«Մեկ ամիս երկմտանքի մեջ էի». ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը վայր է դնում լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Անտաշյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու որոշման մասին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի ընկերներ, ափսոսանքով հայտնում եմ Երեւանի ավագանու իմ լիազորությունները դադարեցնելու որոշման մասին։ Որոշումն ինձ հեշտ չի տրվել, առնվազն մեկ ամիս անընդհատ երկմտանքի մեջ էի, մինչեւ վերջին պահը դիմադրում էի, բայց ցավոք, իմ հիմնական աշխատանքային եւ հասարակական գործունեության մեջ զբաղվածության կտրուկ աճի պատճառով ավագանու կազմում իմ գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելն առաջիկայում հնարավոր չի լինելու։

Որոշակի պահի հասկացա, որ ավելի շատ մեկ ոլորտից մյուսին անցում կատարելու վրա եմ ժամամանակ ու ջանք ծախսում, քան որեւէ ոլորտում կոնկրետ գործ անելու, ավելի շատ գերհոգնում եմ, ժամանակ ու ջանք փոշիացնում, քան հավելյալ արժեք ստեղծում, ուստի ստիպված եմ կրճատել զբաղվածությունս, քանի որ ձեւական ներկայություն չեմ ուզում պահել։

Այս ընթացքում հրաշալի մարդկանց հետ ծանոթացա, որ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում կյանքիս այս հատվածից։ Մարդիկ, որ անկախ ավագանու ինստիտուտի անկատարությունից, անկախ կառավարման համակարգի նախկին վատ իներցիաներից իրոք ջանք ու եռանդ չեն խնայում հանրային բարիք ստեղծելու համար, ազնիվ, անկաշառ, նվիրված, շնորհքով, համեստ մարդիկ։

Նրանց՝ ավագանու իմ գործընկերներին Երեւանի կառավարման դժվարին գործում տեսանելի արդյունքներ եւ հաջողություններ եմ մաղթում եւ հայտնում ուժերիս ներածի չափով քաղաքի խնդիրների լուծմանը մասնակցելու իմ պատրաստակամությունը իբրեւ ակտիվ քաղքացի եւ սեփական նախագծերով»։




Լրահոս