Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրերս ներկայացրել է դիզայներ Գեւորգ Շադոյանի «Վերածննդից` անկախություն» նոր հավաքածուն։ Արդյունքում մենք հնարավորություն ունեցանք քաղաքական գործչին տեսնել նոր, հետաքրքիր ռակուրսից: «Ժողովուրդ» օրաթերթը տիկին Զոհրաբյանի հետ զրուցել է դիզայների հետ համագործակցության, առաջիկա ծրագրերի, կին քաղաքական գործչի վերաբերյալ հայ հասարակության մոտ առկա կարծրատիպերի եւ դրանք կոտրելու անհրաժեշտության մասին: Պատգամավորը տեղեկացրել է, որ այսքանով իր մասնակցությունը նմանատիպ նախագծերին չի սահմանափակվելու. առաջիկայում նա ներկայանալու է նոր՝ «Նեֆերտիտիից` Կլեոպատրա» հավաքածուի շրջանակում:
-Տիկի՛ն Զոհրաբյան, «Վերածննդից` անկախություն» հավաքածուն ներկայացնելու առաջարկը հեշտ ընդունեցի՞ք:
-Եթե նկատել եք, վերջին շրջանում ակտիվորեն համագործակցում եմ Vog.am-ի հետ, որը պարբերաբար հանդես է գալիս հետաքրքիր նախագծերով: Ինչ վերաբերում է Գեւորգ Շադոյանին, նա ինձ համար արդեն համաշխարհային կարգի դիզայներ է: Գիտեմ, որ նրա հավաքածուների ցուցադրություններն աշխարհի տարբեր երկրներում հետաքրքիր արձագանքների են արժանացել: Եվ, փաստորեն, ստացվեց այնպես, որ «Վերածննդից` անկախություն» հավաքածուն առաջինը ես ցուցադրեցի Հայաստանում (ասեմ, որ դրանից առաջ այն ներկայացվել էր Չինաստանում, առաջիկայում էլ պետք է ցուցադրվի Միացյալ Նահանգներում): Մեծ հաճույքով եմ մասնակցել այս նախագծին: Գեւորգի հետ ինձ համար ընտրեցինք այն հագուստները, որոնք կհապատասխանեին իմ կազմվածքին, գունային գամմայի առումով էլ համադրելի կլինեին արտաքինիս հետ:
-Կին քաղաքական գործիչների մասին հայ հասարակության շրջանում որոշակի կարծրատիպեր կան: Քիչ չեն մարդիկ, որոնք կարծում են, որ եթե կինը զբաղվում է քաղաքականությամբ, նա անպայման պետք է լինի չոր, ստանդարտ, էմոցիաներից զուրկ մեկը:
-Մենք պետք է կարողանանք կոտրել այդ ստերեոտիպերը: Կինը մնում է կին: Իմ ֆոտոսեսիայի վերաբերյալ լավ կարծիքներ լսելիս, անկեղծ ասած, լիցքավորվում եմ դրական մեծ էներգիայով: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց ասեմ, որ որոշ ժամանակ անց հանդես կգամ մի հետաքրքիր նախագծում, որը կկոչվի «Նեֆերտիտիից` Կլեոպատրա»:
-Այսինքն՝ Դուք հանդես եք գալու, օրինակ, Կլեոպատրայի կերպարու՞մ:
-Այո:
-Կարծում եմ՝ կսազի:
-Շնորհակալ եմ:
-Տիկի՛ն Զոհրաբյան, աշխարհում վաղուց արդեն նորություն չէ, որ քաղաքական գործիչները մասնակցում են նորաձեւության ցուցադրությունների, ֆոտոսեսիաների, իսկ Հայաստանում, կարելի է ասել, դրա սկիզբը Դուք եք դնում:
-Շատ գործիչներ մասնակցել են, օրինակ, «Վերսաչե»-ի, «Դոլչե եւ Գաբանա»-ի, «Շանել»-ի ցուցադրություններին: Դա բավական ընդունված պրակտիկա է: Վերադառնալով կին քաղաքական գործչի առանձնահատկություններին՝ մի բան հստակ կարող եմ ասել. որ օրը կինը դադարի կին լինելուց, նա չի կարող լավ քաղաքական գործիչ լինել: Եթե կինը չհետեւի իր արտաքինին, չլինի հետաքրքիր, նրա աշխատանքն էլ չի ստացվելու: Կին քաղաքական գործիչը չպետք է վախենա իր հմայքն ի ցույց դնելուց: Նա երբեք չպետք է փորձի նմանակել տղամարդուն: «Սուրոգատ» կին գործիչները, որոնք կարծում են, թե տղամարդկային հագուկապով, սանրվածքով ավելի վճռական են կամ ուժեղ, սխալվում են: Մի խոստովանություն անեմ. իմ քաղաքական կյանքի որոշ փուլերում եղել եմ կոշտ, ագրեսիվ՝ ներքուստ չլինելով այդպիսին: Եվ ես վստահեցնում եմ, որ դրանից բացարձակապես չեմ շահել, եւ որեւէ կին չի կարող շահել:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԿԱՄԵՐԱՅԻՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՆՎԻՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ
Երեւանի կամերային պետական թատրոնը պատրաստվում է ներկայացման պրեմիերայի՝ կանանց միամսյակին ընդառաջ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց նույն թատրոնի բեմադրիչ Լուսինե Երնջակյանը:
«Նախկինում մենք ունեինք ներկայացում, որի շրջանակում կանայք խոսում էին տղամարդկանց մասին եւ հումորով վատաբանում էին նրանց, հիմա արդեն կլինի հակառակը, սակայն տղամարդիկ կմնան իրենց բարձունքում եւ կգովաբանեն կանանց: Կլինի շատ գեղեցիկ ներկայացում՝ համեմված հումորով, հոռետեսական կատակերգության ժանրում»,-նշեց Լուսինեն: Ներկայացման հեղինակը Արա Երնջակյանն է, բեմադրիչը՝ Արշալույս Հարությունյանը:
Քանի որ Կամերային թատրոնի դահլիճը գողտրիկ է, հաճախ այդ հանգամանքին են վերագրում մշտապես լեփ-լեցուն հանդիսատես ունենալու փաստը: Լուսինեն, սակայն, համաձայն չէ. «Մենք փոքր ենք, բայց թվով շատ ներկայացումներ ենք խաղում, քան մի շարք մեծ թատրոններ: Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ մեզ մոտ տոմսերի 98 տոկոսը մշտապես սպառվում է: Երեւանի ոչ մի թատրոն նման ցուցանիշ չի գրանցում»,-շեշտեց նա:
Մենք հետաքրքրվեցինք՝ այսօր որն է հայաստանյան թատրոնների առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը` բացի նյութական միջոցների սղությունից. «Ամենամեծ խնդիրներից մեկը մեր կապված է մշակութային կրթության հետ: Պետք է դեռ դպրոցից սերմանել հետաքրքրություն թատրոնի նկատմամբ, ձեւավորել թատրոն գնալու մշակույթ: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում թատրոն գնալը մի ամբողջ արարողություն է, պատիվ: Մարդիկ դրան օրերով պատրաստվում են: Ես տեսել եմ անգամ անօթեւանների, որոնք խնդրում են, որ թատրոնի տոմս տան իրենց, մտնեն, ներկայացում դիտեն: Բեմադրիչներն էլ չեն մտահոգվում, որ կարող է՝ չկարողանան լցնել դահլիճը. ամեն ժանր ունի իր սիրահարը: Ուզում եմ, որ Հայաստանը եւս հասնի այս մակարդակին»,-եզրափակեց Լուսինեն:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
ATP-ն հրապարակել է թենիսիստների վարկանիշային թարմացված աղյուսակը: Առաջատարը Նովակ Ջոկովիչն է, իսկ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը`
1 . Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 10 955
2. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 8320
3. Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) – 6475
4. Խուան Մարտին Դել-Պոտրո (Արգենտինա) – 5060
5 . Կեւին Անդերսոն (ՀԱՀ) – 4845
6. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 4600
7 . Կեյի Նիսիկորի (Ճապոնիա) – 4110
8. Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – 3960
9. Ջոն Իսներ (ԱՄՆ) – 3155
10. Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 3140
WTA-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Հրապարակվել է WTA-ի վարկանիշային նոր աղյուսակը: Առաջին հորիզոնականն է զբաղեցնում ճապոնուհի Նաոմի Օսական, որը հաղթեց Ավստրալիայի Բաց առաջնությունում: Առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը`
1. Նաոմի Օսակա (Ճապոնիա) – 2185.
2. Պետրա Կվիտովա (Չեխիա) -1825.
3. Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) -1250.
4. Դանիել Քոլինզ (ԱՄՆ) – 806.
5 . Էշլի Բարտի (Ավստրալիա) – 735.
6. Բիանկա Անդրեեսկու (Կանադա ) – 527.
7. Անաստասիա Պավլյուչենկովա (Ռուսաստան) – 461.
8. Ալեքսանդրա Սասնովիչ (Բելառուս) – 440.
9. Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) -431.
10. Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – 430:
ՄԵՍԻԻ 328-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ժիրոնային»: Սա կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի համար 328-րդ հաղթանակն էր Պրեմիերայում: Այս ցուցանիշով արգենտինացին բարձրացավ երրորդ հորիզոնական: Ավելի շատ հաղթանակներ տարել են միայն Անդոնի Սուբիսարետան (333) եւ Իկեր Կասիլյասը (334):
ՖԱՆՏԱՍՏԻԿ ՌԵԿՈՐԴ
Իտալիայի Ա սերիայի հերթական տուրում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Լացիոյին»: Թուրինցիների երկրորդ գոլը հեղինակել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը պատմական նվաճման է հասել: Ֆուտբոլիստը Ա սերիայի պատմության ընթացքում 24 տարվա մեջ դարձել է առաջին խաղացողը, որը 8 անընդմեջ արտագնա խաղում աչքի է ընկնում խփած գոլով: Պորտուգալացին խփած 15 գոլով Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուների շարքում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` իրենից առաջ թողնելով «Սամպդորիայի» առաջատար Կուաիգլարելային: