծիքին են, որ ճիշտ կլինի, որ դատավորները հաշտվեն Նախշուն Տավարացյանի ընտրվելու հագամանքի հետ, եւ նա էլ նշանակվի ԲԴԽ անդամ:

 

 

ԸՆԴԴԵՄ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-Ի
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ աշխատակիցներն ընկել են դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հունվարի 23-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Արման Սարգսյանը՝ պահանջելով ստիպել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում: Ընդ որում, ընկերության աշխատակցին ազատել են ատեստացիա չանցնելու հիման վրա: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ գործունեության հետ կապված նաեւ քրգործ էր հարուցվել:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՆՏԵՆՍԻՎ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Քաղաքապետն առանձնակի կարեւորել է այն հիմնական պահանջների կատարումը, որոնք իրենց հերթին հարմարավետ ու հավասար պայմաններ կապահովեն մանկապարտեզներում: «Շատ լավ իմանալով բոլոր այն խնդիրները, որոնք այսօր կան մանկապարտեզներում՝ հասկանում եմ, որ այսպես չի կարող շարունակվել: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր բոլոր մանկապարտեզները սկսեն որակապես բարձրանալ: Սրա մեջ մտնում է ամեն ինչ. ե՛ւ աշխատավարձերի բարձրացում, ե՛ւ ուղղակի պայմանները, բայց դրա հետ մեկտեղ, դուք էլ պետք է դրա մասնակիցը դառնաք: Մենք անելիք ունենք, եւ այդ անելիքը խոսք չի, այդ անելիքը ռեալ գործն է»,- նշել է քաղաքապետը: Տնօրենները տեղեկացվել են նաեւ, որ առաջիկայում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումների ինտենսիվ գործընթաց կսկսի մանկապարտեզներում:




Լրահոս