ՀՀԿ-ն կակտիվանա մեկ ամսվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երբեմնի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, փետրվարի 14-ից հետո այլեւս գործադիր մարմնի նիստ չի անցկացրել: «Հին ու բարի» ժամանակներում, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, ամեն հինգշաբթի պարտադիր նիստեր էին անում, որից հետո հանդիսավոր կերպով պատմում այդ նիստում տեղի ունեցած քննարկումների մասին: Բայց ինչպես ասում են, հիմա փոխվել են ժամանակները, եւ ամենշաբաթյա նիստերի կարիք այլեւս չկա. ի վերջո, ՀՀԿ-ն` որպես կուսակցություն, կամաց-կամաց «մարում է»:

Վերջին անգամ կուսակցության գործադիր մարմնի անդամները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնապես իրար գլխի են հավաքվել փետրվարի 14-ին, եւ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր: «Անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ քննարկվել է ՀՀԿ միջազգային կապերի խորացման ծրագիրը», – ասված էր հաղորդագրությունում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հստակ չկարողացավ պատասխանել, թե այս մեկ ամսվա ընթացքում նիստ չանցկացնելու պատճառները որոնք են: Միեւնույն ժամանակ, Թադեւոսյանի խոսքով, կուսակցությունում սովորական իրավիճակ է, ընթացիկ աշխատանքներ են, սակայն առաջիկայում համագումար չի սպասվում:

Ամեն դեպքում, նկատենք, որ ՀՀԿ գործադիր նիստերը վաղուց ձեւականություն են դարձել, քանի որ ղեկավար կազմի մի քանի անդամներ դադարեցրել են իրենց համագործակցությունը կուսակցության հետ եւ բնականաբար չեն մասնակցում այդ նիստերին: Բացի այդ, մի քանիսն էլ չնայած կուսակցության անդամ են, սակայն վաղուց չեն առնչվում կուսակցությանը եւ ոչ էլ նիստերին մասնակցում:

Նկատեցինք անգամ, որ կուսակցության պաշտոնական կայքէջից բացակայում են կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի մարմնի անդամների քանակն ու անունները: Սակայն Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե պատճառը միայն տեխնիկական է, կայքը վերազինման փուլում է, եւ առաջիկայում կուսակցությունը նոր, թարմացված կայք կունենա:

Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո կուսակցությունից չափազանց մեծ արտահոսք է եղել, եւ այդ առումով հետաքրքիր կլինի տեսնել, թե որքան մարդ է իրականում մնացել գործադիր մարմնի եւ խորհրդի կազմերում:

Իսկ ինչո՞վ են զբաղված կուսակցության անդամները: Հետեւելով վերջին շրջանում կուսակցության գործիչների ծավալած գործունեությանը` նկատում ենք, որ հիմնականում նրանք ակտիվ են օնլայն տիրույթում` փորձելով գտնել նոր իշխանությունների թեկուզ ամենափոքր թերությունները եւ դրա հաշվին քաղաքական դիվիդենտներ եւ կողմնակիցներ հավաքել:

Սակայն ակտիվ ՀՀԿ-ականներն էլ շատ չեն: Նույն համացանցում կամ հարցազրույցների տիրույթում ակտիվ են հիմնականում Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը, մյուսները փորձում են ավելի շատ կողքից հետեւել տեղի ունեցող գործընթացներին: Սակայն հետաքրքիր է, որ որքան էլ Արփինե Հովհաննիսյանը կասեցրել է կուսակցության անդամակցությունը, սակայն, ամեն դեպքում, օնլայն հարթակում նրա ակտիվությունը կրկին ՀՀԿ շահերին է միտված, եւ հասարակական գործունեության ոլորտում եւս նա փորձելու է մշտապես առաջ տանել հենց այդ կուսակցության շահերը:

Ամեն դեպքում, Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ-ում պատահական մարդ չէ, հասցրել է կարճ ժամանակահատվածում հայտնվել կուսակցության վերին օղակներում, դառնալ ԳՄ անդամ, զբաղեցնել ղեկավար պաշտոն նաեւ խորհրդարանում: Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը «Դավիթ եւ գործընկերներ» խորհրդատվական ընկերությունում իրականացնելու է մասնագիտական գործունեություն` գործընկերոջ կարգավիճակով: Այդ ընկերությունը հիմնադրել է Դավիթ Հարությունյանը, որը դե ֆակտո դեռեւս հանդիսանում է ՀՀԿ անդամ, սակայն նա էլ ակտիվ չէ, չնայած 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցության շտաբի պետն էր: Եվ այս իրավիճակում ՀՀԿ-ն իսկապես դժվարությամբ է կարողանում ԳՄ նիստեր գումարել, քանի որ բացակաները մեծաթիվ են լինում, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող ուժի անդամները գերադասում են փոքր-փոքր խմբերով առանձին հանդիպումներ ունենալ` հեռու լրատվամիջոցներից եւ մարդկանցից, եւ չհավաքվել Մելիք-Ադամյանում:

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական էր տվել, եւ, մեր տեղեկություններով, որքան մոտենա այդ օրը, այնքան իշխող ուժի անդամները սկսելու են ավելի սուր քննադատել նորընտիր իշխանություններին` փորձելով ապացուցել, որ այդ մեկ տարում կա՛մ ոչինչ չի փոխվել, կա՛մ նույնիսկ ամեն ինչ դեպի ավելի վատն է փոխվել: Ավելին, մեր տեղեկություններով` ապրիլի 23-ին հայտարարությամբ է հանդես գալու նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս