«ՓՈԽԱՆԱԿ ԱՇԽԱՏԵՆ, ՓՆՈՎՈՒՄ ԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Գոռ Սուջյանը: Նա խոսել է իր նախասիրությունների, բնավորության գծերի եւ երգարվեստում իր առաքելության մասին:

-Գո՛ռ, օրը բացվելուն պես շտապում եք…
-Սրճել: Առհասարակ, սուրճի սիրահար եմ:
-Օրվա ո՞ր հատվածում եք Ձեզ զգում «ինչպես ձուկը ջրում»:
-Երեւի թե երեկոյան: Երբեմն էլ առավոտ վաղ եմ սիրում արթնանալ եւ այդ ժամանակահատվածը վայելել:
-Շարունակե՛ք միտքը. «Մարդիկ կդադարեն քննարկել ուրիշներին, եթե…»
-Եթե փորձեն հանել իրենց աչքի գերանը:
-Ի՞նչ եք կարծում, որ դեպքում է կինն ինքնավստահ:
-Ես դա կանանց փոխարեն չեմ պատասխանի (ծիծաղում է):
-Նույնիսկ Ձեր կյանքի ամենադժվար փուլերում փորձել եք…
-Վստահել եմ Աստծուն:
-Ձեր եւ Աստծո միջեւ հայր-որդի՞, թե՞ ընկերական հարաբերություններ են:
-Երկուսն էլ:
-Քչերը Ձեզնից կսպասեն, բայց…
-Վերջերս զբաղվում էի Ջուն Ֆան Գունգ Ֆու մարտարվեստով: Ութ ամիս զբաղվել եմ դրանով, միայն վերջին ամսում է, որ ժամանակի սղության պատճառով չի ստացվում: Կարեւորում եմ ֆիզիկական պատրաստություն ունենալը, ինքնապաշտպանություն սովորելը, առույգ եւ առողջ լինելը:
-Ո՞րն է Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Սովորաբար բամբասանքը զվարճալի չի լինում… Այս պահին չեմ հիշում:
-Ի՞նչն է կնոջը գեղեցիկ դարձնում:
-Բնությանը մոտ լինելը, թեպետ վերջին շրջանում դրանից շեղվելն է դարձել ակտուալ:
-Չեք ներում…
-Գլոբալ առումով նման բան չկա. մարդկանց ներելը կյանքի կարեւոր պայմաններից է:
-Դուք կարող եք շատ իրավիճակների հետ հաշտվել, բայց ոչ երբեք…
-Երեւի թե կրկնվեմ, բայց էլի պետք է ասեմ՝ ոչ երբեք արհեստականության: Վերջին շրջանում մարդուն փորձում են փոխարինել անգամ ռոբոտով: Աստծուց, բնությունից շեղող ոչ մի բանի հետ հաշտվել չեմ կարող:
-Երբ թվում է, թե ամեն ինչ կորած է…
-Գտնում եմ ելք Աստծո օգնությամբ:
-Ձեզ սովորաբար դավաճանել են այն մարդիկ, որոնք…
-Չկա ընդհանուր բնութագիր, բայց գլոբալ առումով դավաճանություններ եղել են մանուկ հասակում, ոչ հասուն տարիքում:
-Երգարվեստում կա՞ մի երեւույթ, որի հետ այդպես էլ չհամակերպվեցիք:
-Չեմ սիրում, որ մարդիկ, փոխանակ աշխատեն, քննադատում են, փնովում են ուրիշներին: Ես փորձում եմ ոչ թե որակումներ տալ, այլ ստեղծագործել: Մյուսներին էլ խորհուրդ եմ տալիս այդպես վարվել:
-Ո՞րն է ավելի հոգեհարազատ՝ զբոսանք նավակո՞վ, թե՞ հեծանիվով:
-Երկուսն էլ, չնայած նավով քիչ է բախտ վիճակվել շրջել:
-Եթե ընկերների հետ հանդիպում, ապա փաբո՞ւմ, թե՞ բնության գրկում:
-Եթե տարիներ առաջ այս հարցը տային, կասեի` փաբում: Հիմա կոնկրետ տեղեր չկան: Ավելի շատ հանդիպում ենք մեր տանը:
-Նվերը պետք է անակնկալ լինի՞, թե՞ Ձեր ընտրությամբ:
-Կախված է իրավիճակից: Բայց, ինչպես շատերը, ես էլ սիրում եմ անակնկալներ:
-Որպես արտիստ` ո՞րն եք համարում Ձեր առաքելությունը:
