Ընկերներն ու զինակիցները «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցեցին Սմբատ Այվազյանի հիշատակին. նա կդառնար 60 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սմբատ Այվազյանի հարազատները, ընկերները և զինակիցները «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ պետական, ռազմական և քաղաքական գործչի հիշատակին, ով մարտի 10-ին կդառնար 60 տարեկան։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ իր գիտակից կյանքի հիմնական մասն անցել է Սմբատ Այվազյանի հետ։ «Նրա համար առջնահերթը, միանշանակ, հայրենիքն էր։ Եվ իր կենսագրությամբ Սմբատը դա հիմնավորել ու ապացուցել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Սմբատ Այվազյանը նաև լուրջ քաղաքական գործիչ էր՝ լսելու ունակություն ունեցող մարդ։ «Սմբատն այն քչերից էր, որ քաղաքական դաշտում կարողանում էր լսել, մտածել, նոր խոսել»,- հավելեց «Հանրապետություն» կուսակցության նախագահը։

Սմբատ Ժիրայրի Այվազյանը ծնվել է 1959 թ. մարտի 10-ին, Երևանում։ 1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի մասնագիտությամբ, 1982-1988թթ. աշխատել է որպես տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում։

Սմբատ Այվազյանը 1991թ. նշանակվել է ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ, 1994-1998թթ. աշխատել է «Սապֆիր» գործարանի տնօրեն։

Նա 1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում, 1992թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սևանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ և ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար։

Սմբատ Այվազհանը 1990-1995թթ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք)։ ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ էր։ 1995-1999թթ. եղել է ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք)։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ 1998 թ. եղել է «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա՝ նախագահ։

Նա 1998թ. նշանակվել է ՀՀ հարկային տեսչության պետ, 1999-2000թթ. զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների նախարարի պաշտոնը։

Սմբատ Այվազյանը ՀՀ ԱԺ երրորդ գումարման (2003-2007թթ.) պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից։ Ակտիվ մասնակցություն է ունեցել 2008-ին սկսված Համաժողովրդական շարժմանը։ 2008-2009 թթ. եղել է դատապարտված մարտի 1-ի գործով։

Նա 2001-2014թթ. «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր։

Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։




Լրահոս