ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչո՞ւ է պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը լռում ՊՆ պաշտոնատար անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործերով: Հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել է չարաշահումներ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների եւ բնակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին. մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:
Հայտարարության մեջ նաեւ նշվում էր, որ բանակում չարաշահումների գործով հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Այս հայտարարությունից հետո ՊԵԿ քննչական վարչությունը լռել է, եւ տեւական ժամանակ է, ինչ այս գործով որեւէ այլ մանրամասներ չի հայտնում: Հրապարակումից որոշ ժամանակ անց մեզ մանրամասներ հայտնի դարձան վերոնշյալ քրեական գործից:
Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դեռեւս տարիներ առաջ անձամբ է բացահայտել այս պատմությունը եւ խնդրի մասին տեղյակ պահել իր վերադասներին: Ավելին` դեռեւս 2017 թվականին գործը հասել է Սերժ Սարգսյանին, եւ վերջինս, տեղեկանալով բանակում շինարարության ոլորտում առկա իրավիճակի մասին, պահանջել է, որպեսզի Աշոտ Գրիգորյանին տեղեկացնեն` անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Աշոտ Գրիգորյանը ներկայացել է Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը բավական խիստ է խոսել նրա հետ: Ի դեպ, Գրիգորյանը դեռեւս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ժամանակներից է աշխատել ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչությունում: Նա Սերժ Սարգսյանին ներկայացնում է իրավիճակը` հայտնելով, որ ինքն է անձամբ բացահայտել խնդրի մասին, ինքն անձամբ իր վերադասներին հայտնել է կատարվածի մասին: Ինչեւէ, Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը ավարտելուց հետո Աշոտ Գրիգորյանին ասում են` գնա՛ եւ զբաղվի՛ր իր աշխատանքով: Եվ, ահա, թավշյա հեղափոխությունից հետո աղմկահարույց գործին իրավապահները ընթացք են տվել, սակայն շուրջ 8 ամիս է, ինչ իրավապահները լռում են` չհայտնելով, թե ինչ փուլում է գործը, կան այլ մեղադրյալներ, թե ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթը աղմկահարույց քրեական գործի ընթացքի մասին զրուցեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ:
-Պարո՛ն Անանյան, անցած տարի հունիսի 13-ին ՊԵԿ քննչական վարչությունը մեծ աղմուկ բարձրացրեց ՊՆ բնակարանաշինության ոլորտում չարաշահումների, անգամ նախկին նախարարի հարցաքննվելու վերաբերյալ ու լռեց: Դուք` որպեսՊԵԿ նախագահ, տեղյա՞կ եք` ինչ փուլում է գործը, ովքեր են մեղադրյալները, թե՞ նպատակը մեկն էր. մարդկանց սեւացնել, աղմուկ հանել, թե գործ են անում, ու լռել:
-Տեսե՛ք, կոնկրետ այդ գործերի շրջանակներում քննչական գործողությունները կամ քննությունը շարունակվում է: Ես թույլատրելիության շրջանակներում, այո՛, տեղեկանում եմ, եւ ինձ ներկայացնում են տեղեկություն` ընդհանուր առմամբ ինչ ուղղությամբ է գնում: Բայց հավատացնում եմ Ձեզ, որ քննությունը եւ քննչական գործողությունները ունեն որոշակի գաղտնիություն, որոնց նկատմամբ ես ինքս ունեմ որոշակի սահմանափակում: Ձեր հարցին կպատասխանեմ այսպես, որ քննչական գործողություններ կան, որոնք իրականացնելու համար բավականաչափ ժամանակահատված պետք է անցնի:
-Բացի երկու զինվորականներից այլ մեղադրյալներ կա՞ն, թե՞ ոչ. 8 ամիս է` քննություն է գնում, այլ հարցաքննվածներ կա՞ն, թե՞ ոչ:
-Ես այդ հարցերին հիմա չեմ պատասխանի, կներեք, հասկանալի պատճառներով:
-Առաջ որեւէ խնդիր չկար. հայտնեցինք հարցաքննվող անձանց մասին, Սեյրան Օհանյանի անունը տվեցիք, հիմա չեք ուզում: Այսինքն` ՊԵԿ-ը միտում չի՞ ունեցել ինտրիգ ստեղծել, աղմուկ հանել:
-Բացարձակ, քննությունը շարունակվում է, հետեւե՛ք տեղեկատվությանը:
-8 ամիս է` այս քրեական գործով ՊԵԿ-ը լռում է: Ի՞նչ տեղեկատվության մասին է խոսքը:
-Շատ ճիշտ եք ասում, բայց տեղեկատվություն կհրապարակվի այն ժամանակ, երբ քննությունը կավարտվի եւ քննության արդյունքներով մեղադրանք …
-Իսկ նորմա՞լ է, որ քննության դեռ նախնական փուլում մարդկանց սեւացնում են: Դեռ ապացույցներ չկան, հայտարարում են, թե նոր գործ են բացահայտել:
