Թերի են և՛ օրենքը, և՛ պահպանվող հուշարձանների ցանկը. Խորենացի 13 հասցեի շենքը՝ անպաշտպան վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորենացու փողոցի 13 հասցեում գտնվող ԿԳՆ նախկին շենքի քանդման մասին լուրը մեծ աղմուկ բարձրացրեց հայ հանրության շրջանում: Պատմական այդ կառույցը, ցավոք, հուշարձան շենք չէ, ինչպես նաեւ ներառված չէ Երեւան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: Հենց այս հանգամանքն է, որ «անպաշտպան է» դարձնում շինությունը:
Երեւանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռեւս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը:

Ի սկզբանե` 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: 2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երեւանի քաղաքապետարան շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու եւ տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են` համաձայն նախագծի եւ 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց՝ նշանակություն չունի, որ շենքն ընդգրկված չէ ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների կամ այլ ցանկերում. հարկավոր էր ելքեր մտածել դրա քանդումը կանխելու համար. «Լուծելով այսօրվա խնդիրները՝ չի կարելի փակել ապագայի ճանապարհը: Եվրոպայում հին շենքերը պահպանում են ոչ թե այն բանի համար, որ դրանք պահպանվող հուշարձանների ցանկում են, այլ որովհետեւ դրանք իրենց պատմությունն են: Եթե անընդհատ քանդենք-սարքենք, քաղաքը կկորցնի իր պատմական դեմքը: Միայն Կարմիր բլուրով չես կարող ցույց տալ, որ Երեւանը 2800 տարվա պատմություն ունի»:

Ի դեպ, ընկերության կողմից ներկայացված բիզնես-կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը: Տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետեւանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է: Ճարտարապետը նկատեց՝ պետք չէր թողնել, որ ճակատը քանդվեր, հետո էլ վերականգնեին այն. «Այդ սկզբունքով Երեւանի գլխավոր պողոտան քանդեցին, որ Հին Երեւան կառուցեն, էլ ի՞նչ Հին Երեւան: Առհասարակ, հիմա ընդունված է՝ ներդրողն ինչ ուզում, անում է, բայց նա պետք է հաշվի նստի քաղաքի գլխավոր հատակագծի հետ, իսկ դրա համար հարկավոր է, որ նրա հետ նախապես պայմանագիր կնքվի, որտեղ կնշվեն ներդրողի իրավունքներն ու պարտականությունները»:

Ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը մեզ հետ զրույցում եւս առաջ քաշեց այդ հարցը. «Քաղաքապետարանը ֆորմալ առումով օրենք չի խախտել: Չես կարող սեփականատիրոջը հենց այնպես արգելել քանդել շենքը: Պետք է ամեն բան հիմնավորված լինի: Պարզապես խնդիրն այն է, որ մենք ժառանգել ենք «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որը թերի է եւ պահպանության ենթակա հուշարձանների ցանկը, որը եւս լրացումների կարիք ունի: Սեփականատերերին իրենց պարտականությունների մասին չի ծանուցվում, նրանց հետ համապատասխան պայմանագրեր չեն կնքվում: Մենք բարեփոխումների երկար ճանապարհ պետք է անցնենք, որի ժամանակը չկա:

Մինչեւ օրենքը, ցուցակները փոխվեն, լրացվեն, այդ ընթացքում կորուստներ կունենանք: Պետք է շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի խումբ կառույցների անձեռնմխելիությունը, անկախ կարգավիճակից, ապահովվի: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ եւ փորձում ենք ելքեր գտնել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս