Հայաստանը կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքը ճանաչած 1-ին պետություններից էր. Արարատ Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Այսօր կանանց միջազգային օրն է։

Այս օրը հիանալի առիթ է ոչ միայն սեր, հարգանք եւ հոգատարություն ցուցաբերելու կանանց նկատմամբ, այլեւ եւս մեկ անգամ խոսելու իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, կանանց դերի բարձրացման, կանանց հասարակական եւ քաղաքական մասնակցության մասին։

Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով՝ Փառանձեմ թագուհուց մինչեւ Սոսե մայրիկ, Զապել Եսայանից մինչեւ Սիլվա Կապուտիկյան։ Հայաստանի առաջին Հանրապետությունը կանանց ընտրելու եւ ընտրվելու իրավունքը ճանաչած առաջին պետություններից էր, խորհրդարանում ուներ կին պատգամավորներ։ Առաջին հանրապետությանն էր պատկանում նաեւ նորագույն ժամանակաշրջանի առաջին կին դիվանագետն ունենալու պատիվը՝ ի դեմս Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Դիանա Աբգարի (նկարում)։

Մինչդեռ մեր հասարակության մեջ ցայսօր երբեմն տեղ ունեն կանանց իրավունքների եւ ազատությունների ստորադասումը, ոտնահարումը եւ անգամ կանանց նկատմամբ բռնությունը՝ երեւույթներ, որոնք պայմանավորված են դարեր շարունակ օտար կրոնների եւ մշակույթների ազդեցությամբ եւ պատմականորեն ու քաղաքակրթական առումով բացարձակապես խորթ են հայկականությանը, հայկական միջավայրին։

Նոր Հայաստանում մենք պարտավոր ենք միասին ստեղծել բոլոր հավասար պայմանները, որոնք թույլ կտան կանանց ազատորեն ստեղծագործել, արարել եւ իրենց ծանրակշիռ ավանդն ունենալ հասարակության եւ պետության ամրացման գործում։

Սիրելի կանայք,

Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ»։




Լրահոս