-Այս փուլում համագործակցում եմ Project LA-ի հետ. շունչ ենք տալիս հայ դասականների գործերին: Իսկ, առհասարակ, իմ առաքելությունն եմ համարում մարդկանց մեջ բնություն արթնացնելը, նպաստելը, որպեսզի պահեն հոգեւոր արժեքները: Առանց դրանց մարդիկ կսկսեն առաջնորդվել միայն բնազդներով, իսկ դա լավ տեղ չի տանի: Ուզում եմ, որ երաժշտությունը ծառայի հենց այդ հոգեւորին:
-Շա՞տ ընկերներ ունեք, թե՞ մի քանիսը, բայց տարիներով փորձված:
-Շատ չէ, բայց ունեմ:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:
-Ընկեր ընտրելիս քասթինգ չեմ անցկացնում, ամեն բան ինքնըստինքյան է ստացվում:
-Ո՞վ է այն արտիստը, որն այսօր ոգեշնչում է Ձեզ:
-Երկու հոգու անուն կտամ՝ Սթիվի Ուանդեր եւ Սթինգ: Առհասարակ, ինձ լցնում է որակյալ երաժշտությունը: Անգամ ժանրային սահմանափակում չեմ դնի:
-Հայ արտիստներից ո՞վ կամ ովքե՞ր են խոստումնալից` ըստ Ձեզ:
-Փոքրուց սիրել եմ «Կատուներ», «Բամբիռ» խմբերին, հիմա, օրինակ, «Նեմրա»-ին:
-Ո՞րն է Ձեր ներաշխարհի ներկայիս գույնը:
-Տարբեր գույների միքս է:
-Իմ ո՞ր հարցը Ձեզ ավելի շատ տպավորեց:
-Հենց այս հարցը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՖԵՅՔԵՐՆ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԳՑԵԼ»
«20-25 տարի առաջ քանդածը հնարավոր չէ մեր երկրում միանգամից վերականգնել: Քաղաքական դաշտը ես նմանեցնում եմ թատրոնին: Ինչպես որ ռեժիսորը, դերասաններն են ամիսներով աշխատում ներկայացման վրա, որպեսզի գոհացնեն հանդիսատեսին, այնպես էլ ղեկավարությունն է աշխատում: Երկուսն էլ ժողովրդի համար են աշխատում, պարզապես թատրոնը՝ 300 հոգու համար, ղեկավարությունը՝ 3 միլիոն հոգու: Տարիներ են պետք, որպեսզի ղեկավարության աշխատանքի արդյունքը ճաշակենք: Ամեն դեպքում, համոզված եմ, որ ապագան լուսավոր է լինելու»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման կարծիք հայտնեց դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ներկայիս իշխանության գործելաոճին եւ հանրային պահանջին:
Մեր դիտարկմանը, թե ակտիվ կերպով հակաքարոզչություն է տարվում եւ փորձ է արվում ամեն կերպ ներկայացնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այլեւս առաջվանը չէ, դերասանը հակադարձեց. «Չէի ասի: Փաշինյանի վարկանիշը ֆեյքերն են փորձում գցել, իսկ իրականում նա նորմալ դիրքերի վրա է: Բացի այդ, մի բան էլ ասեմ. նորմալ է, որ քաղաքական գործչի վարկանիշը տատանվի, այն չի կարող ամեն պահի իր պիկի վրա լինել»:
Անդրանիկը հավելեց, որ ՀՀ կառավարությունից մի ակնկալիք ունի. որ հայ ազգն ապրի բարեկեցիկ կյանքով, որ սոցիալական առումով հավասարություն տիրի երկրում:
Մենք մի փոքր էլ խոսեցինք ստեղծագործական կյանքից: Անդրանիկը տեղեկացրեց, որ «Դեպուտատի շոու»-ի 3-րդ տեսահոլովակն են պատրաստում, այս անգամ եւս հայտնի աստղի հետ: Դերասանը, սակայն, փակագծերը չբացեց: Միայն նշեց, որ այն նվիրված է լինելու Ռուսաստանի, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների մեր «խոպանչիներին»:
Դերասանը նաեւ նշեց, որ ստեղծագործական կյանքում բուռն շրջան է. «Մարտ ամսին համերգներով հանդես կգանք Եվրոպայում: Կյանքը եռում է, չեմ բողոքում: Տարին լավ է սկսվել, մնում է՝ լավ էլ ընթանա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս