Մանրամասներ Զոհրաբ Մնացականյան-պատգամավորներ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ հանդիպում էր կազմակերպել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման հրավերը եղել է հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից, հանդիպման մասնակիցները եւս նրա կողմից էին ընտրվել: Ըստ այդմ, հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի անդամները եւ մի քանի այլ հանձնաժողովների նախագահներ:

Ինչպես եւ սպասելի էր, հանդիպումը բավական երկար է տեւել` երեք ժամից ավելի, եւ հարցերի շրջանակն էլ բավական լայն է եղել. չեն սահմանափակվել ի սկզբանե հայտարարված թեման քննարկելով: Հանդիպումը հիմնականում կազմակերպված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի թեմայի վերաբերյալ, սակայն գլոբալ քննարկում են ունեցել արտաքին ոլորտի առաջնահերթությունների, առաջիկա ծրագրերի շուրջ: Խոսվել է անգամ աֆրիկյան երկրների հետ հարաբարերությունները խորացնելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրեթե բոլոր պատգամավորները ակտիվ են եղել հանդիպման ժամանակ, բավական հարցեր են տվել, սակայն պատասխաններից եւ ընդհանուր հանդիպումից այնքան էլ գոհ չեն մնացել: Բանն այն է, որ նախարար Մնացականյանն այդպես էլ կոնկրետ պատասխաններ չի հնչեցրել: Չայած հանդիպումը փակ է եղել, սակայն նախարարը խուսափել է ազատ խոսելուց՝ ամեն բառի շուրջ կշռադատելով:




Լրահոս