-Մենք հանրությանը ներկայացնում ենք, որ կա այսպիսի իրավիճակ, եւ անպայման նշում, որ անձը անմեղ է, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել, այս հաղորդագրությունն էլ ենք տալիս: Այսինքն` նկարագրում ենք, որ այսպիսի մի իրավիճակ կա, բայց այդ իրավիճակը ամենեւին չի նշանակում, որ այդ անձն արդեն իսկ պիտակավորվել է որպես հանցագործ:
-Մարդու անունը գրվում է. այլեւս որեւէ մեկին չի հետաքրքրում հրապարակման մեջ այն անդրադարձը, թե նա անմեղ է, քանի նրա մեղքը չի ապացուցվել: Փաստ է մեկ բան, որ այս քրեական գործի մասին բարձրաձայնվեց, ու 8 ամիս է` լռություն է:
-Ձեր դատողությունները հասկանալի են, կարող են այդպիսի դատողություններ լինեն կամ այդպիսի տեսակետ ձեւավորվի, բայց ՊԵԿ-ը որեւէ միտում չունի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՄԱՐԴԸ ԱՐԺԵՔ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել էր «Հայնյուզ» լրատվական կայքի ղեկավար Մհեր Եղիազարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ կատարվածի համար պետք է պատասխան տան բոլոր մարմինները:

2018 թվականի դեկտեմբերին ԱԱԾ-ն խարդախության, կաշառք տալու համար մեղադրանք է առաջադրել Մհեր Եղազարյանին եւ կալանավորել: 2018 թվականի դեկտեմբերի 4-ից Եղիազարյանը հացադուլ է հայտարարել, գործն էլ նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել էր Քննչական կոմիտե: Հացադուլից շուրջ 10 օր հետո` հունվարի 26-ին, Մհեր Եղիազարյանը ՔԿՀ-ում մահացավ:
Ըստ Կոմիտեի` նա մահացել է սրտամկանի ինֆարկտից: Կատարվածից հետո իրավապահ մարմինները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեկը մյուսի հետեւից սկսեցին հայտարարություն տարածել, թե իբր իրենք ամեն ինչ արել են Մհեր Եղիազարյանի հետ կապված: Սակայն Եղիազարյանի պաշտպան ներգրավված Հովիկ Արսենյանը այլ մանրամասներ պատմեց. «Ողջ խնդիրը այն է, որ պաշտպանական կողմին տրամադրված նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ Մհեր Եղիազարյանի վերաբերյալ նախաքննական մարմնի տրամադրության տակ գոյություն չունի նրա հիվանդության պատմագիրը, թե ինչ հիվանդությամբ է նա տառապում: Ներկա պահին քննչական կոմիտեն նման հայտարարություն է արել. ի՞նչ է ցանկանում դրանով ասել: Այսինքն` ցանկությունը հետեւյալն է. Մհեր Եղիազարյանի կողմից հացադուլ հայտարարելը որեւէ կապ չունի նրա մահվան հետ, որովհետե նա սրտամկանի ինֆարկտից է մահացել: Բայց խնդիրն այն է, որ երկու ամիս նախաքննություն է ընթացել, նախաքննական մարմինը տեղյակ չի եղել եւ նրան չի էլ հետաքրքրել կալանքի տակ գտնված անձի առողջական վիճակը: Բնականաբար նրանց մոտ տեղեկանքը կա, որ նա երկրորդ կարգի հաշմանդամ է , բայց ոչ ավելի, չեն խորացել, թե այդ հաշմանդամությունը ինչի հետեւանք է: Եթե հետաքրքրվեին, կիմանային, որ նա ունեցել է սրտամկանային հիվանդություն եւ, ըստ էության, հակացուցված էր նրան թույլատրելը, որ հացադուլ հայտարարի: Երբ ամսի 25-ին ներգրավվեցի պաշտպան, քննիչի հետ եղել եմ նրա խցում, եւ նա ասեց, որ կարողանում է ինքնուրույն քայլել, բայց շատ վատառողջ վիճակում էր: Այս պայմաններում հայտարարել, որ նա ՔԿՀ-ի բուժանձնակազմի հսկողության տակ է գտնվել, հարց է առաջանում, արդյոք այդ անձնավորության համար հատուկ միջոցներ ձե՞ռք են առնվել, որ նրա վիճակը կայունանա: Կարծում եմ, որ նման բան գոյություն չի ունեցել: Յուրաքանչյուր մարմնի ներկայացուցիչ փորձ արեց այս երկու օրվա մեջ ասել, թե իրենց ֆունկցիան չի եղել, իրենք իրենց պարտականությունները արել են: ՄԻՊ-ը տպավորություն էր թողել, թե այնքան սրտացավ են եղել, բայց ոչ մի միջոց ձեռք չեն առել: Հունվարի 25-ին հարցումներ ուղարկեցի թե՛ ՔԿՀ, թե՛ Սիսիանի ԲԿ, որ նրա առողջության պատմագիրը ներկայացնեին, քանի որ նրա կալանքը ներկայացնելու միջնորդություն էր ներկայացվել»:
Ըստ պաշտպանի` ՔԿՀ խցում ասել է. «Մարդը արժեք չի ներկայացնում, եւ նման ողբերգական ավարտ ունեցավ: Մարդը մեռնելու իրավունք ունի, նա հացադուլ չի հայտարարել մեռնելու համար, այլ խափանման միջոցը փոխելու համար: Բոլոր մարմիններն էլ թերացել են: Սա անտարբերության, անպատժելիության արդյունք է, եւ գտնում են, որ առնվազն ծառայողական քննություն կատարվի, եւ մեղավորները պատժվեն: Այսպես չի կարելի շարունակել, մարդը հացադուլ է հայտարարել ու վերջ, դու ես քո գլխի տերը: Ոնց ուզում ես, այնպես էլ վարվի, գնահատականի չի արժանանում»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս