Օրերս ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա։ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով: «Ժողովուրդ» օրաթերթը այս այցի, ինչպես նաեւ այլ հարցերի մասին զրուցել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
-Պարո՛ն Սիմոնյան, մենք ուժեղ ընդդիմություն ունենք արտախորհրդարանո՞ւմ, թե՞ խորհրդարանում։
-Իհարկե խորհրդարանում։
-Ինչո՞ւ։
-Եթե արտախորհրդարանական ընդդիմությունը ուժեղ լիներ, ապա խորհրդարանում կլիներ։
-Օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ, քննարկումներ են ունենում։ «Իմ քայլը» դաշինքը նման բան չի՞ ուզում անել։
-Ոչ, քննարկումներ, խոսակցություններ չեն եղել։ Չգիտեմ՝ ինչի հետ կապված կարող են խոսակցություն ունենալ։ Չկա խոսակցություն, կարծում եմ՝ անհրաժեշտությունն էլ չկա։ Ընտրությունները նոր են ավարտվել, խորհրդարանն էլ մինչեւ վերջ ձեւավորված չէ։
– Մոսկվա Ձեր այցը ինչպե՞ս կգնահատեք։ Ինչքանո՞վ էր արդյունավետ նման այցելությունը։
-Գնահատում եմ ամենաբարձր եւ ամենալավ սանդղակով, որովհետեւ հա՛մ ընդունելությունը, հա՛մ մթնոլորտը, հա՛մ փոխադարձ շփումը, հա՛մ իրենց կողմից կոնկրետ քայլերը խոսում էին դրա մասին։
-ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ չնայած Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության բարձր մակարդակին եւ երկրների միջեւ գործընկերային հարաբերություններին, ինչպես նաեւ ռուսական կողմի հետևողական փորձերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը` որոշ ռուս գործընկերներ մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի, որը տեղի է ունեցել Բաքվում եւ ուղղված է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության դեմ։ ԱԺ նախագահը նշեց, որ այս փաստը առնվազն տարակուսելի է։ Ռուսաստանում ինչպե՞ս ընդունեցին այս քննադատությունը։
-Ասեմ, որ իրենք զարմացած էին։ Դաշնային խորհրդում մենք արձագանքից հասկացանք, որ իրենք իրենց շատ վատ զգացին։ Դա պարզ երեւաց նաեւ մասնավոր զրույցների ժամանակ, եւ ես կարող եմ ասել, որ բացասական էր մեր կողմից իրենց պատգամավորների արարքի նկատմամբ վերաբերումունքը։
-Փաստորեն իրենք նախապես տեղյակ չե՞ն եղել, որ պատգամավորներ են գնալու մասնակցեն այդ ակցիային։
-Դաշնային խորհրդում կոնկրետ տեղյակ չեն եղել։ Դե, բնական է, Ռուսաստանը բավականին մեծ երկիր է, եւ ես չեմ կարծում, որ այդ որոշումը կայացվել է ամենաբարձր մակարդակով։ Կարծում եմ՝ նման քայլի գնալը այդ անհատների որոշումն է եղել։ Չեմ ուզում դա պետությանը վերագրել, թեեւ այնպես ստացվեց, որ մասնակցողները պետության ներկայացուցիչներ էին։
-Ձեզ հավաստիացումներ տվեցի՞ն, որ կխոսեն այդ պատգամավորների հետ, եւ կփորձեն այնպես անել, որ նման բաներ այլեւս չկրկնվեն:
-Ոչ թե հավաստիացումներ տալու խնդիր կար, այլ իրենք այնքան ապշած էին, որ իրենց վերաբերմունքից մենք հասկանում էինք, չգիտեին ինչ ասեին։ Դրանից մեկ օր առաջ մենք շատ լուրջ հարցեր էինք քննարկում եւ մեր հարաբերությունների հետ կապված բարձր վստահության մասին էինք խոսում։ Իրենց համար այդ միջադեպը շատ մեծ հարված էր։ Նույնիսկ քննարկվում էր Էթիկայի հանձնաժողով դիմելու եւ այդ անձանց նկատմամբ վարույթ հարուցելու մասին։
Մենք այն վարկածն էինք քննարկում, որ դա հենց պետության կողմից է արվել, եւ պետությունը տեղյակ է եղել, բայց իրենց առաջին արձագանքից, իրենց վերաբերմունքից ես անձամբ հասկացա, որ իրոք տեղյալ չէին, որ ստորին պալատի պատգամավորներն են նման քայլի դիմել։ Ինչեւիցե, տհաճ բան ստացվեց։ Որեւէ մեկին արդարացնելու կամ պաշտպանելու բան չկա։ Իրենք էլ հասկացան, որ տհաճ է։ Կարծում եմ՝ նման բան այլեւս չի լինի։
-Արարատ Միրզոյանը, խորհրդարանում իր ելույթի ժամանակ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, այնինչ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ գործընկեր է, օրինակ, Ադրբեջանը: Աժ նախագահի ասածը, ըստ էության, կարգավիճակի իջեցում էր։ Արդյոք ԱԳՆ-ի հետ չի՞ քննակվել ԱԺ նախագահի ելույթը։
-Մենք մշտապես կապի մեջ ենք Արտաքին գործերի նախարարության հետ, եւ Արարատ Միրզոյանի ելույթը գերազանց ելույթ էր, շեշտադրումներով, մեսիջներով լի ելույթ էր։ Սա միայն ես չեմ ասում, այլ տարբեր կողմերից են կարծիքներ հնչեցնում։ Եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեր հարաբերությունները իսկապես լավ են։
Լուսինե Մինասյան