ԿԳՆ-ի և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: Շնորհավորելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ այս հուշագրի ստորագրմամբ ևս մեկ քայլ է արվում՝ կրթության ոլորտ-մասնավոր հատված համագործակցության առումով: «Գիտեք, որ հատկապես վերջին ամիսներին մենք շատ ենք խոսել ու նաև գործել բիզնեսին կրթության ոլորտ բերելու ուղղությամբ՝ նրանց առաջարկելով մեր կրթական ծրագրերը և ծառայությունները:

Անցյալ տարի մի շարք պայմանագրեր են ստորագրվել, և այսօր հերթական հուշագիրն է կնքվում գերմանական հայտնի հսկաներից մեկի՝ «ԿՆԱՈՒՖ» ընկերության հետ, որը ներկայացված է մեր երկրի շինարարության ոլորտում: Հուշագրի արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում կվերապատրաստվեն մասնագետներ, ինչպես նաև ընկերությունը հնարավորություն կստեղծի այստեղ լաբորատորիա հիմնել: Արդյունքում՝ ժամանակակից սարքերով և տեխնիկայով կնախապատրաստենք մասնագետներ և նրանց կփոխանցենք լավագույն գիտելիքներն և հմտությունները:

Բացի այդ, լաբորատորիան կնպաստի շինարարական ոլորտում նոր տեխնոլոգիաների օգտագործմանը: Իսկ այն, որ գերմանական ընկերությունները հաջողված փորձ ունեն այս ոլորտում, դրա բազմաթիվ վկայություններ կան: Միջին մասնագիտական կրթության ոլորտում Գերմանիայում և հարակից երկրներում ընկերություններն ակտիվ համագործակցում են ուսումնական հաստատությունների հետ, և այս առումով մենք ողջունում ենք մեր գործընկերների քայլը՝ միասին ՄԿՈՒ հաստատությունները պատշաճ մակարդակի բերելու համար»,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հետագայում կընդլայնվեն համագործակցության շրջանակները՝ նմանօրինակ հնարավորություններ ստեղծելով նաև մյուս ուսհաստատությունների համար: «Սա փոխշահավետ համագործակցության օրինակ է, երբ ոլորտի ընկերությունները ներդրում են անում ուսհաստատությունում, որը հետագայում որպես մասնագետ վերադառնում է ոլորտ՝ այն ավելի զարգացնելով: Համոզված ենք, որ եթե բիզնեսն ակտիվ չհամագործակցի այս ոլորտում, ապա մենք մեծ դժվարություններ կունենաք որակի բարձրացման առումով»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանի խոսքով՝ «ԿՆԱՈՒՖ» ընկերությունը հիմնվել է դեռ անցյալ դարի 30-ականներին:

«Շուրջ 25 տարի առաջ ընկերությունը սկսել է աշխատել նաև ԱՊՀ շուկայում: Հայաստանում սա առաջին փորձն է. ներկայումս մշակվում են նոր մասնագիտության չափորոշիչներ, որի արդյունքում կպատրաստվեն համապատասխան մասնագետներ, ինչպես նաև կբարձրանան վարպետների մասնագիտական որակները»-, նշել է նա:

Նշենք, որ համաձայն հուշագրի՝ ԿԳ նախարարությունը պարտավորվում է՝ կատարելագործել նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության շինարարական ոլորտի մասնագիտությունների առկա պետական կրթական չափորոշիչները, ուսումնական ու մոդուլային ծրագրերը, մշակել նորերը, կատարել լրացումներ և փոփոխություններ ՄԿՈՒ մասնագիտությունների և որակավորումների ցանկում: Նպաստել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև շինարարական ոլորտի նորարարական տեխնոլոգիաներ պարունակող որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը: Նպաստել շինարարական ոլորտի մասնագիտությունների գծով նպատակային նախապատրաստմանը:

Շինարարական ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատություններում ուսուցման որակի բարելավման նպատակով ներդնել «ԿՆԱՈՒՖ» ընկերության կողմից մշակված ուսումնական ձեռնարկները և այլն:

«ԿՆԱՈՒՖ» ընկերության պարտականություններն են՝ մասնակցել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության շինարարական ոլորտի մասնագիտությունների նոր պետական կրթական չափորոշիչների և համապատասխան ուսումնական և մոդուլային ծրագրերի մշակմանը, աջակցել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման, դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը:

ՄԿՈՒ հաստատությունների հետ համատեղ օժանդակել սովորող երիտասարդների շրջանում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպմանը: Ցուցաբերել մեթոդական և տեխնիկական օժանդակություն «ԿՆԱՈՒՖ» ընկերության Ռեսուրսային կենտրոնների ստեղծմանը և ՄԿՈՒ հաստատություններում շինարարական ոլորտի նոր մասնագիտությունների ներդրմանը: Մասնակցել շինարարական որոլտի մասնագիտությունների համար դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակմանը:




Լրահոս