Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքիր պատկեր գրանցվեց: Միանգամից 56 պատգամավոր գրանցվեց կառավարությանը հարց տալու համար։ Խորհրդարանի պատմության մեջ թերեւս նման դեպք չէր գրանցվել։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառն այն չի եղել, որ գրացված բոլոր պատգամավորներն էլ ուզել են հարց տալ: Պատգամավորներից շատերը, քանի որ դեռ անփորձ են, կարծել են՝ սա հերթական գրանցումն է իրենց ներկայությունը հաստատելու համար։ Հենց դա էր պատճառը, որ շատերը ընթացքում հանում էին իրենց հարցը:
Պարզվում է, մյուսն էլ եղել է տեխնիկական։ Օրինակ` հարց տալու իրավունքն առաջինը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանինն էր, այնինչ նա այդ պահին դահլիճում չէր եւ հետեւաբար դահլիճում չի եղել նաեւ գրանցվելիս։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ կատակեց, թե նոր խորհրդարանում չեն ձերբազատվել նախորդի վատ սովորույթներից՝ բացակա գործընկերների փոխարեն էին քվեարկում: Գորգիսյանը ԱԺ դահլիճ մտավ միայն նիստը սկսվելուց տասը րոպե անց եւ արդեն զրկվեց հարց տալու իրավունքից։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են` խնդիրը տեխնիկական է եղել, նրա փոխարեն ինքնաբերաբար է գրանցում եղել, եւ շատ պատգամավորներ չեն էլ գրանցվել, սակայն նրանց էլ ցույց է տվել գրանցված։