Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մի քանի պատգամավորներ հանդիպել են ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ: Պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ կուսակցությունները քննարկել են միջկուսակցական համագործակցության հնարավորությունները: Նշենք, որ սա կուսակցությունների առաջին հանդիպումը չէ: Մեր տեղեկություններով` օրերս ՀՅԴ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» ունեցել են նաեւ ոչ պաշտոնական հանդիպում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ժամանակ քննարկվել է սահմանադրական փոփոխությունների հարցը, քանի որ երկուստեք, ըստ էության, դեմ են սուպերվարչապետությանը: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԼՀԿ-ն նախագծեր է բերելու ԱԺ, որոնք քննարկվելու են ՀՅԴ-ի հետ եւ լինելու են իրենց առաջարկներով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՅԴ-ն հանդիպելու է նաեւ «Բարգավաճ Հայաստանի» եւ «Իմ քայլը» խմբակցությունների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց. «Կոնկրետ դեպքերի մասով պայմանավորվածություն չկա, բայց ընդհանուր համագործակցության շրջանակներում եթե մեզ համար հատուկ կարեւոր հարց լինի, եւ իրենք կիսեն մեր տեսակետը, կհնչեցնեն ԱԺ-ում, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան»: Նա նշել է, թե քննարկել են նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցը: «Սա մեր առաջին պաշտոնական հանդիպումն է. կոնկրետ դետալներ չենք քննարկել:
Ընդհանուր քննարկել ենք համագործակցության ուղղությունների եւ եզրերի մասին: Մենք ասել ենք, որ հստակ դեմ ենք սահամադրության փոփոխությանը կառավարման հին ձեւին վերադառնալու տեսանկյունից: Մենք մշտապես կողմնակից ենք եղել խորհրդարական կառավարման համակարգին եւ հիմա էլ գտնում ենք, որ սա լավագույն ձեւն է մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերները հաղթահարելու համար: Իսկ թե բարեփոխումները ինչպես կլինեն՝ օրենքի տեսքով, թե հանրաքվեի տեսքով, դա արդեն քննարկման հարց է»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Լուսինե Մինասյան